Լրահոս
Օրվա լրահոսը

Մաթեմատիկական խնդիր՝ իշխանության համար

Հունվար 23,2014 14:25

Հայաստանի իշխանություններ բառակապակցությունը լսելիս ես անմիջապես պատկերացնում եմ հայտնի երեք կապիկների նկարը: Դե, էն, երեւի տեսել եք. մեկը ականջներն է փակել՝ «ոչինչ չեմ լսում»-ի սիմվոլն է, մյուսը՝ աչքերը՝ «ոչինչ չեմ տեսնում»-ի սիմվոլն է, երրորդը փակել է բերանը: Սա էլ ոչինչ չի խոսում:

Սակայն ես մի փոքր վերապահում ունեմ. հայրենի կառավարությունը նման է առաջին երկուսին՝ նա ոչինչ չի տեսնում՝ հայելու միջի սեփական արդուկած արտացոլանքից բացի, եւ ոչինչ չի լսում՝ իր իսկ արտաբերած բառերից բացի: Բայց դրա փոխարեն հո չի խոսում, հո չի խոսում, ինչպես ժամանակակից ժարգոնով են ասում՝ «գնա՝ գալիս եմ»: Բառեր ու թվեր է, որ աղում է ու իր «փայլուն» գործունեության «նվաճումներն» է ցույց տալիս:
Մարդիկ ասում են՝ գազը չի տաքացնում, բայց այդ սպառված գազի դիմաց 40 հազարից մինչեւ 200 հազար դրամի հաշիվներ են եկել՝ չի տեսնում, փակել է աչքերը:

Հանրահավաք. երիտասարդությունը բողոքում է կուտակային կենսաթոշակի դեմ. չի տեսնում ու չի լսում, բայց խոսում է, ասուլիս է տալիս ու հարցազրույց, ընդ որում՝ էդտեղ էլ կարեւոր չէ, թե լրագրողն ինչ հարց է տալիս, ինքն իր էշն է քշում, ու էդ էշը, իր կարծիքով, երկաթից է…

Ու էսպես՝ լիքը ու լիքը բաներ: Խուլերի ու կույրերի իշխանություն է կարծես:

Ու հիմա ես մեր այդ խուլուկույր կառավարությանն ուզում եմ մի պարզագույն մաթեմատիկական խնդիր առաջադրել միջին հայկական ընտանիքի վերաբերյալ (տեսնես՝ կտեսնի՞, կկարդա՞, իսկ կարդալուց հետո կկարողանա՞ լուծել…):
Ահա խնդրի պայմանները.
Սահմանամերձ փոքր քաղաքում ապրում է 7 հոգանոց միջին հայկական ընտանիք՝ թոշակառու պապ եւ տատ, նրանց տղան, վերջինիս կինը եւ երեք երեխաները:

Երեխաներից երկուսը՝ 24 եւ 23 տարեկան երկու տղաները, բարձրագույն կրթություն ստանալուց հետո ծառայել են բանակում եւ զորացրվել են 2013 թվականի հունիսին. արդեն 7 ամիս է՝ ոչ իրենց մասնագիտությամբ, ոչ էլ գոնե այլ մասնագիտությամբ աշխատանք չեն գտնում: Նրանց հայրը, որ քաղաքացիական ծառայող էր, երկու տարի առաջ հայրենի կառավարության «իմաստուն» քաղաքականության շնորհիվ օպտիմալացվեց՝ կորցրեց աշխատանքը, նոր աշխատանք էլ չառաջարկեցին: Ընտանիքի երրորդ երեխան՝ աղջիկը, այս տարի ավարտելու է դպրոցը եւ, ամենայն հավանականությամբ, կընդունվի որեւէ համալսարան. նոր ծախսեր ու հոգսեր կլինեն՝ իհարկե: Ամբողջ ընտանիքից աշխատում է միայն երեխաների մայրը… Տնամերձն ու ունեցած հողը հերիքում են միայն աճեցրած միրգը ձմռան համար անհրաժեշտ կարտոֆիլով եւ կաղամբով փոխարինելու…

Սրանք են խնդրի պայմանները: Կարծում եք՝ խնդիրը պիտի պահանջի գտնել, թե ո՞նց հանի ձմեռն այս ընտանիքը: Ոչ, ոչ, պարոնայք, խնդիր կազմողն էդքան միամիտ չի, գիտի, որ էդ դեպքում դուք կտաք գալուստսահակյանական ցինիզմին հատուկ որեւէ պատասխան:

Այս խնդրի առաջադրանքը հետեւյալն է. «Հաշվել, թե ամեն օր իշխանավորների ճամարտակությունները թերթերում կարդալուց եւ նրանց «սիրուն պատկերքը» հեռուստատեսությամբ տեսնելուց հետո քանի՞ անգամ է այս ընտանիքի պապը (որ, ի տարբերություն իշխանության, խուլ չէ, կույր չէ ու նաեւ լավ խոսել գիտի) թունդ մի խոսք ուղղում նույն այդ իշխանավորներին ու նրանց բոլոր նախնիներին»:

Ուրեմն այսպես, պարոնայք, եթե կարողանաք լուծել այս խնդիրը եւ գտնել թիվը, բազմապատկեք դա Հայաստանի միջին եւ դրանից ցածր վաստակ ունեցող ընտանիքների թվով եւ կստանաք ձեր ճշգրիտ պատկերը, որ առկա է հասարակական գիտակցության մեջ, եւ ոչ թե հայելու արտացոլանքում կամ էլ հայոց ահավոր սոցիոլոգների «հարցումներում»…

Հ. Գ. Հոդվածս արդեն ավարտում էի, երբ աչքիս ընկավ կառավարությունում կայացած ասուլիսում ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի ուղղակի ցնցող պատասխանը լրագրողի այն հարցին, թե 60 հազար ստացող քաղծառայողները ո՞նց դիմանան մինչեւ հուլիսի մեկը: Ահա նախարարի պատասխանը. «Պետական աշխատողները գիտակցում են բարեփոխման կարեւորությունը ու գիտակցում են, որ ապագա կենսաթոշակների չափը կախված է հենց իրենցից» (տե՛ս news.am լրատվական կայքում): Իսկը կոմսոմոլակոմունիստական պատասխան:

Ինձ մնում է միայն հարցնել՝ իսկ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը գիտակցո՞ւմ է, թե 60 հազար ստացող քաղծառայողների քանի տոկոսը սրտանց ուշունց տվող թոշակառու պապ ունի…

ՄԵՍՐՈՊ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Վահան says:

    Անգամ եթե այդ հայհոյանքի թիվը 100000000000000000000000000 լինի, դա նրանց ոչինչ չի անի: Ցավն այն է, որ այդ չինովնիկները մեր ժողովրդից են ելել: Ու այնպիսի տպավորություն է, որ թե հայհոյողները եւ թե հայհոյվողները այս ամենից հաճույք են ստանում, դրա համար էլ ոչինչ չի փոխվում:

  2. Գալուստ Ենոքյան says:

    Հարգելի հեղինակին կուզեի որ իր մաթեմատիկական խնդրին ավելացնի արտերկրներում ապրող բազմահազար հայրենակիցների հայհոյանքները ամեն անգամ, նրանց («հայրենի ղեկավարների») ելույթների կամ ընդունած հակամարդկային օրենքների, երկրում տիրող ալան թալանի մասին հրապարակված փաստերի առթիվ…

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031