Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԼԱՓՓ հայցերն ընդդիմախոսներին լռեցնելու միջո՞ց․ որտե՞ղ է զրպարտության եւ խոսքի ազատության սահմանը եւ ի՞նչ հայցեր են ներկայացվում դատարաններ

Հուլիս 23,2026 10:55 Share

«ՍԼԱՓՓ հայցերը Հայաստանում. որտե՞ղ է զրպարտության եւ խոսքի ազատության սահմանը»․ Տնտեսական լրագրողների ակումբի հրավիրած հերթական քննարկումն այս թեմայով էր։ ՍԼԱՓՓ-ը (SLAPP) (Strategic Lawsuits Against Public Participation) ռազմավարական կամ ճնշման դատական հայցեր են, որոնք ուղղված են լրագրողներին, ակտիվիստներին և քաղաքացիներին լռեցնելուն։

Բիզնեսի, հանքարդյունաբերության, բնապահպանության, լրատվական ոլորտի մասնագետները քննարկեցին, թե որն է զրպարտության եւ խոսքի ազատության սահմանը, ինչպե՞ս պահպանել խոսքի ազատության եւ անձի հեղինակության պաշտպանության միջեւ հավասարակշռությունը, որքանո՞վ են ներկայացվող հայցերը համապատասխանում ՍԼԱՓՓ-ի չափանիշներին, ի՞նչ իրավական կարգավորումներ են նախատեսվում ոլորտում, ի՞նչ դեր ունեն դատարանները, ԶԼՄ-ները, փաստաբանները եւ բիզնեսը, եւ կարո՞ղ են ՍԼԱՓՓ հայցերն ազդել ներդրումային ու գործարար միջավայրի վրա։

Փաստաբան Գուրգեն Թորոսյանն ասաց, որ այն գործերը, որոնց հետ առնչություն է ունեցել, մեծամասամբ ՍԼԱՓՓ են եղել։ Մասնավորապես, հանքարդյունաբերողներ-բնապահպաններ վեճերին անդրադառնալով՝ նա նշեց, որ հանրության համար հետաքրքրություն ներկայացնող հարցերը բարձրաձայնող մարդկանց լռեցնելու միտում ունեն ՍԼԱՓՓ հայցերը։

«Որպեսզի ՍԼԱՓՓ-ը տարանջատենք այլ դատավարական գործընթացներից, մասնավորապես, վիրավորանքի եւ զրպարտության հետ կապված հայցերից, առաջին հերթին պետք է տեսնենք՝ սուբյեկտն ով է եւ ինչ թեմայի շուրջ է այդ քննարկումը։ Այսինքն՝ ոչ թե ցանկացած վիրավորանք կամ զրպարտություն ենթադրում է ՍԼԱՓՓ-ի ընթացակարգի մեջ ներառումը, այլ դրանք այն հայցերն են, որոնց հիմնական նպատակը լռեցնելն է։ Այսինքն՝ լռեցնել անձին, որը բարձրաձայնում է հանրային հետաքրքրություն ներկայացնող թեմաները, իսկ այդ հետարքրքություն ներկայացնող հարցերը եւ բնության պահպանությանն են ուղղված, եւ սեռական ոտնձգությունների դեմ ուղղված բարձրաձայնումներ են, որոնք հանրությանը հետաքրքրում են։ Եվ այս հարցերը բարձրաձայնողը չի հետապնդում իր անձնական շահը, դա հանրային շահ է։ Ում դեմ ներկայացվում են այս հայցերը, նրանք այն անձինք են, ովքեր միշտ պայքարել են հանրության համար կարեւոր նշանակություն ունեցող հարցերի համար։ Օրենսդրական փոփոխության արդյունքում ավելացավ զրպարտության եւ վիրավորանքի համար պահանջվող փոխհատուցման չափը՝ ներկայումս 3 մլն եւ 6 մլն դրամ է։ Եվ այն կազմակերպությունները, որոնք նպատակ ունեն լռեցնելու, որպես կանոն, ներկայացնում են առավելագույն չափով գումարի բռնագանձման պահանջներ՝ 6 մլն, 9 մլն դրամ եւ այն։ Եվ միջնորդում են, որպեսզի որպես հայցի ապահովման միջոց՝ արգելանք կիրառվի անձի դրամական միջոցների ու գույքի վրա»,- նշեց նա։ Գուրգեն Թորոսյանը որպես օրինակ ներկայացրեց «Լիդիան Արմենիա» ընկերության հայցերը, որոնք նաեւ բնապահպանների դեմ են։

Փաստաբան Անի Ալավերդյանի խոսքով՝ ՍԼԱՓՓ-ի հետ կապված որեւէ հստակ սահմանում առկա չէ, միայն տեսանելի է, որ հայցվոր կողմերը նպատակաուղղված ցանկանում են լռեցնել պատասխանող կողմերին։ «Եվ այս պայմաններում, որպես փաստաբան, ինձ համար դժվար է հասկանալ՝ ՍԼԱՓՓ-ն ինձ ձեւաչափերով ու ինչ չափորոշիչներով է ներդրվելու մեր օրենսդրության մեջ»։

«Լիդիան Արմենիա» ընկերության խորհրդատու-փաստաբան Արմեն Մելքումյանն էլ անդրադարձավ իրենց հայցերին, ասաց, որ մինչ այսօր 9 հայց են ներկայացրել դատարան։ «Նշեմ 2-3 դեպք, որտեղ ընկերության վերաբերյալ սոցիալական ցանցերում գրվել էր, որ, օրինակ, «հանցագործ ընկերություն է, լիցենզիաները ձեռք են բերվել կոռուպցիայի միջոցով»։ Սրա դեմ ուղղված այն գործիքակազմը, որն ընկերություն ունի այսօր դատական համակարգում իր իրավունքները պաշտպանելու համար, դա դիտարկվում է որպես ՍԼԱՓՓ։ ՍԼԱՓՓ-ը մենք հասկանում ենք, որ ոչ թե իրավունքների պաշտպանությանն ուղղված գործիքակազմ է, այլ դատական համակարգը ծառայեցնել կոնկրետ անձին լռեցնելու համար։ Մեր ընկերությունը երբեք որեւիցե հայցադիմում չի ներկայացրել ոչ լրագրողների, ոչ այլ անձանց նկատմամբ՝ անձին լռեցնելու նպատակով»,- ասաց Արմեն Մելքումյանը։

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» ներկայացուցիչ Աննա Սաղաբալյանը հարց հնչեցրեց․ «Օրինակ՝ որեւէ հանրային գործիչ մեղադրում է իքս ընկերությանը կոռուպցիայի մեջ, ընկերությունը դիմում է դատարան եւ ասում է՝ խնդրում եմ, ապացուցեք, որ ես կոռուպցիայով եմ ստացել իմ լիցենզիաները։ Հանրային գործիչը չի կարողանում ապացուցել դա, եւ նրան մեղադրում են զրպարտության մեջ։ Այդ գործը ՍԼԱՓՓ է, թե՞ ոչ։ Այսինքն՝ եթե անձը հանրային գործիչ է, արդյոք իրավունք ունի ընկերությանը մեղադրելու կոռուպցիայի մեջ»։

Աննա Սաղաբալյանն ասաց, որ լրատվամիջոցների դեմ իրենց ընկերության կողմից հայց չի ներկայացվել այն պատճառով, որ լրատվամիջոցն ի սկզբանե իր հրապարակած տեղեկատվությունը հերքել է՝ ընդունելով, որ այն կեղծ է։ Հայցը ներկայացվել է այն անձի դեմ, որը հրաժարվել է հերքել այդ տեղեկատվությունը։

Փաստաբան Գուրգեն Թորոսյանն ի պատասխան ասաց, որ վիրավորանքին ու զրպարտությանը վերաբերող ոչ բոլոր հայցերն են ՍԼԱՓՓ, դրա համար կան հստակ տարանջատման մեխանիզմներ, ֆիլտրեր, որոնցով պետք է անցնել, որպեսզի պարզվի՝ հայցը ՍԼԱՓՓ է, թե՞ ոչ։

«Ասացիք, որ հստակ տարանջատում չկա, եւ ոչ բոլոր զրպարտության հայցերն են ՍԼԱՓՓ, ես ուզում եմ, որ իմ լրագրող գործընկերներն ուշադրություն դարձնեն՝ վերջին մեկ տարվա ընթացքում, ինչ քննարկվում է ՍԼԱՓՓ-ը, գոնե ես չեմ հիշում մի դեպք, որ որեւէ քաղհասարակության ներկայացուցիչ, որի դեմ որեւէ ընկերություն հայց է ներկայացրել, անպայման չասի, որ սա ՍԼԱՓՓ է։ Այսինքն՝ ցանկացած հայց իրենք ներկայացնում են որպես ՍԼԱՓՓ»,- նշեց Աննա Սաղաբալյանը։

Քննարկվեցին նաեւ մամուլի դեմ ներկայացվող հայցերը։ Հիմնականում պաշտոնյաներն են լրատվամիջոցների դեմ հայցեր ներկայացնում՝ «պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու, զրպարտություն համարվող փաստացի տվյալները հերքելու եւ փոխհատուցում վճարելու» պահանջների մասին: Ընդ որում, պաշտոնյաները մեծ գումարներն են պահանջում որպես փոխհատուցում, եւ ակնհայտ է, որ այս գործերի նպատակը ԶԼՄ-ներին նաեւ ֆինանսական ծանր վիճակի մեջ գցելն է։ Դատական գործերը վերլուծելով՝ պարզվում է, որ կան դեպքեր, երբ դատարանները գումարային մեծ փոխհատուցման վերաբերյալ պահանջը չեն բավարարում, պատասխանող կողմին պարտավորեցնում են վճարել սիմվոլիկ գումար։

Անդրադառնալով մամուլի դեմ հայցերով մեծ փոխհատուցման պահանջին՝ փաստաբան Անի Ալավերդյանն ասաց․ «Ինչո՞ւ են 6 մլն դրամ պահանջ դնում հիմնականում, որովհետեւ, ցավոք սրտի, մեր օրենսդրությունում չկա ինչ-որ չափորոշիչ, որ հայցվորը կարդա օրենքը, հասկանա՝ այս արտահայտությունների դեպքում նա կարող է պահանջել 1 մլն, 200 հազար, թե՞ 6 մլն դրամ։ Հետեւաբար, հայցվորը նշում է 6 մլն դրամ շեմը, իսկ դատարանն արդեն իսկ ինքն է որոշում, թե ինչքան գումար բավարարի։ Իմ պրակտիկայում երբեւիցե չի եղել դեպք, որ դատարանները բավարարեն 1-2 մլն դրամից ավելի փոխհատուցման պահանջը։ Եթե նայենք միջին վիճակագրությունը, անգամ կարող է չգերազանցել 500 դրամը»։

Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի իրավաբան Մարիետա Մնացականյանն ասաց՝ քանի որ Հայաստանում չկան իրավական սահմանում եւ իրավական ընթացակարգեր, այդ պատճառով չկա առանձին պաշտոնական վիճակագրություն հենց ՍԼԱՓՓ հայցերի վերաբերյալ։

«Զրպարտության եւ վիրավորանքի գործերով Քաղաքացիական դատարան ներկայացրած հայցերի վիճակագրությունն ուսումնասիրելով՝ կարող ենք տեսնել միտում, որ, օրինակ, հենց լրատվամիջոցների հետ կապված ինչ-որ փուլում կամ տարվա ընթացքում այդ հայցերի թիվը բավականին մեծ կարող է լինել, իսկ հաջորդիվ թիվը կարող է նվազել։ Դա կապված է քաղաքական գործընթացների հետ, եթե տվյալ տարում նախատեսված են, օրինակ, խորհրդարանական ընտրություններ կամ այլ իրադարձություններ, հայցերի թիվը կարող է մեծ լինել»,- ասաց նա։

Մնացականյանը նշեց, որ արդարադատության նախարարությունը Եվրոպայի խորհրդի հետ միասին իրականացնում է ծրագիր, որի շրջանակներում Եվրոպայի խորհրդին դիմում է ներկայացվել հայաստանյան դաշտի ուսումնասիրման, ՍԼԱՓՓ-ի հետ կապված անհրաժեշտ կառուցակարգերի եւ հայեցակարգի ներկայացման, այնպիսի բալանսավորված առաջարկությունների ներկայացման, որոնք կարող են խոսքի ազատության իրավունքի եւ մարդու արժանապատվության իրավունքի միջեւ հավասարակշռություն ստեղծել։ Նրա խոսքով՝ այս փուլում Արդարադատության նախարարությունը սպասում է այս կարծիքի ներկայացմանը։

Մարիետա Մնացականյանի տեղեկացմամբ՝ Արդարադատության նախարարությունն ունի այս ընթացակարգերի հետ փոխկապակցված որոշ նախագծեր, որոնք ուղղակիորեն ուղված չեն հարցի կարգավորմանը, բայց կարող են առնչություն ունենալ հարցի հետ եւ դաշտում փոփոխություններ իրականացնել։ Այսօր գործում է ԶԼՄ-ների մասին 2003 թվականի օրենքը, որը, նրա խոսքով,բավականին ժամանակավրեպ է եւ մի շարք հարցերի վերաբերյալ ունի չկարգավորված հատվածներ։

«Արդեն բավական երկար ժամանակահատված է՝ Արդարադատության նախարարությունը փորձ է անում ներդնել ԶԼՄ-ների ինքնակարգավորման համակարգ, ինչը ենթադրում է ԶԼՄ-ների կողմից անկախ մարմնի ստեղծում՝ մեդիա խորհուրդ, որն իր մեջ կներառի միայն ինքնակարգավորման համակարգին միացող լրատվամիջոցներին, որոնք ունեն միջազգային չափանիշներին համապատասխան մշակված էթիկական կանոնակարգ եւ իրենց գործունեությունն իրականացնեն այդ կանոնակարգին համապատասխան։ Օրենքի նախագծով նախատեսվում է, որ ցանկացած գործ, որը կարող է առնչվել զրպարտությանը կամ վիրավորանքին, նախ պետք է քննվի մեդիա խորհրդի կողմից։ Մեդիա խորհրդին միանալը կամավորության սկզբունքի հիման վրա է լինելու, որեւէ պարտադրանք չկա, եւ ԶԼՄ-ների համար որեւէ բացասական հետեւանք չի առաջանում այդ ինքնակարգավորման մարմնին չիմանալու համար»,- նշեց Մարիետա Մնացականյանը։

Ինչ վերաբերում է ոլորտում նոր օրենսդրության ներդրմանը՝ մասնագետն ասաց․ «Չեմ կարող միանշանակ ասել՝ քննարկումների արդյունքում մենք կունենանք հենց առանձին օրենսդրություն, թե՞ եղած կարգավորումների շրջանակում կնախատեսենք առանձնահատուկ կարգավորումներ։ Դեռեւս չկա մշակված հայեցակարգ, եթե չլինի առանձնացված օրենսդրություն, յուրաքանչյուր ոլորտին վերաբերող կարգավորումներում կլրացվեն համապատասխան կարգավորումներ։ Օրինակ՝ ակնհայտ անհիմն հայցերի ինստիտուտի շրջանակում հնարավոր է լրացում կատարվի, որը հենց թիրախավորում է ՍԼԱՓՓ հայցերը։ Ինչ-որ առումով դատարանների համար կողմնորոշիչ կլինի՝ արագացված կարգով եւ հենց նախնական փուլում այս գործընթացները դադարեցնել եւ հնարավորություն չտալ, որ հայցի քննությունը շարունակվի։ Բայց դեռեւս չունենք հայեցակարգ, մենք դեռ սպասում ենք Եվրոպայի խորհրդի կողմից ներկայացվելիք ընդհանուր հայեցակարգային կարծիքին։ Այսինքն՝ մենք խնդրել ենք ուսումնասիրել հայկական իրավական ու օրենսդրական դաշտը եւ լավագույն մոդելի առաջարկ ներկայացնել։ Դրա հիման վրա արդեն կկատարվի աշխատանքը»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել