Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Իմ բողոք-դիմումներում առեւանգման մասին բազմաթիվ անգամ նշել եմ ես եւ ականատեսները»

Մարտ 18,2014 14:17
femida

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Ազատի Սարգսյանին

Ձեզ է դիմում ՀՀ Երեւանի մի հուսահատված բնակիչ՝ հայր, որը չի կարող այլեւս կողմնապահ մնալ իր որդու դեմ կատարվող անօրինական քայլերին:

Դիմում եմ Ձեզ, հույս ունենալով, որ ինձ կհասկանաք, քանի որ Դուք էլ եք հայր եւ մի պահ կպատկերացնեք, թե ինչ է զգում հայրը, երբ տեսնում է, թե ինչքան անարդար են վարվում իր զավակի հետ: Ոչ մի հայ ծնող՝ ոչ մի մայր եւ ոչ մի հայր իրավունք չունի տեսնելու իր անմեղ զավակին դատապարտված:

Տղաս հայրենասեր եւ մեծ հավատքով հայ քրիստոնյա երիտասարդ է: Մինչ 2012թ. մայիսի 11-ը նա դասավանդել է Երեւանի պետական տնտեսագիտության համալսարանում՝ տնտեսագիտական գիտությունների թեկնածու է:

Նրան՝ որպես համեստության, բարության եւ ազնվության խորհրդանիշ, ընդունել են բոլորը՝ եւ ուսանողները, եւ ընկերները: Տղայիս առեւանգել են, ծեծել, թալանել իմ եւ տղայիս ողջ ունեցվածքը, խլել են տունս, իսկ այսօր տուժողը ձերբակալված է, իսկ հանցագործներն ու վաշխառուները ազատության մեջ են: Առ այսօր ՀՔԾ-ի քննիչ Էդգար Հակոբյանն արդարացնում է բոլոր վաշխառուներին: Տղայիս առեւանգումը կազմակերպել եւ իրականացրել են Պետական եկամուտների կոմիտեի ՕՀՎ բաժնի պետ Արման Սարգսյանը, նրա բաժնի աշխատակիցները, եղբայրը՝ Գուրգեն Սարգսյանը, «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի տնօրեն Վահրամ Մկրտչյանը, Մաթեւոս Մելիքսեթյանը: Իմ բողոք -դիմումներում առեւանգման մասին բազմաթիվ անգամ նշել եմ ես եւ ականատեսները, նախաքննական մարմնին ներկայացրել եմ տղայիս ծեծված ու խոշտանգված նկարները, սակայն քննիչ Հակոբյանը բացահայտ անտեսում է մի շարք ապացույցներ ու վկաների ցուցմունքներ: Տղաս ուներ տարադրամի փոխանակման կետեր եւ լոմբարդներ, որտեղ շրջանառվում էին գումարները: Տարիներ շարունակ բոլոր անձինք տղայիցս եւ ինձնից ստացել են բարձր տոկոսներով գումարներ (յուրաքանչյուր ամիս 4%, 5 % կամ 7%): Բոլորին անխտիր յուրաքանչյուր ամիս տրվել է տոկոսներ, իսկ այսօր քննիչը նրանց ներկայացնում է որպես տուժածներ: Տղայիս առաջադրվել է անհիմն մեղադրանք: Նրան որպես մեղադրյալ ներգրավելու որոշումը պատճառաբանված չէ եւ, առհասարակ, անհասկանալի է, թե ինչ հանցավոր արարք կատարելու մեջ է նա մեղադրվում: Մեր անհանգստությունը հատկապես մեծ է այն պատճառով, որ գործի քննության ընթացքում չենք նկատում այն քայլերը, որ ուղղված կլինեին իրական հանցագործների դեմ: Ոչ մի խարդախության հիմք չունենալով՝ տղաս արդեն յոթ ամիս մեկուսացված է: Ինձ այլեւս ոչինչ չի վախեցնում: Երբ առեւանգիչներ Արման եւ Գուրգեն Սարգսյանները, Վահրամ Մկրտչյանը, Մաթեւոս Մելիքսեթյանը սպառնում էին ընտանիքիս, ամիսներ շարունակ մեքենաներով հետապնդում բոլորիս, ես այն ժամանակ որդուս խնդրանքով լռել եմ, իսկ հիմա այլեւս չեմ ուզում եւ չեմ կարող լռել: Իսկապես անհասկանալի է ՀՔԾ-ի քննիչ Է.Հակոբյանի եւ քննչական խմբի որդեգրած վարքագիծը՝ հանցագործության բացահայտման գործում, քանի որ որեւէ էական տեղաշարժ այս ժամանակահատվածում չի նկատվում իրականությունը պարզելու գործում: Ցավալի է, որ այսպես են աշխատում քննիչները, այն էլ Հատուկ քննչական ծառայությունում: Նամակս չծանրաբեռնելու նպատակով, գործին վերաբերող բազմաթիվ ապացույցներ ներկայացվել են ցպահանջ, իսկ այժմ հակիրճ ներկայացնենք իրավիճակը:

Արդեն 4 անգամ, հանիրավի, առանց որեւէ իրական հիմքի, նախաքննություն իրականացնող մարմինը կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդություն հարուցելու մասին որոշում է ընդունել, իսկ դատարանը, առանց որեւէ ողջամիտ հիմնավորման, բավարարել է այն: Նույն ձեռագիրը շարունակվում է: Առեւանգողների կատարած բոլոր անմարդկային արարքների մասին բազմաթիվ ապացույցներ ներկայացված եւ կցված են գործին: Ես այս մասին նամակով հայտնել եմ նաեւ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին: Դեկտեմբերի 20-ին ստացա նամակիս պատասխանը՝ «քննության առարկա դարձնել դիմումում նշված փաստարկները, կատարել դրանցից բխող գործողություններ»: Սակայն քննիչ Հակոբյանն այս հրահանգն էլ շրջանցեց. առ այսօր քրեական գործ չի հարուցում Արման եւ Գուրգեն Սարգսյանների, Վահրամ Մկրտչյանի, Մաթեւոս Մելիքսեթյանի նկատմամբ, որոնք խոշտանգել ու նվաստացրել են տղայիս մարդկային արժանապատվությունը:

Մեծարգո պարոն նախագահ, տղայիս կնոջ՝ Գոհար Բաղրամյանի կողմից Ձեզ ուղղված նամակ-խնդրանքը տպագրվեց «Առավոտ» թերթում: Հոդածը տպվելու հաջորդ օրը քննիչ Է.Հակոբյանը գնում է մեկուսարան եւ եւս երկու հոդված է ավելացնում մեղադրանքին: Նույն պահին հայտարարում է, որ նախաքննությունն ավարտված է, եւ գործն ուղարկվում է դատարան՝ առանց առեւանգման, թալանի փաստերը հաշվի առնելու: Ուզում եմ տեղեկացնել նաեւ, որ ՀՔԾ-ի գործը քննող քննչական խմբի քննիչը կաշառք է պահանջել տղայիցս՝ գործն արդար ուղղությամբ տանելու համար: Կան փաստեր այդ մասին, եւ տղաս հայտարարություն է տվել ԱԱԾ եւ ՀՀ գլխավոր դատախազություն: Դիմումը չենք ներկայացրել ՀՔԾ, քանի որ այլեւս կորցրել ենք վստահությունն այդ կառույցի նկատմամբ:

Հարգարժան պարոն նախագահ, մարդիկ, որոնք ականատես են եղել ընտանիքիս նկատմամբ կատարվող բոլոր անօրինականություններին եւ դաժանություններին, նամակներով դիմում են ՀՔԾ, որպեսզի հարցաքննվեն որպես վկա: Վկաներին զանգահարում եւ սպառնում են, որ հրաժարվեն եւ ցուցմունք չտան: Հարց է առաջանում, որտեղի՞ց նրանց տեղեկություններ այն մասին, թե ովքեր են ուզում եւ երբ են գնալու ցուցմունք տալու, եթե այդ մասին գիտեն միայն ՀՔԾ-ում: Ես իմ բողոքի ձայնն եմ բարձրացնում ստեղծված իրավիճակի կապակցությամբ, գտնում եմ, որ այն, ինչ կատարվում է իմ ընտանիքի նկատմամբ, արդարացի չէ: Նկատի ունենալով, որ մինչ օրս որդիս ապօրինաբար պահվում է անազատության մեջ, եւ նախաքննություն իրականացնող մարմինն իրականությունը բացահայտելու փոխարեն, փորձում է արդարացնել հանցագործներին, եւ ընդամենը զբաղված է տառացիորեն նույն անհիմն պատճառաբանություններով ու դեկլարատիվ բնույթ կրող հիմնավորումներով՝ միջնորդություններ հարուցել դատարան՝ որդուս կալանքի ժամկետը երկարացնելու համար, արդարության հասնելու ակնկալիքով՝ կրկին անգամ դիմում եմ Ձեզ՝ խնդրելով համապատասխան ցուցումներ տալ իրավասու մարմիններին հնարավորինս սեղմ ժամկետում ձեռնարկելու կոնկրետ քայլեր՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու եւ որդուս ազատ արձակելու համար, քրեական գործ հարուցել առեւանգողների եւ թալանի կազմակերպիչների նկատմամբ: Այս ամիսների ընթացքում ընտանիքս հայտնվել է անելանելի ծանր դրության մեջ, հոգեբանական վատթար վիճակն ուղղակիորեն ազդում է որդուս անչափահաս երեխաների վրա:
Հարգարժան պարոն Սարգսյան, կրկին անգամ խնդրում եմ Ձեր անմիջական հետեւողականությունը՝ սույն գործով օրինականության եւ արդարության հաստատման համար: Խնդրում եմ հանձնարարել տղայիս նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացնել:

Է.Գ. ՂՈՒԿԱՍՅԱՆ

ՀՀ քաղաքացի

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31