Լրահոս
Օրվա լրահոսը

Անահիտ Բախշյանը` Ռոբերտ Քոչարյանին. «Ոչ խիղճ ունի, ոչ սիրտ ունի, և մեկ էլ տեսար որոշեց Հայաստանի թագավոր դառնալ» (Տեսանյութ)

Մարտ 03,2014 16:13

«Եթե մարդ ամոթ, խիղճ ունի, ինքը, երբ տեսնում է այն հակադարձումը հասարակության կողմից, միայն իր անունը լսելու և ցնցումների մեջ ընկնելու փաստը, ինքը պիտի վերանա, չերևա»,-«Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանը Aravot.am-ի հարցին` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հավանական վերադարձի մասին, այսպես պատասխանեց:

Միևնույն ժամանակ նա նկատեց. «Բայց այդ մարդը լավ էլ երևում է, հետևաբար, ոչ խիղճ ունի, ոչ սիրտ ունի, և մեկ էլ տեսար որոշեց Հայաստանի թագավոր դառնալ, քանի որ համը բերանն է մնացել, պակաս բաներ կան»:

Ռոբերտ Քոչարյանի հավանական վերադարձի մասին խոսակցությունները նոր թափ առան այն ժամանակ, երբ մարտի 1-ի հանրահավաքի ժամանակ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը Գագիկ Ծառուկյանին համեմատեց Իվանիշվիլիի հետ: Արդյոք այս «հեռակա հաճոյախոսությունները» Գագիկ Ծառուկյանին, համախմբման հեռանկար ունեն, կամ երկկողմանի գործարքի գնալու մասի՞ն են վկայում: Այս առիթով ՀՀ Պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանն այսպիսի կարծիք հայտնեց. «Չեմ կարող ասել, թե ինչ է եղել Լևոն Տեր-Պետրոսյանի մտքում: Բայց նա մտավորական մարդ է և դատարկ, ներքին իմաստ չունեցող խոսքեր նա քիչ է ասում»:

Իսկ այն հարցին, թե Լևոն Տեր-Պետրոսյանի ուղերձը՝ ուղղված Գագիկ Ծառուկյանին, արդյոք փոխադա՞րձ է , կամ հնարավո՞ր է այն սցենարը, որ Իվանիշվիլին հենց Ռոբերտ Քոչարյանն է, Վահան Շիրխանյանն այսպես արձագանքեց. «Իշխանության ձգտող ցանկացած ուժ կարող է գտնել համագործակցության եզրեր իր երեկվա թշնամու հետ: Ցավոք, ես չեմ կարող ասել, որ դաշտում կա այդ բանին ձգտող ուժ»:

Ռոբերտ Քոչարյանի` իրական Իվանիշվիլի լինելու հանգամանքի մասին էլ պարոն Շիրխանյանն ասաց. «Քոչարյանն իր ժամանակ կարող էր լինել Իվանիշվիլի: Եթե ուզում էր երկրին ծառայել, տասը տարի ժամանակ ուներ»:

Aravot.am-ի հարցին` այնուամենայնիվ` հավանակա՞ն է, որ Ռոբերտ Քոչարյանը վերադառնա, պարոն Շիրխանյանն այսպես արձագանքեց. «Համարում եմ, որ դա լինի նոր ողբերգության սկիզբ Հայաստանում»:

Պարոն Շիրխանյանն առանձնապես հույսեր չունի, թե հնարավոր և արդյունավետ համախմբումներ կլինեն քաղաքական դաշտում: Նրա կարծիքով` «համախմբումը կլինի արհեստական, կամ ինչ որ նպատակների համար: Միակ ելքը համակարգից հրաժարվելն է: Վազգենն ասում էր` ջուրը պղտոր է, ջուրը պետք է փոխել, չթողեցի, քանի որ դա ձեռնտու չէ»: Անահիտ Բախշյանի կարծիքով` «Համակարգը փոխելու համար քաղաքական ուժերի դասավորությունը ԱԺ-ում պիտի փոխվի, իսկ դրա համար նոր ընտրություններ են պետք»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31