Լրահոս
Օրվա լրահոսը

Հայոց ցեղասպանությունը Օլանդ – Գյուլ բանակցությունների առանցքային թեմաներից էր. «Ազատություն» ռադիոկայան

Հունվար 28,2014 16:51

«Պատմական իրադարձությունների քողազերծումը ցավոտ պրոցես է, բայց դա պետք է արվի», – Անկարայում հայտարարեց Ֆրանսիայի նախագահը:

Ըստ «Ազատություն» ռադիոկայանի,   Հայոց ցեղասպանությունն ու դրա միջազգային ճանաչումը դարձան երկուշաբթի օրը Անկարայում Աբդուլա Գյուլի և պետական այցով Թուրքիա ժամանած Ֆրանսուա Օլանդի բանակցությունների առանցքային թեմաներից մեկը:

Մի քանի ժամ տևած առանձնազրույցի ավարտին «Չանկայա» պալատում հրավիրված համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Օլանդը հայտարարում էր․ – «Պատմական իրադարձությունների քողազերծումը ցավոտ պրոցես է, բայց դա պետք է արվի»: Ֆրանսիայի նախագահի համոզմամբ՝ առերեսումը սեփական պատմությանը ի վերջո նպաստում է ժողովուրդների հաշտեցմանը:

Օլանդը երեկ երեկոյան կայացած ասուլիսի ժամանակ չշրջանցեց նաև ֆրանսիացի օրենսդիրների կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրինագծի հնարավոր հաստատման հարցը: Hurriyet-ի փոխանցմամբ՝ Ֆրանսուա Օլանդը խուսափել է ասել, թե ինչպես կարձագանքի այդ նախաձեռնությանը ֆրանսիական կառավարությունը, միայն նշելով․ – «Ցեղասպանության քրեականացման հարցի վերաբերյալ կարող եմ ասել, որ մենք կդիմենք ճիշտ քայլի` հետևելով օրենքի պահանջին: Մեր նպատակը ճշմարտության հասնելն է, և մենք ցանկանում ենք, որ բոլորն ըմբռնեն այդ փաստը»:

Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը, անդրադառնալով վիճահարույց օրինագծի կրկնակի շրջանառությանը, հիմնական շեշտը դրեց եվրոպական դատական ու պետական ատյանների որոշումների վրա:

Գյուլը մասնավորաբար հիշեցրեց Ցեղասպանության ժխտումը քրեականացնելու առաջին փորձը կասեցրած Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի որոշումը, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը, որով չեղյալ հայտարարվեց Թուրքիայի բանվորական կուսակցության ղեկավար Դողու Փերինչեքի դեմ Լոզանի դատարանի կողմից կայացված վերջին վճիռը:

«Ֆրանսիայի նախագահի հետ դեմ առ դեմ զրույցի ժամանակ մենք այս հարցը շատ անկեղծ մթնոլորտում ենք քննարկել: Ընդգծեցինք, որ 1915 թվականի իրադարձությունների քննությանը պետք է ներգրավվեն պատմաբաններն ու երրորդ կողմը: Մեր համոզմամբ՝ այս խնդիրը շատ նման է այն կնճիռներին, որ առկա էին Ֆրանսիայի և Ալժիրի հարաբերություններում: Ի վերջո, միայնակ որևէ բան անել հնարավոր չէ, այս ամենը համատեղ ջանքեր է պահանջում: Բացի այդ, մենք հարգում ենք Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի որոշումը», – հայտարարել է Թուրքիայի նախագահը:

 

Գեւորգ Ստամբոլցյան

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031