Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ երիտասարդները կազմակերպել էին հուշ-ցերեկույթ՝ նվիրված Գ.Նժդեհին

Դեկտեմբեր 21,2013 18:11

Դեկտեմբերի 21-ը ռազմական, քաղաքական և պետական գործիչ, մեծ փիլիսոփա, հայ ազգի ականավոր զավակ Գարեգին Նժդեհի մահվան օրն է։ Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունն օրվա կապակցությամբ կազմակերպել էր հուշ-ցերեկույթ:

ՀՀ ՊՆ «Մայր Հայաստան» զինվորական թանգարանի տնօրեն Ավագ Հարությունյանը ողջունեց այն փաստը, որ նման միջոցառումներն անցկացվում են հենց երիտասարդների նախաձեռնությամբ, քանի որ նժդեհյան ուսմունքը՝ ցեղակրոնությունն ու տարոնականությունը, նախևառաջ միտված է երիտասարդությանը։ Նա նշեց, որ մեր մեծերի մահվան օրը պետք է դառնա նրանց անցած ուղու վերարժևորման, նրանց ավանդին ծանոթանալու օր։ «Գարեգին Նժդեհն ի զորու եղավ գիտակցական ողջ կյանքում իմի բերել և ամբողջացնել իրենից առաջ եղած մեր նախնիների հայոց ազգային արժեհամակարգը և մեզ ներկայացնել պատրաստի աշխարհայացքային տեսքով»,- նշեց  Ավագ Հարությունյանը՝ նկատելով, որ Նժդեհի գաղափարները փորձարկվել են իրական կյանքում, և դրանց ճշմարտացիությունն ապացուցվել է ռազմի դաշտում։ Նա նաև հորդորեց երիտասարդներին կյանքում որպես ուղենիշ ընտրել մեր մեծերի ուսմունքները։ Ըստ «Մայր Հայաստան» թանգարանի տնօրենի՝ Նժդեհի ուսմունքն ու խոսքերը դասեր են, որոնց պետք է հետևի հայ երիտասարդությունը։

Երգիչ Արսեն Համբարյանը կատարեց սպարապետ Նժդեհին նվիրված երգեր։ Նա խորհրդանշական համարեց Նժդեհի մահվան օրը, քանի որ դեկտեմբերի 21-ն արևադարձի օրն է, որից հետո Արևը վերածնվում է։ «Պատահական չէ նաև նրա մահվան ձևը։ Սպարապետը մահից առաջ խնդրեց իրեն Երևանի բանտից տեղափոխել մեկ այլ երկրի բանտ, որպեսզի Երևանում չկնքի իր մահկանացուն և Հայաստանում անազատության մեջ մահանալու խարանը չթողնի իր հայրենիքի վրա»,- նշեց Արսեն Համբարյանը։

Միջոցառման ընթացքում հնչեցին Գ. Նժդեհի կյանքի և գործունեության, ցեղակրոն ուսմունքի, բանտային տարիների վերաբերյալ զեկույցներ։ Ներկաները դիտեցին նաև վավերագրական ֆիլմ՝ նվիրված մեծ հայորդուն։

 

ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031