Լրահոս
Օրվա լրահոսը

Ամերիկյան սկանդալ, որում կա Սերժ Սարգսյանի անունը. Civilnet

Հունվար 15,2014 11:30

«Թմրամիջոցներ, ադամանդներ, միջազգային ինտրիգներ. դուք չեք հավատա հոլիվուդյան պրոդյուսերների խելացնոր անցյալին». այս վերնագրով Los Angeles Weekly պարբերականը հունվարի 2-ին հետաքննական հոդված է հրապարակել, որտեղ շոշափվում է նաև Սերժ Սարգսյանի անունը: Ահա այդ հատվածը.

«Չեյզն ու նրա ընկերը ափ էին իջել: Սակայն նախքան նավամատույց հասնելն արդեն ձեռնաշղթաներով էին` Թմրանյութերի դեմ պայքարի վարչության գաղտնի գործակալներին կոկաին վաճառելու մեղադրանքով: Մեղքն ընդունելու համաձայնությամբ՝ Չեյզն արագ ընդունել էր մեղքը և անցել կամավոր համագործակցության:

Պատասխանելով այդ մասին հարցին այժմ, այնուամենայնիվ, Չեյզը դեպքերի վերաբերյալ ունի դատական արձանագրությանը խիստ հակասող հիշողություններ. «Ես պարտքով գումար էի տվել մի մարդու, որը ներգրավվել էր թմրանյութերի վաճառքի գաղտնի գործունեությունում: Այդ գումարն օգտագործվել էր թմրանյութերի ապօրինի շրջանառության նպատակով: Ես ներգրավված չեմ եղել»:

Նա դատապարտվում է վեց տարվա ազատազրկման, սակայն ասում է՝ իրավապահ մարմիններում իր «ընկերները» երաշխավորել էին, որ ինքը կկրի պատժի միայն մի փոքր մասը: Թմրանյութերի ապօրինի վաճառքի համար դատապարտված լինելու փորձը, ասում է նա, «խոչընդոտ էր իմ կյանքում, որը ես շատ ավելի կնախընտրեի մոռանալ»:

Մարտիրոսյանն ու Չեյզը հնարավոր է` իրենց կյանքի մնացած մասն անցկացնեին իրավական խոչընդոտների մեջ ընկնել-դուրս գալով, եթե չլիներ նրանց մեծահարուստ հայ ընկերը: Վիտալի Գրիգորյանցը նավթի բիզնեսով է զբաղվում: Նա միջոցներ է տրամադրում նրանց՝ օրինական բիզնես ձեռնարկությունների համար, ներառյալ՝ կինոարդյունաբերություն նրանց ներխուժման համար:

Մարտիրոսյանը Գրիգորյանցին հանդիպել էր Մոսկվայի պետական համալսարանում: Խորհրդային Միության փլուզմանը հաջորդած սեփականաշնորհման գոտեմարտում Գրիգորյանցը դարձել էր Ռուսաստանի փոքր օլիգարխներից մեկը: Նա իր հարստությունը կուտակել էր նավթի և գազի առևտրով, իսկ ավելի ուշ տեղափոխվել էր բանկային և անշարժ գույքի ոլորտ: Մարտիրոսյանի խոսքով` վերջին 15 տարիներին ինքը գործել է որպես Գրիգորյանցի լիազոր անձ Միացյալ Նահանգներում, ինչն ապահովել է նրա մուտքը էլիտար շրջաններ Մոսկվայում և Երևանում` Հայաստանի մայրաքաղաքում: Չեյզը նույնպես իրեն համարում է ձեռնարկության գործընկեր:

Հայաստանում, ինչպես Ռուսաստանում, բիզնեսի և քաղաքականության աշխարհները միահյուսված են: Հաջողությունը զգալի չափով կախված է ազդեցիկ մարդկանց հետ բարեկամական հարաբերություններից:

Տասնամյակներ շարունակ Գրիգորյանցը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի,- որը 1990-ականների սկզբին հայտնի դարձավ որպես հայկական զինված ուժերի հրամանատար ղարաբաղյան պատերազմի ընթացքում,- լավ ընկերն է եղել: Հրադադարից հետո Սարգսյանը դարձավ երկրի պաշտպանության նախարար:

2006-ին Մարտիրոսյանը վարձում է ամերիկյան Burson-Marsteller փիար ընկերությանը՝ օգնելու բարձրացնել Սարգսյանի վարկանիշն արտերկրում: ԱՄՆ-ի Պետքարտուղարություն ներկայացված` Արտասահմանյան գործակալների գրանցման մասին օրենքի հիման վրա կազմված պայմանագրում թվարկված են նպատակները՝ «ներկայացնել Հայաստանը որպես անվտանգ և կայուն պետություն» ներդրումների համար և իրականացնել «իրազեկման և հեղինակության բարձրացման երկարաժամկետ ծրագիր՝ ի շահ նախարար Սարգսյանի»: «Մենք կարծում ենք, որ Սերժ Սարգսյանը շատ ամերիկամետ անձնավորություն է,- ասում է Մարտիրոսյանը: -Մենք կարծում ենք` ճիշտ կլինի օգնել նրան ամերիկյան նոու-հաուի հարցում»:

Սարգսյանը Հայաստանի նախագահ ընտրվեց 2008-ին: Թեև նա Ամերիկայի վստահելի դաշնակից էր, ԱՄՆ-ի կառավարությունը մտահոգություն հայտնեց քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ նրա վերաբերմունքի կապակցությամբ: Ընտրությունները մռայլվել էին ցուցարարների և անվտանգության ուժերի միջև բախումներով, որի հետևանքով զոհվել էր տասը մարդ, ինչպես նաև ընդդիմադիր գործիչների հետագա հետապնդումներով` ցույցեր կազմակերպելու համար: 2009-ին ԱՄՆ կառավարությունը, ելնելով իր մտահոգություններից, դադարեցրեց Հայաստանում գյուղական ճանապարհների համար իր օգնությունը:

Ինչ վերաբերում է նախագահի օլիգարխ ընկերոջը` Գրիգորյանցին, ապա նա ձգտում էր շատ չերևալ Հայաստանում և Ռուսաստանում: Նա որոշակի մեդիա ուշադրության էր արժանացել Մոսկվայի հայկական նոր եկեղեցու ֆինանսավորման համար, սակայն մնացած հարցերում նրա անունը հազվադեպ է հիշատակվում: Նրա ամենամեծ տարաձայնությունը կապված է «Ուկրպրոմբանկի» (որի սեփականատերն էր ինքը) սնանկացման հետ: Ուկրաինան խիստ տուժել էր գլոբալ ճգնաժամից, իսկ «Ուկրպրոմբանկն» ուներ վարկերի վատ կառավարման խնդիր»:

Թարգմանությունն ամբողջությամբ՝ ՍիվիլՆեթի կայքում

 


Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031