Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Բալասանյանն ավագանու անդամներով ի կատար ածեց Սերժ Սարգսյանի եղբոր խնդրանքը (Տեսանյութ)

Փետրվար 11,2014 16:57

Ինչպես տեղեկացրել ենք,  Գյումրու այսօրվա ավագանու նիստի օրակարգային հարցերից մեկը վերաբերում էր Գյումրիում ամեն տարի անցկացվող «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնին 5 միլիոն դրամ հատկացնելուն:

Իսկ փառատոնը անցկացվում է Ռիտա Սարգսյանի հովանու ներքո, փառատոնի համանախագահն էլ Սերժ Սարգսյանի եղբայրն է՝ «Փյունիկ» համահայկական բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Լևոն Սարգսյանը: Վերջինս նամակ էր հղել Գյումրու քաղաքապետին` խնդրելով 5 միլիոն դրամ`փառատոնը պատշաճ կազմակերպելու նպատակով:

Այսօր բավական հետաքրքիր քննարկում ծավալվեց այս թեմայի շուրջ. զեկուցողը` Գյումրու քաղաքապետարանի ֆինանսական բաժնի պետ Լենա Ջիլավյանն ու ավագանու առանձին անդամներ ելույթներ ունեցան, գովերգեցին այս գաղափարը` ասելով, որ փառատոնը Գյումրվա բրենդն է ու Լևոն Սարգսյանի խնդրանքը չպետք է մերժել:

Մինչդեռ Գյումրու ավագանու ամենաակտիվ անդամը` Լևոն Բարսեղյանը, ներկայացրեց իր նկատառումներն այս թեմայի շուրջ: «Իրենց նամակի մեջ նկարագրված է ահագին բան, բայց չկա նկարագրված մի քանի կարևոր հանգամանք, որոնք ես ձեր ուշադրությանը պիտի ներկայացնեմ: Փառատոնի անցկացման մրցույթի հայտարարության անդամակցության կանոնների մեջ հետաքրքիր մանրամասներ կան, օրինակ` ցանկացած մասնակից արտասահմանից պարտավոր է մուծում ունենալ 8 եվրոյից մինչև 100 եվրոյի չափով: Հայաստանյան որևէ մասնակից կամ Արցախից պարտավոր է 3000 դրամից մինչև 6000 դրամի մուծում, ներդրում ունենալ, երգչախմբերը 20 հազար դրամ մասնակցության վճար` այսպես ասենք: Բացառությամբ գալա համերգի մասնակիցների, մյուսները բոլորը իրենք են հոգում իրենց կեցության, սննդի, հյուրանոցային, տրանսպորտային ծախսերը, սա մրցույթի կանոնների մեջ է: Ես ենթադրում եմ, որ 197 միլիոնի մեջ չէ սա, որովհետև իրենց հայտարարած կանոնների մեջ այսպես է գրված: Այս փառատոնը միայն նախատեսում է ծածկել գալա համերգի մասնակից արտասահմանցի հյուրերի երկու գիշերավարձը: Այսինքն, այս իմաստով առավել հետաքրքրական է դառնում, թե տեսնես էդ բյուջեի կառուցվածքը ինչ է:

Մյուսը, Գյումրու քաղաքապետին է դիմել և լավ է արել, «Փյունիկ» հիմնադրամի նախագահը, բայց նա դիմել է ոչ թե «Փյունիկ» հիմնադրամին օգնելու համար, այլ երրորդ կազմակերպությանը աջակցելու համար, մի հասարակական կազմակերպության, որից ոչ մի թուղթ, հասցե, ղեկավարի անուն-ազգանուն, նախագահի կոորդինատ, հեռախոսի համար, ոչ մի բան չկա:

«Փյունիկ» հիմնադրամը, որի նախագահը դիմել է մեզ աջակցության կարգով, 2012 թվականին ունեցել է Գյումրի քաղաքի բյուջեին հավասար եկամուտ`2,9 միլիարդ դրամ, 2011 թվականին եղել է մոտավորապես 1 միլիարդ դրամ, ծախսումներ է արել մոտ 2 միլիարդ դրամի, զանազան նվիրատվություններ ու օժանդակություններ է կատարել: Ինձ համար անձամբ անհասկանալի է` ինչու այսպիսի ահռելի միջոցների տիրապետող կազմակերպության նախագահը դիմում է աղքատությամբ Հայաստանի երևի առաջին երեք քաղաքների մեջ գտնվող քաղաքին`ուզելով էդ գումարը տանել: 5 միլիոն դրամը, բոլորդ շատ լավ գիտեք, 1 կամ 2 սենյականոց բնակարանի կարող ենք վերածել և տալ անօթևան ընտանիքի, կարող ենք 4-5 հազար պարկ վառելափայտ առնել և տալ 4000 անօթևան ընտանիքներին, որպեսզի երեք օր գոնե տաքանան էդ մարդիկ… »,- ասաց Լևոն Բարսեղյանը:

Այդուհանդերձ ավագանին 15 կողմ և 1 դեմ ձայնով հլու-հնազանդ կատարեց Սերժ Սարգսյանի եղբոր խնդրանքը:

 

avagani_n_Guymri_01 avagani_n_Guymri_02

Մանրամասներըտեսանյութում:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728