Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ-ում հայտարարված ընդմիջումից առաջ հնչեց. «հանկարծ քարտերը չգողանա՜ք»

Փետրվար 03,2014 14:49

«Դա 2012-ի մայիսին էր պարզ»,-այսօր այսպես արձագանքեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի ասածին, թե ՀՀԿ-ն ուզում է ցույց տալ, որ Ազգային ժողովում ունի «տոտալ մեծամասնություն»:

Իսկ ՀՀԿ-ն ոչ միայն իր «տոտալ մեծամասնություն» լինելն էր ուզում ցույց տալ, այլեւ այսօր կայացած քվեարկությամբ արեց այնպես, որ հանկարծ նախորդ նստաշրջանում տեղի ունեցածը չկրկնվի: Խոսքը 2013 թ. դեկտեմբերի 23-ին գազային պայմանագրերի քվեարկությունից առաջ տեղի ունեցածի մասին է, երբ ՀԱԿ-ի խնդրած 20 րոպեանոց ընդմիջման ժամանակ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հավաքեց պատգամավորների քվեարկության քարտերը, եւ դրանից հետո ոչ իշխանական ուժերը լքել էին դահլիճը, իսկ ՀՀԿ-ն եւ ՕԵԿ-ը քվեարկել էին ձեռքերով: Այդ նույն օրը ԱԺ չորս խմբակցություններ հավաքվեցին եւ հայտարարություն ընդունեցին այն մասին, որ ձեռքերով ձայները հաշվելու ժամանակ չի պահպանվել ընթացակարգը, եւ որ հանձնաժողովի յոթ անդամներից չորսը չի մասնակցել հաշվարկին, հետեւաբար, չի կարելի ընդունված համարել օրենքը:

Եվ ուրեմն այս իրավիճակից խուսափելու նպատակով այսօր Ազգային ժողովում ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն առաջարկեց հաշվիչ հանձնաժողովի անդամների քանակը դարձնել 11, որպեսզի այլեւս չխափանվի ԱԺ աշխատանքը՝ մի քանի հոգու քմահաճույքով:

Բնականաբար, այս առաջարկը մեծ ընդվզում առաջացրեց ընդդիմադիրների շրջանում: ԲՀԿ խմբակցությունից Վարդան Օսկանյանն ասաց, որ եթե ՀՀԿ-ն ընդունում է, որ այդ օրը հաշվիչ հանձնաժողովի աշխատանքը խափանվել է, ուրեմն, տրամաբանական է նաեւ, որ պետք է ընդունի, որ գազի պայմանագիրը չի վավերացվել: ԱԺ նախագահը ընդդիմացավ՝ «օրը ցերեկով մարդկանց քարտերը հանո՞ւմ են, դուք դա համարում եք, որ հաշվիչ հանձնաժողովի աշխատանքը խափանվե՞լ է»:

Լեւոն Զուրաբյանն էլ ասաց, որ այո, դեկտեմբերի 23-ին ապօրինություն է եղել, ապօրինի ձեւով է գազային պայմանագիրը քվեարկվել եւ հիմա ՀՀԿ-ի այս առաջարկն ուղղված է ապօրինությունների մեխանիզմը անխափան դարձնելուն: Նա զգուշացրեց, որ եթե նման որոշում ընդունվի՝ ՀԱԿ-ը իր խմբակցությունից անդամ չի գործուղի՝ հաշվիչ հանձնաժողով:

Զարուհի Փոստանջյանի՝ ԱՄՆ մեկնելու կապակցությամբ «Ժառանգություն» խմբակցության ղեկավարի պաշտոնը ստանձնած Ռուբիկ Հակոբյանը ասաց, որ ԱԺ հեղինակության բարձրացմանը չի նպաստի մեծամասնության՝ ամեն գնով իր ուզածը անցկացնելու ձգտումը:

Քվեարկությունից առաջ Հեղինե Բիշարյանը 20 րոպե ընդմիջումից խնդրեց իրենց խմբակցության անունից, եւ դահլիճից հնչեց զգուշացում՝ «քարտերը չգողանա՜ք»:

Ընդմիջումից հետո ՀԱԿ, ԲՀԿ, «Ժառանգություն» եւ ՀՅԴ խմբակցությունները հայտարարեցին, որ եթե ՀՀԿ-ն պնդի իր առաջարկը եւ եթե դա ընդունվի եւ հաշվիչ հանձնաժողովի անդամների թիվը դառնա 11, իրենք չեն մասնակցի այդ հանձնաժողովի աշխատանքներին:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ասաց, որ այս առաջարկը բխել է որոշ մարդկանց քայլերի արդյունքում եւ նպատակ ունի Ազգային ժողովի բնականոն գործունեությունն ապահովել՝ «ԱԺ աշխատանքներն ուզում եք ձեր փոքրամասնությամբ խաթարեք, չի՛ լինի»:

Ի վերջո, դրվեց քվեարկության եւ 67 ձայնով ընդունվեց կանոնակարգ-օրենքի փոփոխությունը, որով հաշվիչ հանձնաժողովի անդամների թիվը 7-ից դարձավ 11: Եթե ԱԺ ոչ իշխանական ուժերը մնան իրենց հայտարարություններին հավատարիմ, ապա այդ հանձնաժողովի 11 անդամները կլինեն ՀՀԿ-ական: Գուցե մի երկու տեղ էլ ՕԵԿ-ին տան:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728