Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԴ դեսպանատուն. «Ռուսաստանում ոչ թե 1,5 կամ 3 միլիոն ՀՀ քաղաքացիներ կան, այլ՝ ավելի քիչ» (Տեսանյութ)

Փետրվար 14,2014 14:59

Ռուսաստանում միգրացիոն օրենսդրության վերջերս կատարված փոփոխությունների նպատակը կարգ ու կանոն մտցնելն է:

Այսօր, այս մասին, Հայաստանում Ռուսաստանի դեսպանատանը հրավիրված ասուլիսին ասաց դեսպանատան ներկայացուցիչ Սվետլանա Ստեպանովան:

Նրա խոսքերով` 2013 թվականին Ռուսաստան մուտք են գործել 670 հազար ՀՀ քաղաքացիներ, սա 20%-ով ավելի է 2012 թվականի համեմատ: Անցյալ տարվա արդյունքներով, Ռուսաստանում աշխատանքային գործունեություն իրականացնող ՀՀ քաղաքացիների թիվը մոտ 130 հազար է:

Տիկին Ստեպանովայի խոսքերով` «2013 թվականին 37,2 հազար ՀՀ քաղաքացիներին աշխատանքի թույլտվություն է տրվել, իսկ 92,5 հազար ՀՀ քաղաքացիներին` պատենտ է տրվել: Ահա այս թվերը ներկայացրեք, այլ ոչ թե գրեք` 1,5 միլիոն, կամ 3 միլիոն Հայաստանի Հանրապետության քաղաքացի է գտնվում Ռուսաստանում»:

Սվետլանա Ստեպանովայի խոսքերով` նախորդ տարի ՌԴ 23,4 հազար ՀՀ քաղաքացիների մուտք է արգելվել, այս թիվն օրի օրի ավելանում է, ներկայումս 31,5 հազար հայերի մուտքն արգելված է Ռուսաստան, իսկ ԱՊՀ երկրներից՝ 422 հազար քաղաքացիների է արգելված մուտք գործել Ռուսաստան:

Տիկին Ստեպանովայի խոսքերով` Ռուսաստանում ռիսկի խմբում 170 հազար ՀՀ քաղաքացիներ կան. այս անձինք նրանք են, որոնք, ինչպես դեսպանատան ներկայացուցիչն ասաց` շատ վաղուց, կամ ոչ վաղուց են մուտք գործել Ռուսաստան, սպառել են կացության երկարացման բոլոր ժամկետները, դուրս չեն եկել Ռուսաստանից, աշխատանքի իրավունք չեն ձեւակերպել, չունեն պատենտ, բայց շարունակում են մնալ Ռուսաստանում. «Մենք գիտենք, որ 170 հազար ռիսկի խմբի հայ կա Ռուսաստանում, ոմանք անօրինական են աշխատում, ոմանք չգիտենք ինչ են անում, նրանք մեր բազայում են, եւ սահմանը հատելիս ավտոմատ նրանց մուտքը Ռուսաստան արգելվելու է»:

3 տարով Ռուսաստան մուտքը փակվում է այն անձանց համար, ըստ օրենսդրական փոփոխությունների, որոնք խախտել են Ռուսաստանում կացության կարգը, ասենք` սահմանված 90 օրից ավելի են մնացել, միգրացիոն հաշվառման չեն կանգնել, աշխատել են առանց թույլտվության եւ այլն: 3 տարով Ռուսաստան «ոտք չեն կարող դնել» նաեւ այն անձինք, որոնք, բացի վերը նշված խախտումների, նաեւ վարչական իրավախախտումներ ունեն. օրինակ, ինչպես տիկին Ստեպանովան ասաց` ճանապարհային երթեւեկության 2 խախտումներ կան նրա անունով արձանագրած, եթե անգամ տուգանքն էլ վճարել է, միեւնույն է, մուտքն արգելվում է: 5 տարով Ռուսաստանի սահմանների բոլոր «դռները» փակվում են այն ՀՀ քաղաքացիների համար, որոնք դեպորտ են արվել այդ երկրից:

Այս խիստ կանոնները, Մաքսային միության անդամ երկրների քաղաքացիների վրա չի տարածվում, ինչպես վստահեցրեց տիկին Ստեպանովան` նրանց` Բելառուսի, Ղազախստանի համար այլ կանոններ են.նրանք կարող են Ռուսաստանում աշխատել առանց համապատասխան թույլտվության:

Հարցին էլ` թե արդյոք ՀՀ քաղաքացիների համար էլ կանոնները կփոխվեն, եթե անդամակցենք Մաքսային միությանը, դեսպանատան ներկայացուցիչն ասաց` «Չգիտեմ, չեմ կարող ասել, քաղաքական հարցեր մի տվեք»:

Ընդհանրապես տիկին Սվետլանան հրաժարվում էր նույնիսկ ամենաթեթեւ քաղաքական ենթատեքստով հարցերին պատասխանել, պատճառաբանելով, թե ինքը կոմպետենտ չէ:

Հիշեցնենք, որ 2014թ. հունվարի 1-ից փոխվել է Ռուսաստանի Դաշնությունում մնալու կարգը. ՌԴ-ում ուժի մեջ են մտել «Ռուսաստանի Դաշնությունից ելքի եւ Ռուսաստանի Դաշնություն մուտքի մասին» եւ «Ռուսաստանի Դաշնությունում օտարերկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակի մասին» դաշնային օրենքներում կատարված փոփոխությունները: Համաձայն նոր կարգի՝ 2014թ. հունվարի 1-ից սկսած՝ ՌԴ առանց վիզա մուտքի իրավունք ունեցող պետությունների, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիները կարող են ՌԴ տարածքում մնալ 90 օր:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728