Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանը ի վիճակի չէ և ուշացել է հանդես գալ եղեռնի 100 -ամյակին նվիրված սեփական ֆիլմով». կինոռեժիսոր

Մարտ 03,2014 21:10

Այս մասին մեզ հետ զրույցում ասաց կինոռեժիսոր, պրոդյուսեր  Արմեն Գասպարյանը, ով պատրաստվում է «Բանալիներ» վերնագրով գեղարվեստական ֆիլմ նկարահանել նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյակին: «Հիմա բանակցություններ են  ընթանում հայկական մասնավոր կինոընկերության , ինչպես նաև  Ֆրանսիայի, Հոլանդիայի և Ռուսաստանի  ներդրողների հետ ֆիլմը նկարահանելու համար, սակայն հետ պահող հանգամանքներից մեկն այն է, որ այստեղ էլ Հայաստանը դեռ  չի կողմնորոշվում պետական մակարդակով  ֆիլմի նկարահանմանը մասնակցելու: Իսկ ֆիլմը 2015 թվականի ապրիլի 24-ին պետք է պատրաստ լինի», -ասաց կինոռեժիսորը:

Մինչդեռ, ըստ Արմեն Գասպարյանի,  թուրքերը ցեղասպանության մասին պատրաստում են մեծ կինոնախագծեր, որոնցից մեկը   պատրաստ է արդեն,  կոչվում է «120»: «Ես կարող եմ ասել, որ սեփական ֆիլմով Հայաստանը, կարծես թե, ի վիճակի չէ մասնակցել եղեռնի 100-ամյակին: Հայաստանը չի կողմնորոշվել,  իսկ թուրքերը արդեն ունեն ֆիլմ: Եթե կայքում նայեք, թուրքերի ֆիլմը  կոչվում է «120», իրենք պատահական չէ, որ էդ թեման են ընտրել, 120-ը այն թուրք երեխաներն են, ովքեր ցրտին, սառնամանիքին զինամթերք են հասցնում թուրք զինվորներին`Սարիղամիշում:  Ինչի՞ց է սկսվել ցեղասպանությունը, պաշտոնական ու ոչ պաշտոնական տեսակետով այն սկսվել է թուրքական բանակի պարտությամբ Սարիղամիշում: Թուրքիան իր  մեկնաբանությունը ցեղասպանության արդեն ցուցաբերել է: Հիմա օրը եկել, հասել է, պաշտոնական տեսակետ կա, որ Հայաստանը ի վիճակի չէ ներկայանալ սեփական ֆիլմով: Կարող է ինչ-որ մի բան նկարվի, «Մոսկվա կինոթատրոնը» մի երկու շաբաթ  ցույց տա, վերջանա, գնա: Մերը մի քիչ ուրիշ պատմություն է, մեր երաշխիքը եվրոպական պրոկատն է: Սա միջազգային կինոնախագիծ է: Իսկ միջազգային կինոպրոցեսը ունի իր օրենքները, Հայաստանը դուրս է այդ օրենքներից, բայց, քանի որ բոլորիս համար եղեռնը սուրբ թեմա է, այսպես, թե այնպես Հայաստանը իրավունք չունի չմասնակցելու»:

Արմեն Գասպարյանի տեղեկացմամբ, այս ֆիլմում ինքը հանդես կգա որպես սցենարի հեղինակ, քննարկվելու է նաև ռեժիսորի հարցը. որպես ռեժիսոր հանդես կգա կամ ինքը  կամ  եվրոպացի որևէ հայտնի ռեժիսոր:

Իսկ թե ինչո՞ւ է ֆիլմը կոչվում «Բանալիներ», Ամեն Գասպարյանը այսպես պարզաբանեց. «Այն իրական պատմություն է, մի թուրք ընտանիքի մասին է, որը 4 սերունդ պահել է հայի տան բանալին, այսինքն` 1915 թվականից մինչև մեր օրերս  բանալիները պահել է` հույս ունենալով, որ հայերը  կվերադառնան իրենց երկիրը: Սցենարով ցեղասպանությունից փրկված աղջկա ծոռը  Ֆրանսիայից վերադառնում ու հանդիպում է թուրք ընտանիքին: Ամբողջ  ֆիլմը իրենց հիշողությունների, իրենց ընտանիքի, իրենց տան պատմությունն է»:

Քանի որ մտավախություն կա, թե  Թուրքիայում նկարահանումներ կատարելիս կարող է  խնդիրներ ծագեն,  ֆրանսիական կողմի  առաջարկով ֆիլմը կնկարահանվի Բուլղարիայում կամ Բոսնիա-Հերցոգովինայում:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Գալուստ says:

    Մեր այսօրվա Հայաստանի կեղծ,զավթիչ ղեկավարները,մինչև այսօր ոչ մի համազգային հարց չեն լուծել: Լինի դա եղեռնի հարցով,մշակույթի հարցով, և ամեն մի հարցով որ ժողովրդին օգուտ կբերի: Եթե պետական բյջեյում գումար հայտնվի,ինչի պետքա ֆիլմ նկարահանեն ավելի Լավ է այդ գումարը գողանան: Սեռժը ասելիք չունի ժողովրդին թե իր իշխանական տարիներին ինչ համացգային հարցեր է լուծել: Բայց ինչ համաօլիգարխական հարցե՛ր է լուծել հաշվել հնարավոր չե:

  2. Լուսինե says:

    Շատ ափսոս, որ Արևմտյան Հայաստանում չեն նկարելու… Երնեկ մի օր ես ել կարողանայի վերադառնալ իմ պապերի տունը…

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31