Լրահոս
Օրվա լրահոսը

Մարդկային կորստի ցավը. հրադադար

Փետրվար 25,2014 13:50

«Մեծերի խոսքը հարգում էր»

«Մեր մեծ գերդաստանն էս բակում ա մեծացել, հետո շատերը տեղափոխվեցին քիչ-քիչ: Հիմա մի փոքր հողակտոր ունենք, դա ենք մշակում», – պատմում է Վոլոդյան՝ Արսեն Զաքեւոսյանի հորեղբայրը:

Զաքեւոսյանների ընտանիքը Թայիրով գյուղում հաստատվել է դեռեւս նախորդ դարի կեսերին՝ պատերազմից հետո: Նրանք Հայաստան են տեղափոխվել Իրանից եւ գյուղը հիմնադրող առաջին ընտանիքներից են: Արսեն Զաքեւոսյանն էլ այս գյուղում է ծնվել 1987թ. մայիսի 3-ին: Նա Դավիթի եւ Գայանեի երեք որդիներից միջնեկն է:
Ընտանիքի անդամները շատ ասելիք ունեն Արսենի մասին, բայց առաջինը նշում են Արսենի բարձրահասակ լինելը:

«Արսենը շատ բարձրահասակ էր ու միշտ հպարտանում էր, որ հորից ու եղբայրներից բարձր է իր հասակով: Մոտ 2 մետր էր հասակը: Երբեմն դժվարությամբ էինք շորեր գտնում նրա համար»,- ասում է Արսեն Զաքեւոսյանի մայրը՝ Գայանեն:
Դավիթը՝ հայրը, պատմում է, որ որդին շատ աշխատասեր էր. «Դեռ 6 տարեկանից մեր խաղողի այգիներում օգնում էր մեզ»:

Arseni-hayry_Davity

Արսենի հայրը եւ մայրը:

Arseni-mayry_Gayanen

Մայրը հիշում է, որ թեեւ որդին երբեք չէր խոսում այդ մասին, բայց բոլորը գիտեին, որ շատ էր սիրում Հայաստանը եւ շատ էր մտահոգվում, երբ շրջապատում մտերիմները խոսում էին արտերկիր տեղափոխվելու մասին: «Երբ լսում էր արտերկիր գնալու մասին, Արսենը, չնայած չէր արտահայտվում, բայց բոլորս զգում էինք, որ շատ էր նեղվում, մենակ էդ մտքից: Դպրոցում սովորելիս՝ ամենից շատ սիրում էր հայոց լեզու եւ գրականություն, պատմություն առարկաները: Հայրենասիրական երգեր էր սովորում ու երգում մեզ համար»,- ասում է Գայանեն:

«Իմ բոլոր թոռնիկներն էլ լավն են, բայց Արսենը շատ ուրիշ տեսակ հոգատար էր, տան խնդիրների մասին շատ էր մտածում, ուզում էր օգնել ծնողներին»,- պատմում է Արսենի տատիկը՝ 78-ամյա Սրբուհին:

Arseni-horeghbayry-ev-tatik

Արսենի հորեղբայրը եւ տատիկը:

«Շատ ավելի խնայող էր, քան մյուս երկու եղբայրները: Մի կարճ ժամանակ աշխատեց ու էդ գումարով փոշեկուլ գնեց ինձ համար: Հետո օդափոխիչ էր առել: Ուզում էր, որ մի բանով մեզ օգնի, ուրախացնի»,- հիշում է մայրը:

Գայանեն նշում է, որ որդին բնավորությամբ շատ հանգիստ էր, ամաչկոտ, մեծերի խոսքը շատ հարգում էր, նույնիսկ, երբ բարկանում էին, երբեք չէր հակաճառում՝ լուռ ընդունում էր:
«Արսենը փոքր էր, ընտանիքով հյուր էինք գնացել: Մեկ էլ տեսնենք մեծ եղբայրը լացելով եկավ, երեխաները նեղացրել էին: Հանկարծ տեսնենք Արսենն էլ ա հետեւից լացում: Նեղվել էր, որ եղբորը նեղացրել էին»,- հիշում է Վոլոդյան՝ հորեղբայրը, ու ավելացնում, որ Արսենը կենսուրախ եւ ընկերասեր երիտասարդ էր, շատ էր սիրում նշել եկեղեցական տոները, հատկապես՝ Զատիկը, Վարդավառը:

Ծնողներն ասում են, որ Արսենը մտադիր էր զինծառայությունն ավարտելուց հետո ընդունվել Երեւանի Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտ: Նա մի քանի տարի շարունակ զբաղվել էր բոքսով ու մասնակցել շրջանային մրցաշարերի:

2005թ. Արսեն Զաքեւոսյանը զորակոչվում է զինծառայության:

«Տղայիս կյանքը շատ կարճ տեւեց, անդարդ, անցավ երեխա էր: Իրա ճակատագիրն էր, ոչ մի բան չէինք կարող փոխել»,- ասում է հայրը:

Սրբուհի տատիկն էլ, աչքերից արցունքները սրբելով, ասում է, որ Արսենի ընկերներից մեկը որդուն կոչել է Արսենի անունով:

Արսեն Զաքեւոսյանը զոհվել է 2006թ. մարտի 3-ին, ադրբեջանական կողմի դիպուկահարի գնդակից: Նա 18 տարեկան էր:

«Մարդկային կորստի ցավը. հրադադար» ակնարկների շարքը պատրաստում է «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպությունը:
Եթե ունեք տվյալներ հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով զոհված զինվորների եւ քաղաքացիական անձանց մասին, ապա խնդրում ենք զանգահարել 098804800:

Ակնարկը պատրաստվել է բրիտանական կառավարության ֆինանսական աջակցությամբ։
Տվյալների հավաքագրմանն աջակցել է ՀՀ պաշտպանության նախարարությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728