Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկնարկում է «Web Ծիրան»-3-ը

Դեկտեմբեր 10,2013 17:31

Այսօրվանից մեկնարկում է «Web Ծիրան» համահայկական 3-րդ օնլայն կինոփառատոնը:  Արդեն երրորդ անգամ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը եւ Webtv.am մշակութային ինտերնետ հեռուստատեսությունը, ՎիվաՍել-ՄՏՍ-ի հովանավորությամբ սկսում են «Web Ծիրան» համահայկական օնլայն կինոփառատոնը:

Aravot.am-ի հետ զրույցում Webtv.am-ի տնօրեն Արայիկ Մանուկյանը հայտնեց, որ  արդեն 3-րդ անգամ մեկնարկող «WebԾիրանը» կավարտվի 2014թ. փետրվարի 23-ին: Սահմանված է 1 գլխավոր եւ 2 խրախուսական մրցանակ: Գլխավոր մրցանակակիրը կպարգեւատրվի 500 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամով եւ հատուկ դիպլոմով: Խրախուսական մրցանակակիրները կպարգեւատրվեն հատուկ դիպլոմով: Ինչպես գլխավոր, այնպես էլ խրախուսական մրցանակակիրները կստանան նաեւ 10 օր անվճար պրոֆեսիոնալ նկարահանող տեխնիկայից օգտվելու հնարավորություն: Ամենաշատ դիտումներ արձանագրած ֆիլմը կարժանանա «Համակրանք» խրախուսական մրցանակին եւ հատուկ դիպլոմի:

Մեր զրուցակիցը նշեց, որ  «Web Ծիրանի» արդյունքները կհրապարակվեն փետրվարի 25-ից մարտի 5-ն ընկած ժամանակահատվածում, հատուկ մրցանակաբաշխության ժամանակ: Արդյունքները կամփոփի պրոֆեսիոնալ ժյուրին:

«Web Ծիրան» 3-րդ համահայկական օնլայն կինոփառատոնին ներկայացված ֆիլմերը ցուցադրվելու են բացառապես webtv.am հայկական մշակութային ինտերնետ հեռուստատեսությամբ:

Նա նաեւ հավելեց, որ  «Web Ծիրանին» կարող են ներկայացվել մինչեւ 30 րոպե տեւողությամբ ֆիլմեր` առանց ժանրային սահմանափակումների: Նշենք, որ  «Web Ծիրանն» այս տարի ներկայացնում է նաեւ «Web Ծիրան. ՄՈՒԼՏԻՄԵԴԻԱ » ծրագիրը, որտեղ ցուցադրելու համար կարող են ներկայացվել միայն բջջային հեռախոսներով, պլանշետներով, սմարտֆոններով նկարահանված կարճ ֆիլմեր:

Արայիկ Մանուկյանը հիշեց, որ առաջին փառատոնին մասնակցել էր ամենատարբեր ժանրերի 49 ֆիլմ, որը webtv.am հեռուստատեսությամբ մեկ ամսում դիտեցին 52.000 անգամ: Փառատոնի ֆիլմերը դիտած օգտատերերը webtv.am հեռուստակայքում գրեցին մոտ 4000 մեկնաբանություն:

Փառատոնի ողջ ընթացքում գործեց նաեւ փառատոնի հատուկ էջը Facebook սոցիալական ցանցում: Փառատոնի բոլոր ֆիլմերի մասին տեղեկատվական անոնսներ տեղադրվեցին ինչպես Facebook սոցիալական ցանցի Փառատոնի հատուկ էջում, այնպես էլ «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի, webtv.am ինտերնետ հեռուստատեսության էջերում: Փառատոնի մեկնարկին եւ ընթացքին անդրադարձան ավելի քան 200 տեղական եւ միջազգային զանգվածային լրատվամիջոցներ` հեռուստաընկերություններ, թերթեր, ինտերնետային լրատվամիջոցներ: «Web Ծիրան» 2-րդ համահայկական օնլայն կինոփառատոնը մեկնարկեց 2012 թվականի նոյեմբերի 1-ին եւ ավարտվեց նոյեմբերի 31-ին: Այս անգամ ընտրության ավելի չափորոշիչային պայմաններում կինոփառատոնին ներկայացվեց 15 խաղարկային եւ վավերագրական ֆիլմ: 1 ամսում ֆիլմերը webtv.am հայկական մշակութային ինտերնետ հեռուստատեսությամբ դիտեցին ավելի քան 12.000 անգամ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031