Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆրունզե Մկրտչյանի հիշատակին նվիրված հուշ-երեկո Թբիլիսիում

Մարտ 12,2014 15:55

Մարտի 11-ին Թբիլիսիում՝ Վրաստանի խորհրդարանի ազգային գրադարանի մեծ դահլիճում, կայացավ նշանավոր հայ դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ֆրունզե Մկրտչյանի հիշատակին նվիրված հուշ-երեկո: «Ֆրունզիկ Մկրտչյան. 20 տարի անց» խորագրով այս միջոցառումը կազմակերպվել էր Վրաստանում Հայաստանի դեսպանության հովանավորությամբ՝ «Կովկասյան տուն» մշակութային կապերի կենտրոնի կողմից և աջակցությամբ Վրաստանի խորհրդարանի ազգային գրադարանի:

Հայտնի կատակերգու, կինոյի և թատրոնի մեծ վարպետ Ֆրունզե Մկրտչյանին սիրում և գնահատում են ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհի բազմաթիվ երկրներում և մասնավորապես՝ Վրաստանում, ու պատահական չէ, որ նրա մահից 20 տարի անց հենց Թբիլիսիում, Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանի անմիջական ջանքերով կազմակերպվեց և անցկացվեց նրա հիշատակին նվիրված այս գեղեցիկ միջոցառումը:
Միջոցառման բացմանը ողջույնի խոսքով հանդես եկավ դեսպան Հովհաննես Մանուկյանը։ ՀՀ դեսպանը մասնավորապես նշեց. «Ընդամենը վերջերս՝ դեկտեմբերի 29-ին, լրացավ 20 տարին, ինչ Ֆրունզե Մկրտչյանը մեզ հետ չէ: Բայց նրա մեծ տաղանդի և խաղացած փայլուն դերերի շնորհիվ Ֆրունզե Մկրտչյանը միշտ կմնա մեր սրտերում: Մեծ տաղանդի շնորհիվ Ֆրունզեն անկրկնելի Վախթանգ Կիկաբիձեի հետ միասին «Միմինո» ֆիլմում կարողացավ ցուցադրել հայ-վրացական ընկերության և բարեկամության էտալոնը: Այդ առումով Ֆրունզե Մկրտչյանը լիարժեք կարող է համարվել Հայաստանի մշակութային, ավելին՝ ժողովրդական դեսպանը մեր բարեկամ Վրաստանում»:
Բացման խոսքով հանդես եկավ և երեկոյի հյուրերին ողջունեց նաև Վրաստանի Համերաշխության և քաղաքացիական հավասարության նախարար Պաատա Զաքարեաշվիլին, ով խոսեց հայ-վրացական դարավոր եղբայրության և բարեկամության մասին՝ միաժամանակ հայտնելով իր ակնածանքը և սերը Ֆրունզե Մկրտչյանի և նրա արվեստի հանդեպ:

Վրաստանում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Երմուխամետ Երթսբաեվը հանդես եկավ գնահատանքի խոսքով. «Երբ մարդը հանճարեղ արտիստ է, նա ազգային պատկանելություն չունի: Ինչպես դերասանն էր ասում, կյանքում ամեն բան անցողիկ է, միայն արվեստն է, որ անմահ է»։
Հրավիրվածներին ներկայացվեցին «Միմինո» ֆիլմի ռեժիսոր Գեորգի Դանելիայի, «Միմինո» և «Կին-ձա-ձա» ֆիլմերի սցենարի հեղինակ Ռևազ Գաբրիաձեի և «Միմինո» ֆիլմում Ֆրունզե Մկրտչյանի խաղընկեր Վախթանգ Կիկաբիձեի՝ հատուկ այդ երեկոյի համար տեսագրված ողջույնի խոսքերը՝ համեմված մեծանուն հայ դերասանի հետ առնչվող հետաքրքիր և հումորային հիշողություններով: Ներկայացվեցին վիդեո-կադրեր՝ «Միմինո», «Մի վշտանա», «Զինվորն ու փիղը» և «Կովկասի գերուհին» հայտնի ֆիլմերից: Միաժամանակ կազմակերպվել էր Ֆրունզե Մկրտչյանի գրաֆիկական աշխատանքների ցուցահանդեսը, որն առաջին անգամ էր ցուցադրվում Վրաստանում և դերասանի նկարների եզակի ֆոտո-շարքի ցուցադրությունը:

Միջոցառման համերգային մասում հանդես եկավ «Հայարտուն» մշակութային կենտրոնի «Ջեյրան» պարային համույթը: Երաժշտական կատարումներով հանդես եկան Թբիլիսիի պետական համալսարանի «Համալսարան» վոկալային անսամբլը, «Հայաստանի Ձայն» մրցույթի հաղթող Աննա Խանչալյանը, վրաց երգիչ Դավիթ Պատարիձեն, թբիլիսահայ անհատ կատարողներ Նինա Կարապետյանը, Էմմա Պողոսյանը և Հովհաննես Շահնազարյանը:

Հուշ երեկոյի ավարտին Գարի Դավթյան տիկնիկային մշակույթի տան տնօրեն Ժաննա Դավթյանը, հանդիսատեսի հետ կիսվելով Ֆրունզե Մկրտչյանի վերաբերյալ ունեցած իր հիշողություններով, բեմ դուրս բերեց տիկնիկագործ Գարի Դավթյանի՝ Ֆրունզե Մկրտչյանի նմանությամբ պատրաստած տիկնիկը:

Հուշ-երեկոյին մասնակցում էին Վրաստանի Համերաշխության և քաղաքացիական հավասարության նախարար Պաատա Զաքարեաշվիլին, Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ, Վրաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններ և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագիտական կազմը, վրաց հասարակական և մշակութային գործիչներ, հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ:

Մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31