Լրահոս
Օրվա լրահոսը

«Բանդայի գործով» կասկածյալները վնասվածքներով են եղել, նրանց տրվել է միայն ասկոֆեն (Տեսանյութ)

Նոյեմբեր 11,2013 18:32

Banda_5 Banda_4 Banda_2 Banda_1Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ շարունակվեց բարձրաստիճան պաշտոնատար անձանց բնակարանային գողությունների գործով դատական հերթական նիստը:

Ապացույցների հետազոտման այսօրվա փուլը, թերեւս ամենաթեժն էր:

Այն ուղեկցվեց անգամ ամբաստանյալ Դավիթ Գալստյանի նկատմամբ դատական սանկցիա կիրառելով:

Ապացույցներից մեկի հետ կապված, երբ հայտարարությամբ հանդես եկավ ամբաստանյալ Արտուշ Հակոբյանի պաշտպան Հովիկ Արսենյանը, մեղադրող Սասուն Խաչատրյանն ասաց. «Այո, հնարավոր է», ամբաստանյալ Դավիթ Գալստյանը, որը նիստին գլխարկով էր նստած. տեղից ասաց.«Ձեր մոտ ամեն ինչ հնարավոր է»:

Դատավոր Մ.Պապոյանը մի քանի անգամ հորդորեց ամբաստանյալին գլխարկը հանել, սակայն նա պատասխանեց, թե տաքություն ունի, ցուրտ է, գլխարկը չի հանի:

Դատավորն ասաց, թե կկանչի շտապօգնություն, որպեսզի տեսնի, թե ամբաստանյալն իրո՞ք տաքություն ունի:

Եւ երբ պիտի ընդմիջվեր նիստը, ամբաստանյալը տեղից դարձյալ ռեպլիկ արեց:

Դատավորը 5 ժամով ամբաստանյալին հեռացրեց դատական նիստերի դահլիճից:

Այսօր հրապարակվեցին ամբաստանյալներ Արթուր Մանուկյանի, Քյարամ Ամոյանի, Դավիթ Գալստյանի, Սամվել Դավթյանի ինչպես ձերբակալվածների պահման վայրում տրված, այնպես էլ հետագայում տրված դատաբժշկական փորձաքննության արձանագրությունները:

Ամբաստանյալներն իրենց մարմնի տարբեր մասերին՝ ձեռքերին, դաստակին, ոտքերին, դեմքին, աչքին, գլխին ունեցել են կոտրվածքներ, այտուցներ, սալջարդ վերքեր, որոնք հասցվել են բութ առարկայի միջոցով:

Դրանք հասցվել են ոստիկանության աշխատակիցների կողմից:

Դավիթ Գալստյանի հոգեբուժարանից տրված 87 էջից բաղկացած հիվանդության պատմությունից պարզ դարձավ, որ նա անձի էմոցիոնալ խանգարումներով է, ինքնավնասման հակումներով, անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր  բուժման:

Երբ հրապարակվում էին ամբաստանյալ Արտուշ Հակոբյանի ընկերոջ, նրա հետ առնչություն չունեցող բնակարանատերերի բնակարանների խուզարկության արձանագրությունները, պաշտպան Հովիկ Արսենյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ իր պաշտպանյալի ընկերների բնակարաններն արգելանքի տակ են մինչ այս պահը, իսկ Վառլամ Հակոբյանի ԱՊԸ-ում հայտնաբերված զենքը պատկանել է պահակ Համբարձում Սիմոնյանին:

Հրապարակվեց Համբարձում Սիմոնյանի այն հայտարարությունը, համաձայն որի, բազմոցի տակ թաքցված փայտե բռնակով զենքն իրենն է, ԱԿՄ փամփուշտները նույնպես պատկանել են իրեն:

Հրապարակվեց հանգուցյալ, ամբաստանյալ Արման Դալաքյանի ինքնախոստովանական ցուցմունքը: Նա ասել էր, թե ինչպես են հայտնվել Լինսի հիմնադրամի պատասխանատուներից մեկի ՝ Բեզոյաններին պատկանող, Ավանում գտնվող տանը, ինչպես է հանգուցյալ Գուրգեն Հայրապետյանը «դեպքի վայրում» իրեն տվել 1000 դոլար գումար «աթանդա» կանգնելու համար: Հանգուցյալ Արման Դալաքյանը նաեւ ասել էր, որ Գուրգեն Հայրապետյանի հետ (նրան առաջինն են վնասազերծել ոստիկանները –Ռ.Մ.) ծանոթացել էր նրա ընկերոջ ՝ Արթուրի միջոցով: Սա հունից հանեց ամբաստանյալի պաշտպան Հ.Արսենյանին, որը տեղեկացրեց, որ խոսքը հանգուցյալ «Արջ» մականունով Արթուր Սուքիասյանի մասին է, իսկ Գուրգենը չէր կարող ծանոթացնել նույնպես հանգուցյալ Արմանի հետ, քանի որ նա դատապարտված է եղել նախ Ռուսաստանում, ապա հայտնի չէ, որտեղ է ծանոթացրել:

Դատարանին պաշտպանը միջնորդեց, որպեսզի Ա. Դալլաքյանի 2011 թ. մայիսից մինչեւ սեպտեմբերի 27-ը հեռախոսային խոսակցության վերծանումները տրամադրվեն:

Դատարանը բավարարեց այդ միջնորդությունը, ինչը ժամանակին պիտի աներ նախաքննություն իրականացնող մարմինը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930