Լրահոս
Օրվա լրահոսը

Ղրիմը «նախադեպ» չի

Մարտ 19,2014 12:45

Ինքնորոշված ԼՂՀով Կրեմլին նոր «տորգի» «հնարավորությո՞ւն» ենք ընձեռում

Մարտի 18-ին Կրեմլում մեծ շուքով ստորագրվեց Ղրիմի Հանրապետությունը եւ Սեւաստոպոլ քաղաքը Ռուսաստանի Դաշնության կազմում ընդգրկելու մասին համաձայնագիրը:

Նույն օրը Ղարաբաղում` Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, տոնական մեծ համերգ, կարելի է ասել` իսկական տոնախմբություն անցկացվեց` նվիրված «Ղրիմի ժողովրդի ինքնորոշմանը»: Տոնական միջոցառմանը մասնակցել են Լեռնային Ղարաբաղի բարձրաստիճան պաշտոնյաներ՝ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը: Պաշտոնյաների պարզաբանումները հետեւյալն են` բոլոր ինքնորոշված ժողովուրդներին, այդ թվում՝ Ղրիմի բնակչությանը ողջունում ենք:

Մարտի 17-ին ԼՂՀ ԱԳՆ-ն հայտարարություն տարածեց, որում ասվում էր, թե Ղրիմի Ինքնավար Հանրապետությունում հանրաքվեի անցկացումը դիտարկում են որպես ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրականացման հերթական դրսեւորում: Այնուհետեւ Լեռնային Ղարաբաղի խորհրդարանը հայտարարեց, որ ԱԺ-ի խմբակցություններն եւ պատգամավորական խումբը ողջունում են Ղրիմի ժողովրդին պատմական հնարավորությունը իրացնելու առթիվ:

Փաստորեն ղարաբաղյան «վերածնունդը» այսօր նույնացվում, կամ հավասարեցվում է Ուկրաինայում ռուսական ներխուժման արդյունքում հետեւած մի գործընթացի հետ, ավելին` ողջունվում եւ «պատմական հնարավորություն» անվանվում:

Ժողովուրդների կամարտահայտության դրսեւորումը, այո՛, դրական է եւ ոգեւորիչ բոլորի համար, այո, հայկական կողմը մշտապես պետք է ընդգծի, որ միջազգային իրավունքում պետությունների տարածքային ամբողջականությունը գերակա չէ ժողովրդի ազատ կամարտահայտության նկատմամբ: Բայց անհասկանալի է մեկ այլ փաստ. Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը անցնել ու անցնում է իր ինքնորոշման` բարդ ճանապարհը: Մեկ օրում «անկախության հռչակագիր» ընդունելը, նույն րոպեին Ռուսաստանի Դաշնությանը միավորվելու դիմում ներկայացնելը, իսկ այնուհետեւ նույն օրը` արագացված կարգով, Ղրիմն ու Սեւաստոպոլը ՌԴ-ի կազմում ընդգրկելու վերաբերյալ համաձայնագրերի ստորագրումը պաշտոնական Ստեփանակերտն ի՞նչ տրամաբանությամբ է համարում «պատմական հնարավորություն»:

Միամիտ կլինի կարծել, թե Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կայացած տոնախմբությունը պաշտոնական Երեւանի հետ համաձայնեցված չի եղել, այդ իսկ պատճառով պատեհ առիթ է նշելու, որ ռուսական ամեն նախաձեռնության նկատմամբ չպատճառաբանված քծնանքը հարիր չէ մի ժողովրդին, որը քաղաքակիրթ աշխարհից ակնկալում է ԼՂՀ միջազգային ճանաչում: Հետաքրքրական է, թե նման տոնախմբություն ինչու՞ չանցկացվեց Ստեփանակերտում, երբ հռչակվեց Կոսովոն։ Թե՞ Կոսովոյի նախադեպով ոգեւորվելը Կրեմլին դուր չէր գա…

Հայկական կողմը` ԽՍՀՄ փլուզումից հետո անցած անկախության բարդ ճանապարհին, ղարաբաղյան` մեզ պարտադրված պատերազմում հաղթանակներ է ունեցել ոչ միայն ռազմի դաշտում, այլեւ այդ հաղթանակները կարողացել է արձանագրել նաեւ դիվանագիտական ճակատում` Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը դարձնելով հիմնական հենման կետ: Մենք քաղաքակիրթ աշխարհից ակնկալում ենք ԼՂՀ միջազգային ճանաչում, բայց այսօր, երբ ողջ քաղաքակիրթ աշխարհը դատապարտում է ռուսական ռազմական ներխուժումը մեկ այլ ինքնիշխան երկիր եւ դրան հաջորդած Ղրիմի հանրաքվեն, համարում ենք` «ինքնորոշման իրավունքի իրացման եւս մեկ նախադեպ» ու «պատմական հնարավորություն»` դրանով իսկ, կարծես, նսեմացնում ենք 1991թ. դեկտեմբերի 10-ի` իրավամբ, պատմական օրը, երբ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը հանրաքվեով որոշեց Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը:

Լեռնային Ղարաբաղի` միջազգային ճանաչման ակնկալիքն աշխարհից մեր իսկ ձեռքով «ղրիմյան պատմական հնարավորության» հետ նույն մակարդակին իջեցնելով ու հավասարեցնելով ՀՀ-ի եւ ԼՂՀ իշխանությունները ոչ միայն վտանգավոր «նախադեպ» են ստեղծում հայկական կողմի համար, այլեւ` ինքնորոշված ԼՂՀ-ով Կրեմլին նոր «տորգի» «հնարավորություն» են ընձեռում: Այսքանը գիտակցելու համար, կարծես, առանձնահատուկ խորաթափանցություն պետք չէր ունենալ:

Սակայն, ինչպես երեւում է, այժմ էլ մտնում ենք` «Ղրիմի նախադեպի» հայկական տիրաժավորման փուլ: Զորի Բալայանի նամակին արդեն հետեւում են նոր վերլուծություններ` Ռուսաստանի կազմում Ղարաբաղի ընդգրկման հնարավորությունների վերաբերյալ ու եզրակացություններ այն մասին, թե Ղարաբաղը կարող է միանալ ոչ միայն Հայաստանին, այլեւ` Ռուսաստանին:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31