Լրահոս
Օրվա լրահոսը

Փետրվարի 20-ին տեղի կունենա «Գագկաշեն եկեղեցի» ֆիլմի շնորհանդեսը

Փետրվար 19,2014 14:41

«Գագկաշենը շատ ավելի բարդ կառույց է իր չափերով, այսինքն՝ Զվարթնոցի կրկնօրինակն է»,- այսօր՝ փետրվարի 19-ին՝ լրագրողների հետ հանդիպման ընթացքում, հայտարարեց հուշարձանագետ Սամվել Կարապետյանը:

Եկեղեցու մասին նկարահանված եռաչափ ֆիլմի` «Գագկաշեն եկեղեցու» շնորհանդեսը տեղի կունենա փետրվարի 20-ին՝ Հայաստանի ճարտարապետների միությունում, իսկ առցանց հասանելի կլինի փետրվարի 21-ին:

Ֆիլմը պատրաստվել է 40 օրվա ընթացքում, նրա տեւողությունը 7 րոպե 50 վայրկյան է: Ֆիլմի ռեժիսորն է Տիրան Կարապետյանը, եռաչափ մոդելավորողը՝ Պարգեւ Ֆրանկյանը, իսկ ձայնային ռեժիսորն Այդին Դավուդին է:

Գագկաշեն եկեղեցին կառուցվել է 1000-1020թթ. ընթացքում Անի մայրաքաղաքում՝ Բագրատունի թագավոր Գագիկ Ա-ի կողմից: Այդ ժամանակահատվածում շատ ժամանակ չէր անցել Զվարթնոցի քանդվելուց, եւ Գագիկ Ա-ն ուղարկել է Տրդատ ճարտարապետին՝ ուսումնասիրելու փլատակված Զվարթնոցի տաճարը, որից հետո արդեն տաճարը կառուցվել է: Այն օծվել է Ս. Գրիգոր Լուսավորիչի անվամբ: Պարոն Կարապետյանը նշեց, որ Տրդատ ճարտարապետը ճարտարապետական որոշ նորամուծություններ էր կատարել.

«Մինչ դա Տրդատ ճարտարապետը եղել էր Պոլսում՝ Բյուզանդիայի մայրաքաղաքում եւ, ըստ երեւույթին, մի քիչ ազդված էր, տպավորված էր Պոլսի այն օրերի ճարտարապետությամբ եւ փորձել էր այս կառույցի մեջ՝ ի տարբերություն Զվարթնոցի, կիրառել այն տարրերը, որով տպավորված էր եղել Պոլսում շրջելիս: Նա ավելի բարակացրել եւ ավելի սլացիկ էր դարձրել եւ ավելի նեղ, եւ սա բերել է նրան, որ կառուցման ավարտից հետո ճաքեր են առաջացել: Եվ արդյունքում մոտ կես դար հետո տաճարի մի մասը փլվում է»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728