Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ է ուզում իրականում ուկրաինական ընդդիմությունը, երբ փաստորեն նրան մնացել է միայն նախագահի հրաժարականը. «Հայոց աշխարհ»

Փետրվար 21,2014 12:19

Հազիվ էր Մեքսիկայում ընթացող տարածաշրջանային գագաթաժողովին մասնակցող ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ողջունել չորեքշաբթի օրվա վերջին Ուկրաինայում հաստատված հրադադարը, երբ արմատական ընդդիմության ջանքերով այն նորից վերածվեց մեծ արյունահեղության։

Եվ նորից գրոհողները ընդդիմադիրներն էին, որոնք, երեւում է, լուրջ օգնություն են ստացել արեւմտյան մարզերից։ Եվ այս անգամ էլ զոհերի զգալի մասը իրավապահներն էին, որոնք ստիպված էին նահանջել իրենց դիրքերից։ Դրա հետեւանքով՝ երեկ էվակուացվեցին անգամ Ուկրաինայի նախագահական նստավայրի եւ հարակից կառավարական շենքերի աշխատակիցները, այնպես որ բանակցությունների նպատակով Կիեւ ժամանած Ֆրանսիայի, Գերմանիայի ու Լեհաստանի արտգործնախարարները նույնպես հայտնվեցին «խաղից դուրս» վիճակում։

Արտաքուստ ստացվում է, որ ուկրաինական ընդդիմության արմատական մասը, ի դեմս «Աջ սեկտոր» խմբավորման, անտեսում է անգամ Միացյալ Նահանգների նախագահի եւ Եվրամիության առանցքային երկրների ղեկավարների կոչերը՝ համառորեն շարունակելով արյունահեղությունը։

Եվ դա այն պայմաններում, երբ թույլ ու անվճռական Վ. Յանուկովիչը, որին Ռուսաստանի վարչապետ Դ.Մեդվեդեւը հասցրել է բնորոշել իբրեւ «փալաս», համաձայնություն է հայտնել անգամ կատարելու սահմանադրական բարեփոխումների իրականացման եւ նախագահի լիազորությունների կրճատման ընդդիմադիրների պահանջը։

Ուրեմն ի՞նչ է ուզում իրականում ուկրաինական ընդդիմությունը, երբ փաստորեն նրան մնացել է միայն նախագահի հրաժարականը։ Բանական պատասխան դժվար է ստանալ, որովհետեւ այդ երկրի ընդդիմությունն իրականում Ուկրաինայի շուրջ ծավալվող իրադարձությունների պարզունակ շղարշն է։

Գոյություն ունի հստակ սցենար, որի ուրվագծերն արդեն հայտնի են 1990-ականներից՝ Բալկաններում եւ մի շարք այլ տարածաշրջաններում Արեւմուտքի իրականացրած գործողությունների ընթացքից ու արդյունքներից։ Դրա հերթական ապացույցը ՆԱՏՕ-ի կողմից Ուկրաինայի բանակի նոր ղեկավարությանն ուղղված չմիջամտելու կոչն է, որն ավելի շուտ կոշտ վերջնագիր է ներկայացնում։

Այսինքն՝ զինված գրոհայիններն առաջ են մղվում, իրավապահները հանձնվում են կամ սպանվում, իսկ բանակը նախազգուշացվում է միջամտելու հետեւանքների մասին։ Եվ զուգահեռաբար արեւմտյան երկրները հավաքվում են պատժամիջոցներ սահմանելու ոչ թե բռնության նախաձեռնողների, այլ այն կամազուրկ իշխանության հանդեպ, որն իսկապես իրեն պահում է «փալասի» նման։

Գումարային առումով տեղի ունեցողը փաստորեն զինված միջամտություն է՝ Ուկրաինան որոշակի աշխարհաքաղաքական խնդիրների լուծմանը ծառայեցնելու նպատակով, որում ժողովրդի գործոնը աստիճանաբար մղվում է հետին պլան, քանզի նրա անվան տակ ժամանում եւ կրակում են վաղուց հայտնի ֆաշիստական կազմակերպությունների զինյալները, որոնց մի մասը մասնակցել է անգամ չեչենական պատերազմին։ Ուկրաինայի արեւմտյան մարզերում իշխանությունն արդեն տապալվել է, զենքն անցել է ընդդիմադիրներին, որոնց անթաքույց աջակցություն են ցույց տալիս ոչ միայն Լեհաստանը, այլեւ Ռումինիան ու Հունգարիան։

Վարդան ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728