Լրահոս
Օրվա լրահոսը

Սյուզի Կենտիկյան. «Զրպարտչին դատի եմ տալու: Նա պիտի պատասխան տա»

Դեկտեմբեր 10,2013 17:02

Ինչպես խոստացել էինք, համացանցում WBA վարկածով աշխարհի չեմպիոն Սյուզի Կենտիկյանի մասին ապատեղեկատվություն հայտնվելուց հետո բացառիկ զրույց ունեցանք նրա հետ:

Սյուզի: Շնորհավորում ենք ռինգում հերթական հաղթանակդ, որով կրկին ուրախացրիր բազմահազար երկրպագուներիդ:

– Շնորհակալություն: Բայց տեսնում եմ, որ իմ հաղթանակները Հայաստանում ոչ բոլորի սրտով են: Համացանցում իմ հասցեին մի զրպարտություն կարդացի, որից խիստ վրդովվել եմ ու տեղս չեմ գտնում: Չեմ հասկանում, թե ո՞վ է այդ անձնավորությունը, որ որոշել է կեղտոտ միջոցներով վիրավորել արժանապատվությունս` գրելով իբր ապրում եմ չեչենի հետ ու ընդունել նրանց կրոնը: Ի՞նչ նպատակ է հետապնդում: Նա մի բան քաջ գիտակցել է. իր արածը դասական զրպարտության օրինակ է: Դրա համար էլ վախեցել է հերյուրանքի տակ իր իսկական անուն- ազգանունը դնել: Բայց ուզում եմ, որ այդ մարդուկը իմանա. ես սա անպատասխան չեմ թողնի: Հիմա հարազատներիս ու մտերիմներիս հետ զբաղված ենք փաստաբան վարձելով, հայտնաբերել նրան ու դատի տալ: Նա պիտի պատասխան տա արժանապատվությունս վիրավորելու համար:

Ես ցանկանում էի հաղթանակից հետո գալ Հայաստան եւ առաջին անգամ Ամանորն ու Սուրբ Ծնունդը նշել հարազատներիս հետ: Բայց այնքան եմ վիրավորված, որ մտադրությունս փոխել եմ: Այ, երբ այդ սրիկային կգտնեմ, ինչով արդեն զբաղվողներ կան, անպայման կգամ:

Ես Գերմանիայում տարբեր ազգերի ու հավատքի բազմաթիվ ընկերներ ունեմ, որոնց հետ ամեն օր շփվում ենք: Ես նրանց եմ սիրում, նրանք` ինձ: Ինչ է, պիտի գրեն, թե ես բոլորի հետ էլ ամուսնացա՞ծ եմ: Մեր պրոումոթերական ընկերությունում թուրքեր էլ կան, որոնք ինձ պաշտպան են կանգնում, եթե որեւէ մեկը փորձել է ինձ նեղացնել:

Քանի որ շոշափվել է քո ամուսնության թեման, երկրպագուներիդ ասա` ընտրած տղա ունե՞ս:

– Նախ, եթե ամուսնացած լինեի, հաստատ երեւանաբնակ իմ հարազատները ներկա կլինեին ու Հայաստանում կիմանային: Հիմա ես ամուսնանալու մասին անգամ մտածելու ժամանակ չունեմ: Ամբողջովին զբաղված եմ իմ մարզական կարիերայով, պայմանագրերով ստանձնած պարտավորություններ ունեմ, որոնք չեմ կարող չկատարել: Ամուսնանալ, իհարկե, ուզում եմ: Ո՞ր մի աղջիկը չի ուզում: Բայց ամեն բան իր ժամանակն ունի: Երբ ամուսնանալու հերթը գա, բոլորը կիմանան: Իհարկե, կուզեմ, որ ապագա ամուսինս հայ լինի: Իսկ եթե սիրեմ այլազգիի, անպայման` քրիստոնյայի: Կարեւորը, որ սիրտդ կպչի, դու նրան սիրես, ինքը` քեզ:

Իսկապես, շատ վիրավորված եմ: Երբեք մտքովս չէր անցնի, որ իմ հետ այդպես կվարվեն, համարյա դավաճան կդարձնեն: Եվ դա այն դեպքում, որ բնակվելով Գերմանիայում, ուզում եմ ինչ-որ ձեւով օգտակար լինել Հայաստանի հայերին: Գուցե, շատերը չգիտեն, որ իմ գերմանացի ընկերների ու աջակիցների օգնությամբ Հայաստանում պտղատու այգիներ հիմնելու ծրագիր կա: Նպատակս, այդպես ինչ- որ չափով էկոլոգիական խնդիրներ լուծել, մարդկանց համար աշխատատեղեր ստեղծել, որպեսզի նրանք աշխատավարձ ստանան եւ բերքն ու բարիքը վաճառելով կարողանան իրենց ընտանիքների հոգսերը հոգալ: Իսկ այս ամենից հետո` այսպիսի հերյուրանք»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը` www.buryatia.orgի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031