Լրահոս
Օրվա լրահոսը

Փոխնախարար Նազարեթ Մնացականյանը պատանի տարիներին զբաղվել է ֆուտբոլով, թենիսով եւ ըմբշամարտով

Փետրվար 08,2014 14:12

Արդեն ինն ամիս է, ինչ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության ղեկավար կազմում փոփոխություններ են եղել:

Որպես կանոն, նոր նախարարները պաշտոնն ստանձնելու 100 օրը լրանալուց հետո հանդիպում են լրատվամիջոցների հետ, թեկուզ ընդհանուր գծերով ներկայացնում անցած երեք ամիսների կատարած աշխատանքը: Սակայն նախարար Յուրի Վարդանյանը ասուլիս չհրավիրեց: Ճիշտ է, նա օգոստոս ամսին առանձին հարցազրույց տվել է «Առավոտին», ընդհանուր գծերով խոսել սկզբնական շրջանում եղած դժվարությունների եւ իր անելիքների մասին: Բայց, միեւնույն է, ասուլիս դեռ չկա: Իսկ հարցերը, կարծում ենք, շատ են:

«Առավոտն» այս անգամ էլ հաջողեց զրուցել նորանշանակ փոխնախարար Նազարեթ Մնացականյանի հետ:

– Դուք համակարգում եք սպորտի մի հսկայական ոլորտ, որտեղ անհրաժեշտ է առնվազն քաջատեղյակ լինել նրբություններին ու խնդիրներին: Հասարակությանը հետաքրքրում է, թե մինչեւ փոխնախարարի պաշտոնն զբաղեցնելը սպորտի հետ կապ ունեցե՞լ եք:

-Տարիներ առաջ, դեռեւս պատանեկան տարիքում, զբաղվել եմ ֆուտբոլով, թենիսով, ապա՝ դասական ոճի ըմբշամարտով, որից, ի դեպ, որոշ հաջողություններ եմ ունեցել: Սակայն, ի վերջո, ընտրել եմ ոչ թե պրոֆեսիոնալ մարզիկ դառնալու ճանապարհը, այլ՝ նախընտրել այլ մասնագիտություն, բայց կապս սպորտի հետ միշտ էլ եղել է: Հիմա էլ առողջ ապրելակերպ եմ վարում, ժամանակ հատկացնում նաեւ ֆիզիկական վարժություններին, հետեւում առողջությանս, չեմ ծխում: Առհասարակ, չեմ պատկերացնում, որ կգտնվի մարդ, որ չսիրի սպորտը, չզբաղվի կամ չհետաքրքրվի սպորտով:

Մինչեւ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարություն տեղափոխվելս, աշխատանքի բերումով, իսկ ես երկար տարիներ աշխատելով ոստիկանությունում եւ որոշ ժամանակահատված ղեկավարել եմ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունը, առնչվել եմ սպորտի ոլորտին, որտեղ կարեւորվում է առողջ ապրելակերպը, ու պարզ է, որքան շատ դեռահասներ, երիտասարդներ զբաղվեին սպորտով, այնքան կնվազեր թմրանյութերի նկատմամբ հետաքրքրություն ունեցողների թիվը եւ այնքան հեշտ կլիներ մեր աշխատանքը:

Որպես փոխնախարար, իմ լիազորությունների սահմաններում համակարգում եմ ինձ վստահված ոլորտի աշխատանքներն ու պատասխանատու եմ այդ ոլորտի զարգացման համար: Մարզաշխարհում հաջողությունները ձեւավորվում, սկսվում եւ ավանդվում են մանկապատանեկան մարզադպրոցներից, մեր վաղվա լավագույն մարզիկների «դարբնոցներից»: Այդ իսկ պատճառով դրանք իմ ամենօրյա ուշադրության կենտրոնում են, հաճախակի եմ այցելում, գիտեմ խնդիրները, որոնք, ցավոք, շատ են ու լուծման կարոտ:

Անընդհատ կապի մեջ եմ մարզական ֆեդերացիաների ու նրանց նախագահների հետ, վերջիններիս խնդիրներին քաջածանոթ եմ եւ համատեղ քննարկումների ու վերլուծությունների արդյունքում համատեղ որոշում ենք հետագա անելիքները:
Նշեմ, որ վերջին ամիսներին իրականացրել ենք «100 մլն դրամի գույք»-ի ծրագիրը, որի շրջանակում փորձել ենք լուծել 2,5 միլիարդ դրամի պահանջարկի առաջնահերթ խնդիրները՝ անհրաժեշտ մարզագույք ձեռք բերելու համար: Անելիքները շատ-շատ են, բայց եւ ժամանակի ընթացքում լուծելի:

Մենք կարեւորում ենք նաեւ այլ երկրների սպորտի նախարարությունների եւ մարզական կառույցների հետ համագործակցության հարցը: Այսօր, այդպես է բոլոր ոլորտներում, չես կարող աշխարհից անկախ տնտեսություն, գիտություն, նույնիսկ՝ մշակույթ ստեղծել: Նույնը՝ նաեւ սպորտում: Չես կարող փակվել չորս պատերի մեջ ու տրվել մարզումների: Ինչքան էլ դրանք ջանքի ու աշխատասիրության վրա հիմնված լինեն, միեւնույն է՝ ուժերը չափելու, փորձով կիսվելու, լավն ընդօրինակելու անհրաժեշտությունը կա: Մարզաշխարհում այդ ամենին հասնում են համատեղ ուսումնամարզական հավաքների, միջազգային մրցաշարերի ու այլ միջոցառումների մասնակցելու միջոցով: Առաջին քայլերն արված են, եւ հուսով ենք, արդյունքները չեն ուշանա:

-Ի՞նչ ժառանգություն է ստացել նախարարությունը նախորդներից եւ ինչպե՞ս եք այն գնահատում՝ դրակա՞ն, թե՞ բացասական:

– Ունենք այն, ինչ ունենք, իսկ գնահատականնե՞ր, ես չէ, որ պետք է տամ: Այդ գործն ավելի լավ անում են մարզաշխարհն ու երկրի ղեկավարությունը: Մի բան հստակ է, այսօր նախարարությունում աշխատում են նվիրումով եւ համատեղ ուժերով, միասնական թիմով ենք փորձում էլ ավելի բարելավել ոլորտը, մանավանդ, որ Յուրի Վարդանյանի ներկայությունն արդեն պարտավորեցնող է եւ հանրությունը սպասում է հայ մարզիկների հաջողություններին:

Մենք լավ գիտակցում ենք նաեւ, որ այսօրվա խնդիրներն արդի մեթոդներով եւ հնարավորություններով պետք է լուծվեն. ինչն առաջնային ու գործող էր, ասենք, երեք տարի առաջ, այսօր բոլորովին այլ մոտեցում եւ վերաբերմունք է պահանջում: Մեր աշխատանքի գնահատականը տալու է հայ մարզասերը, իսկ գնահատականներն, անշուշտ, պայմանավորված են միջազգային մրցաշարերում գրանցած արդյունքներով, մեծ ու փոքր հաջողություններով:

-Որքա՞ն են կազմել 2014 թ. պետական բյուջեի հատկացումները մարզական ազգային ֆեդերացիաներին եւ ինչպե՞ս պետք է այն բաշխվի:

– Այս տարի մարզական ազգային ֆեդերացիաներին հատկացվել է 929 մլն դրամ: 2014 թվականի առաջին եռամսյակի հատկացումները նույնն են, ինչ անցած տարի: Պետական աջակցության ծրագրերի շրջանակում ֆինանսավորման չափը որոշվել է ըստ ֆեդերացիաների կազմած հայտերի եւ օրացուցային պլանների: Բոլոր ֆեդերացիաները գիտեն առաջին եռամսյակում իրենց հատկացումների չափը, եւ լրագրողների տարածած միտքը, թե որոշ ֆեդերացիաներ անտեղյակ են իրենց հատկացումների մասին ու չեն կարող աշխատանքային պլաններ կազմել, չի համապատասխանում իրականությանը, քանզի պլաններն ու հայտերը նախապես են կազմվում եւ դրանց համապատասխան ֆինանսավորվում: Եթե գտնվի մեկը, որ չգիտի իրեն հատկացված գումարի չափը, ապա խնդրում եմ բարձրաձայնել այդ ֆեդերացիայի անունը: Չի բացառվում, որ տարվա ընթացքում լինի հատկացումների վերաբաշխում հետեւյալ կերպ՝ լավ արդյունքներ գրանցած ֆեդերացիաներին տրվի լրացուցիչ ֆինանսավորում՝ արդյունքներ չգրանցած ֆեդերացիաների հաշվին (բյուջետային հատկացումներն արվում են եռամսյակ առ եռամսյակ):

Ցանկացած մարզիկ ձգտում է կռել իր հաղթանակը, սակայն դա միայնակ չի արվում, օգնություն է հարկավոր, որը մարզիկը ստանում է մարզիչի միջոցով, ում թիկունքին՝ աջակցությամբ, աշխատանքի կազմակերպմամբ, քաջալերմամբ ու ֆինանսավորմամբ կանգնած է պետությունը, տվյալ դեպքում սպորտի պատասխանատու կառույցը՝ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը:

Լավ աշխատողները՝ մարզիկները, ֆեդերացիաները, արդյունքի ձգտողները, պետք է զգան պետության աջակցությունը, պետք է խրախուսվեն: Ամեն ինչ պետք է անենք, որ միջազգային մրցասպարեզներում ավելի հաճախ ծածանվի հայոց եռագույնը, հնչի մեր պետության օրհներգը:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728