Լրահոս
Օրվա լրահոսը

Արժեքները և Եվրոպային հայհոյողները

Դեկտեմբեր 01,2013 21:50

Իմ երիտասարդ ընկերներին

Արժեքներ ունենալը դժվար բան է: Արժեքները մնում են հին, բայց և նորանում են, և նրանց նոր ձևակերպման մեջ հինը տեսնել ուղղակիորեն դժվար է: Մարդու Իրավունքների համակարգի արժեքները՝ որ Եվրոպան և Արևմուտքն են ձևակերպել՝ ու դարձրել ամբողջ աշխարհի հիմնարար արժեքներ, իհարկե գալիս են աստվածաշնչից: Եվ դժվար չէ տեսնել այդ կապը: Սակայն այն հասարակությունը, ում արժեքները խարխլվել են՝ իր ինքնադավաճան և ուրիշների դավաճան երկարատև գործունեության ընթացքում՝ չգիտի, ինչ է նշանակում արժեքներ ունենալ: Նրա կաշառակեր, բարոյազուրկ մեծամասնությունն արժեքին վերաբերում է այնպես՝ ինչպես Դերենիկ Դեմիրճյանն է ասել իր «Հայը» գործում՝ դեռ 1920 թվին. եկեղեցի է կառուցում, բայց կյանքում ոչ մի անգամ չի աղոթի: Իսկ ակտիվ, հիասթափ, փնտրող, նորը ցանկացող փոքրամասնությունը, ավաղ, հաճախ էմոցիան խառնում է գործի հետ, գիտելիքի պակաս ունի, և չի պատկերացնում, ինչ է իրականում նշանակում արժեքին հավատարիմ լինել, ինչ բարդ, համակարգային գործողություն է դա՝ լինել արժեքին հավատարիմ և միաժամանակ զոհ չգնալ կյանքի օրենքին, որտեղ հաճախ կատաղի մրցակցությունն է թագավոր:

Որ հասկանանք՝ ինչ է նշանակում արժեքին հավատարիմ լինել՝ կարելի է նայել կաթոլիկ եկեղեցու պատմությանը. նրա վերուվարումներին, այն երեսպաշտությանը՝ որ այն ներարկել է իր հոտին դարերի ընթացքում միաժամանակ ցուցաբերելով հերոսություն՝ իր միսիոներների, ասենք, տեսքով, որոնք աշխարհի բոլոր անկյուններում աշխատելով դարեր շարունակ ընդլայնել են իր հոտը: Հիշու՞մ եք անեկդոտը կաթոլիկ քահանայի մասին, որին աղջիկն ասում է՝ երեք անգամ մեղք եմ գործել, իսկ քահանան պատասխանում է՝ ես կոտորակներից թույլ եմ, գնա մեկ անգամ էլ գործիր, հետո երկու անգամ աղոթիր և քեզ ազատ համարիր: Կյանքը՝ մի բան է, արժեքը՝ մեկ այլ, ասում է այդ մոտեցումը, և նրանք պիտի ձև գտնեն համակեցության: Եվ հումորն ու տոլերանտությունը՝ հանդուրժողականությունը, նույնպես դրա մասն են՝ քրիստոնեական, եվրոպական ու արևմտյան արժեհամակարգի: Ինքնաքննադատությունը նույնպես՝ շատ կարևոր:

Որ հասկանանք, ինչ է նշանակում արժեքին հավատարիմ լինել դիվանագիտության ասպարեզում՝ պիտի հասկանանք, որ գիտությունը, շահն ու արժեքը միասին են քննարկվում դիվանագետի ուղեղում: Նա կարող է չասել ճշմարտությունը, կարծես թե դավաճանելով արժեքին, բայց հանուն այդ արժեքին հասնելու ապագայի:

Քաղաքականությունը կեղտոտ բան է: Միշտ և ամենուր մնում է այդպիսին: Բայց ինչպես Բորիս Ստրուգացկին է ասում՝ պրոգրես, համենայն դեպս, կա, թեև՝ դանդաղ, որովհետև քառասուն հազար տարի առաջ կողքինիդ սպանելը բնական արարք էր համարվում՝ եթե պետք է: Նույնիսկ սպանելուց հետո կարելի էր ուտել: Հետո ուտելն արգելվեց: Հետո՝ սպանելը: Ավելացնենք՝ հիմա զարգացման թափն ու ընթացքն ահագնացել են, ահագնանում են: Ծաղիկ հիվանդությունն աշխարհից վերացել է. նոր սերունդ եմ ես համարում այն սերնդին՝ որ չունի ծաղկի դաջվածք իր թևին: Կյանքի տևողությունն աշխարհով մեկ ավելացել է: Գրագետ մարդկանց քանակը: Երեխաների մահացման մակարդակն ընկել է:

Եվ այդ ամենն արել է Եվրոպան և Արևմուտքը՝ իսկ մնացած աշխարհը շատ ավելի քիչ: Սկզբում նրանք դա արել են իմպերիալիզմի միջոցով՝ գրավելով մշակույթներ և ստիպելով, դաժանորեն, զարգանալ: Նաև՝ թալանելով նրանց որքան կարող էին: Որ իրենք զարգանան: Որ հետո նրանց զարգացնեն:

Հետո՝ քսաներորդ դարի երկրորդ կեսից՝ իրենց լավը կուտակած հասկացել են, փոխվել, խելքի եկել մեծ արհավիրքներից հետո՝ ու սկսել են անել այլ միջոցներով: Ոչ միշտ և ոչ բոլորը, բայց ընդհանուր առմամբ՝ շարժելով աշխարհը դեպի լավը:

Միայն նրանք: Ոչ երկփեղկված Չինաստանը, ոչ էլ հաճախ դեպի հետամնացություն առաջնորդող այլ մշակույթները, կամ զարգացման անհնարինությամբ տառապող այլ մշակույթները: Ոչ էլ նորօրյա իմպերիալիզմի ջատագովները՝ պուտինյան Ռուսաստանի օրինակով:

Կասեք՝ ինչ տարբերություն երեսպաշտ հայի՝ որ եկեղեցի է կառուցում ու չի աղոթում՝ և երեսպաշտ եվրոպացի պաշտոնյայի միջև՝ որ արժեքների անունից է խոսում, բայց ընդունում է Հայաստանում կատարված անիրավությունն ու անիրավին լեգիտիմություն հաղորդում: Կասեմ՝ վերջինս, իհարկե, կարող է նույն պատճառով գործել ինչ առաջինս՝ իր մանր շահից ելնելով, կարող է կոռումպացված լինել, մարդ ես, ամեն մարդ էլ կարող է ջիջիլի ենթարկվել: Բայց ավելի հաճախ՝ դրա պատճառը գիտությունն է ու մեծ շահը: Գիտությունն ասում է՝ այլերի համեմատ այս ղեկավարն այնքան էլ անլեգիտիմ չէ: Ամեն ինչ համեմատության մեջ է դիտարկվում, և դա էմպիրիկ գիտության ուժն է: Գիտությունը նաև ասում է՝ դիվանագիտությունն այն չէ, որ միշտ քյասարով ասես մտքինդ (դա, կրկին Դեմիրճյանի կլասիկ դիտարկմամբ՝ հայկական դիվանագիտությունն է՝ ընդմիջվող՝ մանր, ոչ ոքի չխաբող, խաբկանքների փորձերով, որոնք նույնքան ծիծաղելի դիվանագիտություն են՝ որքան և քյասարով ուզածդ ասելը). կարելի է հասկացնել այլ միջոցներով:

Գիտությունը նաև ասում է. երբեմն չքննադատելով, այլ ոգևորելով կարելի է ավելիին հասնել՝ քան քննադատելով: Ոչ մի ուսուցիչ չի կարող նախապես գարանտիա տալ՝ որ ոգևորելու իր մոտեցման շնորհիվ տվյալ աշակերտն իր սխալները կուղղի: Բայց ստատիստիկորեն, մասսայաբար՝ գիտությունը պարզել է, որ ոգևորելն ավելի ճիշտ քաղաքականություն է, քան հույսը կտրելը՝ կոպիտ քննադատությամբ:

Հետո՝ շահը: Այս երկրամասը՝ այս մշակույթը, իր հաջողություններին հասել է՝ իր շահը չմոռանալու շնորհիվ: Ի՞նչ օգուտ կլիներ, եթե նա իր քարոզն ասեր ու՝ պարտվեր: Եվս մեկ Քրիստոս: Դա է տարբերությունը Քրիստոսի ու Արևմուտքի միջև՝ որովհետև Արևմուտքն այլ նպատակ է դրել՝ իրական կյանքում, և ոչ թե միայն խորհրդանշորեն. հասնել հաջողության, որը նշանակում է՝ մարդկանց բարօրության մակարդակի բարձրացման:

Իրական կյանքումը շատ ավելի բարդ խնդիր է, քան քյասարով մտքինդ ասելն ու հետ քաշվելը, ինչպես նաև նույնիսկ՝ ինքնահրկիզվելն ու խաղից դուրս մնալը: Ինձնից հետո՝ թեկուզ ջրհեղեղ–դրանից ինչո՞վ է ավել ինքնահրկիզվելը: Իսկ դու ապրիր, փորձիր իրական կյանքում ուրիշներին օգնել՝ այ կասեմ՝ հերոսություն է: Դա է շահը՝ նախ և առաջ պինդ եղիր՝ որ կարողանաս, տեղ ունենաս, ռեսուրս ունենաս՝ արժեքդ տարածել: Դա է գիտությունը՝ որ ասում է շահը գիտական փաստ է, ոչ թե կամայական գռփավազքի արժեք:

Դու ինքդ գիտես դա՝ դու ինքնապահպան ես, դու անվտանգությունից ես խոսում: Դու ինքդ հրաժարվում ես ինքնահրկիզվել, ինքդ հրաժարվում ես արյուն թափել՝ այն պահից, երբ հասկացար, որ քո լեգիտիմ պահանջի դիմաց դիմացինդ պատրաստ է քո ու ուրիշի արյունը թափել: Դու ինքդ հրաժարվեցիր արյան գնով ուզածիդ հասնել՝ որպես եվրոպացի ու հայ՝ պատմությունը լավ զգալով ու լավ հասկանալով, որ այսօր դա անելը սխալ է, եթե դիմացինդ արյունռուշտ է՝ այլ միջոցներ է պետք փնտրել նրան հաղթահարելու:

Դու ինքդ ինքնապահպան ես: Իսկ ինքնապահպանման կարևորագույն միջոցներից մեկը՝ արժեքները պահպանելն է: Մի անգամ դավաճանիր արժեքներիդ, ևս մեկ անգամ՝ և արդեն մարդ չգիտի, ինքն ինչ է: Խոսքս իհարկե ճիշտ արժեքների մասին է: Դա էլ է կարևոր հասկանալ. արժեքը գիտություն է: Սխալ արժեքը կյանքին չի դիմանում, ճիշտն է դիմանում ու հաղթանակում. Եվրոպան վկա:

Ուրեմն, եթե դու ինքդ որոշել ես ծայրահեղություններից խուսափել (և լավ ես արել)՝ մի՛ պահանջիր, որ դիմացինդ այլ կերպ վարվի: Եթե նա ծայրահեղության մեջ ընկնի, մի անգամ սխալ հաշվարկ կատարի, ևս մեկ անգամ՝ Եվրոպայից բան չի մնա:

Եվրոպան դրանով է ուժեղ, որ որքան կարող է՝ խուսափում է անվերադարձ սխալներից: Դրա համար է նա այդպիսի դանդաղ համակարգ ստեղծել՝ երբ 28 առանձին պետություն պիտի առանձին-առանձին ամեն քայլը քննարկեն, համաձայնեցին՝ միայն այդ դեպքում միասնական գործեն:

Դա դանդաղ է, բայց՝ երաշխիք, գարանտիա: Ոչ թե որ սխալներ չեն լինի՝ այլ՝ որ անդառնալի, ճակատագրական սխալներ չեն լինի:

Մարդկային հանճարը շատ տառապեց՝ հետո եկավ այդ անսովոր, հակաբնազդային, արտառոց կուրուլտայի, ագորայի, սովետի, վեչեի ստեղծման գաղափարին՝ ինչպիսին է Եվրամիությունը: Եվ՝ աշխատում է: Միակ արդար ձևով: Շատ ավելի արդար՝ քան առանձին պետությունները: Ոչ թե մարդկանց որակից կախված՝ այլ համակարգի: Ոչ թե մեկ պետության ուժից կախված՝ այլ 28 պետության իմաստնությունից, խղճից: Իրար ոչ շատ վաղ անցյալում կոտորած, իրարից դարերով սրտնեղած այդ հասարակություններից ամեն մեկից առանձինը կարող է սխալվել, քսանութը՝ մանավանդ լսելով, տեսնելով կողքինի կարծիքը՝ մանավանդ ունենալով այդ պատմական փորձը՝ ի վերջո լավ են հասկանում, թե ում իղձն է եսասեր, ումը՝ նաև հանրօգուտ: Եվ որոշումներում առաջնորդվում են դրանով:

Նրանք այդքանը կարող են համաձայնեցնել: Մինչ այդ՝ այդքանն էլ հնարավոր չի եղել: Ասում են՝ դեմոկրատիան սարսափելի է՝ բայց նրանից դուրս մարդկությունն ավելի լավ բան չի հորինել: Ես կարծում եմ՝ հորինել է: Եվրամիության՝ որոշում ընդունելու համակարգը: Դա նոր դեմոկրատիա է, դեմոկրատիայի հաջորդ քայլը, նոր զարգացում՝ մարդկության ինքնակազմակերպման ներկապանակում:

Հետո՝ հարգանքը: Դա ավելի խոր պահ է: Ես քեզ ավելի եմ հարգում՝, քան դու ինքդ քեզ: Դու ինձնից սպասումներ ունես՝ իսկ ես չեմ պատրաստվում, որպես լավ ծնող, քեզ երես տալ: Դու պինդ ես (կասեր Հրանտ Մաթևոսյանը). մի հատ թող փորձեն սպանել՝ դիմացիր, տես հետո նորից կփորձեն՝ թե ոչ: Դու ինքնիշխան ես: Քեզ կգցենք ջուրը՝ դու դուրս կլողաս: Մենք սպարտացի չենք, բայց դա էլ է մեր մշակույթի մաս եղել. երեխու ոտքերը չենք բարուրում՝ թող դրսի օդի պաղությունը զգա, թող կոփվի:

Ուրեմն եթե դու, քո ժողովրդով, կաշառակեր ես ու հինգ հազար դրամի տեղակ (ինքն) իշխանություն ես ծախում՝ ուրեմն դա քո կոնսենսուսն է: Ուրեմն դա դու ես: Քեզ հարգելով՝ մենք ընդունում ենք քո ընտրությունը: Դու դժգոհ ես՝ մեղքը քո մեջ փնտրիր: Մենք քեզ ավելի ինքնիշխան ենք համարում՝ քան դու ինքդ քեզ: Գուցե գնահատես ու դառնա՞ս:

Քաղաքականությունը կեղտոտ բան է: Քիչ կան հաջողակ քաղաքական գործիչներ՝ որոնք և մաքուր են մնացել՝ բացարձակ իմաստով: Իսկությունը թաքցնելով, վերաձևակերպելով անգամ՝ նրանք իրենց խղճի հետ են խաղում: Բայց դա է այս խաղի օրենքը: Կա հսկայական տարբերություն մարդասպան քաղաքական գործչի ու գող քաղաքական գործչի միջև: Մեկի արարքն աններելի է, և դրա համար մինչև վերջերս արևմուտքում, իսկ նույնիսկ այժմ աշխարհի շատ ավելի գիշատիչ վայրերում՝ մարդասպանին սպանում էին: Իսկ գողին՝ ոչ: Երբ գողությունը մարդասպանության է բերում՝ մնում է մարդասպանը, ոչ թե գողը: Գողության էթիկական կանոնների մեջ մնալն ու դրանք չխախտելը, մարդասպան չդառնալը՝ նույնպես արվեստ ու տաղանդ է:

Էլ ավելի փոքր մեղք է սուտը: Դրա համար գրեթե ոչ մի պատիժ չի սահմանված: Կա նույնիսկ բարի սուտ: Ստից միայն մարդն ինքն է տանջվում՝ իր դաստիարակության համեմատ: Դաստիարակությունն այն է՝ թե ինչ չափով ես խիղճդ զարգացրել, զգայունացրել:

Մեղքերն իրարից բաժանելն ու բոլոր մեղքերին մի չափանիշով չմոտենալը՝ նույնպես պրոգրես է: Գիտություն:

Գիտություն է նաև առաջնայնությունը: Առաջնայնությունը համակարգում է նշանակում: Արժեքները հենց նրա համար են արժեք՝ որ արժեք ունեն, ուրեմն միմյանց կարող են հարաբերվել՝ մեկն առաջնային դառնա տվյալ հանգամանքում, մյուսը՝ երկրորդային: Եվ նորից՝ ռեսուրսի հետ կապված: Սկզբում արա այն՝ ինչ կարող ես, կհասցնես, իսկ թե տեսնում ես որ վեցը գործիցդ մեկը չի ստացվում՝ հետաձգիր, մի կողմ թող, որ մնացածներից գոնե մի քանիսը հաջողության հասցնես:

Որովհետև իրական կյանքում ծրագիր ձեռնարկելն ու հաջողության հասցնելը՝ արդեն հրաշք է:

Որովհետև կյանքի իներցիան խանգարում է մարդու մոգոնած ծրագրերի իրագործմանը:

Որովհետև ծրագիր ունենալն ու իրագործելը՝ արդեն մարդուն, Պրոմեթևսի պես, աստվածների դեմ է հանում. դա նախատեսված չէր:

Ուրեմն ուժերիդ չափով շարժվիր՝ որ պահպանես ու ավելացնես մշակածդ լավը: Քայլ առ քայլ: Առանց երեխային ջրի հետ տաշտից դուրս նետելու:

Գիտությունը և դիվանագիտությունը, Տեր-Պետրոսյանը կասեր, էմոցիա չէ: Կավելացնեմ՝ եթե նրանք էմոցիա օգտագործում են՝ ապա հաշվարկված, որպես համեմունք, կրկին՝ իրենց ծրագրի հաջողությանը հասնելու համար:

Ուրեմն, իհարկե, դուք ճիշտ եք, որ Արևմուտքը երկերեսանի է ու էր, ու Հայաստանի հանդեպ՝ հատկապես:

Բայց եթե դուք դա Արևմուտքին եք ասում՝ դա ճիշտ է, որովհետև դուք դրանով ասում եք՝ ես քեզ հետևում եմ, ես էլ քո չափ արևմուտք եմ, ես քո մասն եմ՝ քեզ քննադատում եմ, դու ինքնաքննադատ ես՝ ես էլ քեզ կքննադատեմ, իմացիր, որ դու քո իսկ շանսը փոքրացրիր՝ քո իսկ ծրագիրն իրագործելու համար, երբ մեզ դասեցիր ոչ այնքան կարևոր, առաջնային՝ ինչպես ընտանիքի հայրը՝ որ իր առանց այն էլ կարող փոքրիկին ավելի քիչ ուշադրություն է դարձնում՝ քան անհաջողակին: Դու մեզ ճիշտ չգնահատեցիր, մենք քո օգնության կարիքն ավելին ունեինք: Դու կարծում էիր մենք ինքնուրույն ենք՝ իսկ մենք անվստահ ենք, մեզ ուժ է պետք տալ, իսկ դու խլում ես մեզնից ուժը՝ ասելով, որ մենք հաջողեցինք այն հարցում՝ որում հաստատ տապալվեցինք:

Բայց երբ դուք դա ինքներդ ձեզ ու ձեր կողքիններին եք ասում՝ նախ և առաջ ամոթը պիտի խաղա: Ինչ Արևմուտք, ինչ հայր: Մենք ենք մեղավոր: Մենք չենք համոզել մեր երկրի ամեն բնակչին՝ որ ձայն ծախելն ամոթ է: Մենք ենք հանդուրժել այս վիճակը, անհանդուրժելին: Մենք չենք արել ինչ որ կարող էինք:

Իսկ եթե դա նկատի չունես՝ ապա սկսում ես խաղալ նրանց պարը՝ ով ամեն գնով ուզում է Արևմուտքի սրընթաց ընթացքը՝ քո արժեքների, քո մարդկության ապագայի սրընթաց ընթացքը կասեցնել՝ իր մանր հաշվի հանուն: Մեռիր դու այսօր, ես՝ վաղը՝ գուլագյան կարգախոսի հանուն:

Եվ կասկած է իմ մեջ առաջանում՝ որ դու անկեղծ չես, ուրիշի խաղն ես խաղում՝ քողարկվելով այդքան լեգիտիմ վրդովմունքի ու էմոցիայի մեջ:

Եվ կասկած է իմ մեջ առաջանում՝ որ դու արժանի ես այս պճեղիկ հայրենիքին ու այս ճղճիմ ճակատագրին, եթե այդքան բանը չես հասկանում:

Արժեք ունենալը չի նշանակում կուրորեն՝ ամեն անգամ հանուն դրա տապալվել: Դա շատ հայկական է՝ ուժ չունենալով՝ փորձել Եվրոպա կամ Ռուսաստան խաղացնել-խղճահարեցնել: Ազատության հրապարակը թողած՝ թղթե շերեփիկներով սատանի մայլի մեյդանում քյանդրբազության ախտից տառապել: Ու նվնվալ, որ տեսեք, իրենց փոքրիկ, շատ փոքրիկ եղբայրիկներին չեն օգնում, դավաճանում են (և քույրիկներին, չմոռանանք նաև քույրիկներին, չէ որ մենք գենդ… չէ, էդ «խայտառակ» բառը չեմ ասի, մի խոսքով՝ սեքսուալ… չէ, էլի չեղավ… սեռակա՞ն: Կարելի՞ է: – հավասարության կողմ ենք):

Եվրոպան մեթոդաբանապես ուրիշ է, խղճահարեցնելը կամ ծանոթով ու կաշառքով գենոցիդի ճանաչում մուրալը՝ խավիարային դիպլոմատիայի պես՝ դա միջնադար է, էն էլ համով խավիարին նախօրոք կրված: Միգուցե Ռուսաստանի ոմանց հետ դա դեռ անցնի՝ ինչպես կռվի ժամանակ մի յաշչիկ վոդկայի դիմաց մի երկու գրադ ստանալն ու գլուխ գովելը դրանով ու ռազմաստրատեգիական եղբայրություն գովերգելը, Եվրոպայի հետ դա չի անցնելու:

Արժեքն ուժ է: Մշակույթի հպարտությունն ու ուժը: Զվարթնոցի ու Գեղարդի ուժը: Մաքառման: Իրական կյանքից պոկած ու իրագործած ծրագրերի: Մենք չպիտի լինեինք: Բայց, Խորենացին կասեր, ծրագրեր ենք ձեռնարկել՝ և լինելով փոքր նույնիսկ՝ հաղթահարել ու մարդկությանը հայտ ներկայացրել: Արժեքն ուժ է՝ ճակատագիրը փոխելու: Միավորվելու: Տաս միլիոնանոց ազգի ուժը՝ աշխարհում, երբ Եվրամիության անդամ են ընդամենը մեկ միլիոնանոցներ նաև:

Արժեքը ձգտում է: Կյանքը ստիպում է ուղիղ ճանապարհից շեղվել՝ բայց արժեքը չես մոռանում: Դա է քո ապագան: Դա տելեոլոգիա է՝ նպատակաբանություն, ոչ թե մանր սպեկուլյացիա՝ էսօր էս արժեքը չտվին՝ էթամ ընդե, գուցե ընդե տան:

Կյանքը ստիպում է արժեքին ժամանակավորապես դավաճանել՝ բայց խիղճդ մեջդ կա, արժեքը չես մոռացել, նա դրանից չկորավ, չխունացավ: Եթե խիղճդ կա՝ հետ կգաս արժեքին, միայն եթե խիղճդ կորցրել ես՝ արժեքն էլ կկորցնես:

Բայց մարդկությունն այն մեկ է չի կորցնի: Դու կկորցնես ու կդեգերես, Ստրուգացկիներն ու ճապոնական պոետը կասեին, միշտ՝ ծուռմռտիկ մութ արահետիկներով, անկարող՝ դուրս գալ լայնասփյուռ մայրաշոշ:

Վիլնյուսը հաջողություն էր: Եվս երկու երկիր գրեթե պոկվեց անցյալի ճիրաններից՝ որ միանա աշխարհի պրոգրեսին: Եվս մեկ երկիր ցույց տվեց՝ որ իր ժողովրդի գոնե մի խոշոր մասը ծախված չէ, որ քսան տարվա ընթացքում այն ինքնուրույնություն է ձեռք բերել բավական՝ որ գողի ու ստահակի դեմ հանդգնի, մոլեգնի: Եվ գողն էլ, կարծես, հապաղում է մարդասպան դառնալ:

Վիլնյուսը պատմական հաջողություն էր: Հիմա մեզ տեսնենք:

Գեւորգ ՏԵՐ-ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Hakob says:

    Նախկինում Գևորգն աշխատել է որպես ավագ խորհրդատու և Եվրասիա ծրագրի ղեկավար Լոնդոնի International Alert կազմակերպությունում, ինչպես նաև Տարածքային հետազոտական կենտրոնի փոխտնօրեն Երևանում: Երևանի պետական համալսարանում և ԱՄՆ-ի Բոուլինգ Գրինի համալսարանում նա դասավանդել է քաղաքագիտական մի շարք առարկաներ Կովկասյան տարածաշրջանի և Միացյալ Նահանգների վերաբերյալ:

    սահակաշվիլի… 🙂

  2. Չկա մի պաշտոնյա(անկախ ազգությունից)որ այս կամ այն կերպ կապ ունենա եւրոպական կամ ամերիկյան ուսումնա-հիմնարկ-ձեռնարկությունների հետ եւ հետագայում նրանց «դուդուկը չփի»: Չկա:Անուններ չտամ:Գոնե «մի երկուսը՝ Յակովլեվ,Սահակաշվիլի…էլ չեմ ասում այն ղեկավարներին, որոնց «իմպրտնի»հարսնացուներ են առաջարկում:«Հարիֆ»չկա… հասկանում ենք:
    Սա՝ մեկ,երկրորդ.տեսնում եմ հարգելի հոդվածագիրը իր բերած օրինակներով՝ (եւրոպական արժեքների եւ բացասական կողմերի առումով) ոլորապտույտների մեջ է՝ եւ նալին եւ ՝ մեխին: Գյումրեցին լավ խոսք ունի՝ Ոչ թանդ փորս,ոչ էլ քիթդ …:Կարծում եմ ավելի լավ կլիներ քարոզեր,որ մենք ՆԵՐՍԻՑ ՈՒԺԵՂ ԼԻՆԵՆՔ եւ այդ դեպքում Եւրոպան«կգար»իրենից շատ ու շատ հին ու հարուստ մշակույթ եւ պատմություն ունեցող երկիրը՝ Հայաստան:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031