Լրահոս
Օրվա լրահոսը

Չպետք է անտեղի շահարկել Ուկրաինայի ցավը. Հերմինե Նաղդալյան

Փետրվար 24,2014 19:30

Ազգային ժողովի հինգերորդ նստաշրջանի հերթական քառօրյայի ժամանակ Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն  առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել՝ իր իսկ խոսքով՝ «Ուկրաինայում իշխանության կողմից մահաբեր զենքի կիրառման պատճառով զոհված քաղաքացիների հիշատակը», ինչին հետևեց ԱԺ նախագահի և դահլիճում որոշ պատգամավորների ճշգրտումը, որ չպետք է հատուկ տարանջատում մտցնել, քանզի ոստիկաններ ևս զոհվել են: Արդյո՞ք  ընդգծված միտում կար ընդդիմադիր պատգամավորի առաջարկում, պարզաբանում է ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:

– Մենք ականատեսը եղանք ընդդիմադիրների կողմից հերթական շահարկմանը, և ակնհայտ է, որ նման դեպքերում ընդդիմադիր մեր գործընկերները չեն խորշում թեմաներ ընտրելիս:

Եղբայրական Ուկրաինայի ժողովուրդը ծանրագույն ժամանակներ է ապրում: Այս մեծ քաղաքական «խաղի» մեջ «վճարման միջոցը» առաջին հերթին իր զավակների կյանքն է ու նաև՝ երկիրը: Ու, բնականաբար, բոլորս էլ ցավում և վշտակցում ենք զոհերի հարազատներին և ողջ Ուկրաինայի ժողովրդին, ինչպես և ԱԺ նախագահ պարոն Աբրահամյանը արձագանքեց, բայց դա անում ենք առանց տարբերակելու, թե ում և որ կողմի գնդակից, կամ մահաբեր ուժի կիրառումից էր ընդհատվել այդ կյանքը:

Սակայն, հնչած հարցադրումի մեջ ակնհայտ էր, որ կարևոր շեշտադրումը կատարված էր ոչ թե զոհերի կամ ցավակցության, այլ իշխանության կիրառած մահաբեր ուժի վրա: Այսինքն՝ եթե կան զոհեր նաև բարիկադի այս կողմից՝ դրանց համար ցավակցել և ցավել ընդդիմադիր կոլեգան չի առաջարկում, կամ էլ ինքը միանձնյա և միանշանակ որոշել է, որ բոլոր զոհերը հենց իշխանության կողմից զենքի «ոչ համաչափ» կիրառման պատճառով են եղել, որը, գիտենք, այդպես չէ: Եվ դահլիճում առաջարկն անող գործընկերոջ հասցեին արդարացիորեն ռեպլիկներ հնչեցին այն մասին, որ Սիրիայում, կամ մեկ այլ տեղ զոհվածներին վշտակցությամբ հանդես չեկան: Բայց դրա բացատրությունը պարզ է՝ մյուս օրինակները չեն ընկնում այս սխեմայի մեջ, այս քաղաքական զարգացումը չեն ներկայացնում, որը այդքան «հալած յուղի» պես է նստել որոշ մեր ընդդիմադիրների սրտին: Նրանց Ուկրաինան է հետաքրքիր, Ուկրաինան է ոգևորել, այդտեղ են հրճվանքով իրենց հայացքը գցել, հրճվանքով ու հույսով:

-Տիկին Նաղդալյան, ԱԺ քառօրյայում, ինչպես արդեն հայտնի դարձավ,  արտահերթ քննարկման կդրվի ՀԱԿ-ի կողմից առաջարկվող «մարտի 1»-ի հանձնաժողով ստեղծելու նախագիծը. Ի՞նչ հանգամանքներով է պայմանավորված ըստ Ձեզ ընդդիմադիրների նման օրակարգի առաջնահերթությունը.

-Ինչպես արդեն նշեցի՝ Ուկրաինայի օրինակից ոգևորված-ակտիվացած՝ էլ ցույցեր, միտինգներ, հանձնաժողով-հանձնաժողովի հետևից ստեղծելու առաջարկներն են, կարևոր չէ՝ գազ, Նաիրիտ, մարտի 1, բոլորը խառնել իրար սկզբունքով, միայն թե մի բան դուրս գա ու ինչ-որ մի «գունավոր» բան էլ այստեղից բխեցնեն:

Ու նույն գործելաոճը՝ թեմաների ընտրության մեջ ոչնչից չեն խորշում, մարդկանց դժվարությունները, կամ վիշտը , ցավը՝ ամենը պետք է ծառայեցվի իրենց նպատակին, կարևոր չէ, որ նման վարքագիծը անբարո է, և այդ կերպ, որպես քաղաքական ուժ, բացարձակ անսկզբունքայինի տպավորություն են թողնում:

Իսկ դա, իրականում, հիմնավորված է, որովհետև, ասենք օրինակ, նույն «մարտի 1-ի» հայտնի հանձնաժողովը բազմաթիվ անգամ հրավիրել է իր աշխատանքներին մասնակցել ապարդյուն կամ ականատեսների, վկաների, 10 զոհերի հետ կապված  պարզապես որևէ տեղեկատվություն ունեցողների, բացի դրանից էլ ԱԺ այսօրվա խմբակցություններից 6-ից 5-ի ներկայացուցիչները եղել են խորհրդարանի կողմից ստեղծված հանձնաժողովի կազմում, իսկ 1-ը այն ժամանակ՝ ոչ խորհրդարանականը՝ հնարավորություն ուներ, բայց չի մասնակցել: Այսօր հանձնաժողով ստեղծելու առաջարկի ջատագովներից գոնե 4-5-ը 2 տարի այդ հանձնաժողովի կազմում են եղել, և ոչ միայն պարզապես անդամակցել են, այլև գործուն մասնակից, համահեղինակ են եղել հանձնաժողովի եզրակացությունը կազմելիս, հեղինակել են եզրակացության տարբեր բաղկացուցիչ մասերը, այնպես որ,  բնական հարց է ծագում՝ ի՞նչ է փոխվել Ձեզ համար, ի՞նչ է այս ամենի տակ թաքնված, եթե ոչ դրսի հրավերով ոգևորված-թևավորված՝ մեկ անգամ չհաջողածը կրկին իրագործելու փորձ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Марина says:

    Հհկ-ն սարսափի մեջ է, կանանց մեկուսարանն էլ` պատրաստ…

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728