Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքապետի օգնականը հանդիպել է «Մատչելի միջավայր բոլորին» քայլարշավի մասնակիցների հետ

Նոյեմբեր 15,2013 18:26

Քաղաքապետ Տարոն Մարգարյանի օգնական Սամվել Մերթարջյանը Երևանի քաղաքապետարանի շենքի մոտ հանդիպել է «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության նախաձեռնած «Մատչելի միջավայր բոլորին» խորագրով քայլարշավ-ակցիայի մասնակիցներին, ովքեր քաղաքապետարան էին եկել նոր կառուցվող և վերանորոգվող շենքերում մատչելիության չափորոշիչների խախտման վերաբերյալ իրենց նամակը քաղաքապետին փոխանցելու համար:

Նամակում ակցիայի մասնակիցները մասնավորապես նշել էին մայրաքաղաքի կրթական, մշակութային հաստատություններում և հանրային նշանակության այլ կառույցներում մատչելիության ապահովման, ավտոկայանետեղիներում հատուկ տեղերի առանձնացման և ազատ ու անխոչընդոտ տեղաշարժ ապահովելուն վերաբերող մի շարք հարցեր ու առաջարկություններ: Երթի մասնակիցների հետ զրույցի ընթացքում քաղաքապետի օգնականը նշել է, թե հաճելի է փաստը, որ հենաշարժողական սահմանափակ կարողություններ ունեցող անձանց խնդիրները հուզում են ոչ միայն հասարակության տվյալ խմբի անձանց: Այնուհետև, պատասխանելով երթի մասնակիցների, նաև՝ լրագրողների հարցերին, քաղաքապետի օգնականը նշել է, որ խնդրո առարկա հարցերի ուղղությամբ Երևանի քաղաքապետարանն արդեն երկրորդ տարին անընդմեջ ձեռնարկում է հստակ և նպատակային քայլեր: «Քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ Երևան քաղաքի պատմության մեջ առաջին անգամ, մայրաքաղաքն առավել մատչելի դարձնելու նպատակով, 2013 թվականի համայնքային բյուջեում առանձին տողով թեքահարթակներ կառուցելու նպատակով նախատեսվեց հատկացնել 20 մլն դրամ: Ու հատկանշական է, որ յուրաքանչյուր թեքահարթակի համար նախագծվեց դրա իրականացման տեղանքին համահունչ նախագիծ՝ պահպանելով անհրաժեշտ բոլոր նորմերը», – նշել է քաղաքապետի օգնականը:

Սամվել Մերթարջյանի խոսքով՝ մինչև այս ամսվա վերջ արդեն կունենանք շուրջ 80 նման թեքահարթակ: Բացի այդ, ինչպես նշել է քաղաքապետի օգնականը, շուրջ 190 թեքահարթակ էլ նախաձեռնվել ու կառուցվել է կապիտալ վերանորոգվող փողոցներում: Այդ աշխատանքները կատարվել են կապալառուների և շինարարական կազմակերպությունների հետ համաձայնեցված, ընդ որում՝ բացառապես նրանց միջոցներով:

Քաղաքապետի օգնականն առանձնակի կարևորել է նաև այս տարի քաղաքապետին կից ստեղծված Երևանի քաղաքային համայնքի զարգացման քառամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի կազմում սահմանափակ կարողություններ ունեցող անձանց հիմնախնդիրներով զբաղվող շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչների ընդգրկվելու հանգամանքը, ինչը, ըստ նրա, հնարավորություն է ընձեռում հիմնախնդիրների լուծման մասով անմիջական առաջարկներ ներկայացնելով սահմանել առաջնահերթություններն ու հետզհետե լուծումներ տալ դրանց:

Սամվել Մերթարջյանը հավաստիացրել է, որ մայրաքաղաքն ավելի մատչելի դարձնելու շրջանակում 2014 թվականին թեքահարթակների կառուցման ծրագիրը շարունակվելու և ընդլայնվելու է: Բացի այդ, քաղաքապետարանը նաև նախատեսում է մայրաքաղաքի տարբեր երթուղիներում որոշ ավտոբուսներ հարմարեցնել սահմանափակ կարողություններով մարդկանց ազատ տեղաշարժն ապահովելուն: «Ինչ խոսք, բոլորս էլ գիտակցում ենք, որ մատչելի քաղաք ունենալուն հասնելու համար անելիքներ դեռ շատ կան, և ոչ ոք դա չի հերքում, բայցև պետք է արձանագրենք, որ քաղաքապետարանը նոր թեքահարթակների կառուցումը նախաձեռնելուց բացի, նաև որոշակի աշխատանքներ է տանում նախկինում կառուցված թեքահարթակները սահմանված չափորոշիչներին համապատասխանեցնելու ուղղությամբ, ինչը հետզհետե ավելի մեծ թափ կստանա: Այս համատեքստում արժևորում եմ այդ հիմնախնդիրերով զբաղվող շահագրգիռ անձանց և կազմակերպությունների մասնակցությունն աշխատանքների իրականացման փուլում», – ընդգծել է Սամվել Մերթարջյանը: Հանդիպման ավարտին երթի մասնակիցները նշել են, որ սկզբունքորեն գոհ են հանդիպման արդյունքներից, իսկ վերջնական գնահատական կտան արված աշխատանքը տեսնելուց հետո միայն:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության  և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930