Լրահոս
Օրվա լրահոսը

Մալաթիայի շուկա գնացել էր 1800 դրամանոց տաբատ փորձելո՞ւ, թե՞ գողանալու

Հունվար 16,2014 13:28

Մեղադրվողի նկատմամբ համաներում է կիրառվել, քրեական հետապնդումը դադարեցվել է, դատախազը ազատազրկում է պահանջում

ՀՀ քրեական վերաքննիչ դատարանում է գտնվում «տաբատի գործը»: Այն լսվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում, ամբաստանյալի նկատմամբ կիրառվել է համաներում, նա դատական նիստերի դահլիճից ազատ է արձակվել, քրեական հետապնդումը դադարեցվել է:

Բողոք է բերել վարչական շրջանի դատախազությունը, որը պահանջում է քրեական հետապնդումը դադարեցնելու մասին 31.10.2013թ. որոշումը բեկանել, կայացնել նոր դատական ակտ եւ Կարեն Մկրտչյանին ՀՀ քրօր-ի 175 հոդ. 1-ին մասի մեղադրանքով դատապարտել ազատազրկման ձեւով պատժի:

Տեղեկացնենք, որ Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 2013 թվականի օգոստոսի 24-ի որոշմամբ Կարեն Մկրտչյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը՝ կալանքի տակ պահելու ժամկետը հաշվելով 2013թ. օգոստոսի 23-ից:

2013 թվականի սեպտեմբերի 28-ին մեղադրական եզրակացությունը քրեական գործի հետ միասին ուղարկվել էր նշյալ դատարան:

Կարեն Մկրտչյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 1-ին մասով: Նա, ըստ գործի նյութերի, անցյալ տարվա օգոստոսի 2-ին, ժամը 15:10-ի սահմաններում, Արսեն Սաքանյանին պատկանող եւ նրա կողմից Մալաթիայի շուկայի տարածքում վաճառվող սպորտային մարզահագուստը հափշտակելու համար կատարել էր ավազակային հարձակում: Նախաքննության մարմնի համաձայն, Կ. Մկրտչյանը Մալաթիայի շուկայի տարածքում հանդիպել է սպորտային մարզահագուստների վաճառքով զբաղվող Արսեն Սաքանյանին եւ իբրեւ գնելու համար նրանից վերցրել 1.800 ՀՀ դրամ արժողությամբ մեկ հատ սպորտային տաբատ: Տաբատը փորձելու եւ դրանից հետո գումարը վճարելու պատրվակով արագ քայլելով անցել է Րաֆֆու փողոցի հակառակ մայթ, Ա. Սաքանյանը հետեւել է նրան: Ավտոպահեստամասերի շուկային հարակից հատվածում Կ. Մկրտչյանը պահանջել է չհետեւել իրեն, իսկ Ա. Սաքանյանն էլ պահանջել է վերադարձնել այն, քանի որ կասկածել է, որ «գնորդը» մտադրություն ունի հափշտակելու: Կ. Մկրտչյանը դանակով հարվածելու սպառնալիքով՝ հարձակվել է վաճառողի վրա եւ հափշտակելով սպորտային տաբատը՝ դիմել փախուստի:

Կարեն Մկրտչյանը դատավոր Տիգրան Պետրոսյանի նախագահությամբ ընթացած դատաքննության ժամանակ իրեն մեղավոր չի ճանաչել: Նա ցուցմունք է տվել, որ տաբատը գնելու նպատակով վաճառողից վերցրել է մեկ հատ, եւ քանի որ տարածքը մարդաշատ էր, Արսեն Սաքանյանին խնդրել է սպասել իրեն, վստահեցնելով, որ հագուստը փորձելուց հետո կվերադառնա եւ կվճարի դրա համար կամ կվերադարձնի այն: Նա չի ժխտել, որ քայլել է մոտակայքում գտնվող ավտոպահեստամասերի շուկայի ուղղությամբ, փորձել գտնել հարմար վայր, բայց քանի որ տաբատն իր հագին չի եղել, հետ է եկել, որպեսզի վերադարձնի Արսեն Սաքանյանին:

Վաճառողին, ասել է ամբաստանյալը, չի գտել: Նա տաբատը տարել է տուն ու մի քանի օր հագնելուց հետո նետել է աղբանոցը: Հագուստը Արսեն Սաքանյանից վերցնելիս իր ձեռքին դանակ կամ որեւէ այլ առարկա չի եղել, նրան չի սպառնացել:

Տուժող վաճառողը՝ Արսեն Սաքանյանը, դատարանում հայտնել էր, որ Մալաթիայի շուկայում, ձեռքին բռնած շրջելով, հագուստ է վաճառում: Նա կոնկրետ կանգնելու տեղ չունի:

Ըստ գործի նյութերի. «Դեպքի օրը Կարեն Մկրտչյանը մոտեցել է իրեն եւ հարցրել, թե ինչ արժե սպորտային տաբատը: Ինքն ասել է, որ տաբատն արժե 1800 ՀՀ դրամ: Կարեն Մկրտչյանն ասել է, որ պետք է փորձի, տեսնի իր հագին կլինի՞, թե՞ ոչ, նոր գնի եւ հարցրել է, թե որտե՞ղ կարող է փորձել: Ինքը առաջարկել է, որպեսզի կայանված ավտոմեքենաների ետնամասում Կարեն Մկրտչյանը փորձի տաբատը, սակայն նա չի համաձայնել: Կարեն Մկրտչյանն առաջարկել է փողոցը անցնել եւ այնտեղ հարմար տեղում փորձել: Տաբատն այդ ժամանակ Կարեն Մկրտչյանի ձեռքին է եղել: Ինքը համաձայնել է, երկուսով քայլել են եւ երբ հասել են ավտոմասերի շուկայի մոտ, Կարեն Մկրտչյանը ասել է, որ այդտեղ հարմար տեղ կա փորձելու, շրջվել է, ասել, որ չհետեւի իրեն, եթե փորձի ու տաբատը իր չափսով լինի, ինքը կգա ու գումարը կտա: Ինքը չվստահելով՝ շարունակել է Մկրտչյանի հետեւից գնալ: Կարեն Մկրտչյանն իրեն ասել է, որ եթե շարունակի հետեւից գնալ, դանակով կխփի: Ինքը դանակ չի տեսել, սակայն վախեցել է, քանի որ Կարեն Մկրտչյանն ասել է, որ ինքը հանցագործ աշխարհի ներկայացուցիչ է եւ որ այդ սպորտային համազգեստը իրեն պետք է տա»: Տուժողը ուշադրություն է դարձրել ամբաստանյալի ձեռքերին: Դրանք վնասված էին եւ սպիներ կային: Տուժողը վախեցել է, վազել է պահակակետ, հարցրել է ոստիկանի, տեսնելով, որ չկա, զանգել է 1-02: Տուժողը դատարանում հայտնել է, որ «փոշմանել» է, որ զանգել է ոստիկանություն, ինչի արդյունքում Կարեն Մկրտչյանին ձերբակալել են: Տուժողն ամբաստանյալից որեւէ պահանջ չուներ եւ քաղաքացիական հայց չի ներկայացրել:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031