Լրահոս
Օրվա լրահոսը

«Նախ գտեք ձեր Ռամզեսին»

Մարտ 20,2014 14:45

Խորհրդարանական ոչ իշխանական չորս ուժերին առաջարկում է
ԱԺ պատգամավոր Մարգարիտ Եսայանը

– Խորհրդարանական ոչ իշխանական չորս ուժերը երեկ որոշում կայացրեցին կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը ապրիլի 28-ի քառօրյայի օրակարգ մտցնելու մասին: Ինչպե՞ս եք վերաբերվում այդ որոշմանը, ՀՀԿ-ում դա խուճապի առիթ կտա՞, մանավանդ, որ վերջին խորհրդարանական ճեպազրույցներում ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանն ասաց, որ իշխանությունից արդեն բեկորներ են պոկվում: Ի դեպ, ՀԱԿ-ում եւ «Ժառանգությունում» գտնում են, որ կառավարության հրաժարականին պետք է հետեւի Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջը:

– Այս հարցին պատասխանելիս չեմ կարող շրջանցել պարոնյանական հայտնի մի քանի ասույթներ, մասնավորապես, հայտնի «Փող ղրկեք»-ը, «Մեծապատիվ մուրացկանները» կամ ոչ պակաս հայտնի «Յոթ նիստ ըրինք եւ յոթ նիստին մեջ բան մը չըրինք»-ը. ցավոք, քառյակը շատ նման է հրաշալի երգիծաբանի ժամանակների երեսփոխաններին: Դուք ասում եք, թե չորս ուժերը վերջապես որոշեցին կառավարության իմփիչմենթի մասին, ես էլ հարցնում եմ` իսկ ի՞նչ անեն այդ ուժեր կոչվածի տակ ապաստան գտած մարդիկ: Շատերի քաղաքական կարիերան անկասելի արագությամբ ավարտվում է, շատերն էլ տասնյակ եւ ավելի տարիներ ապրելով քաղաքական լուսանցքներում՝ հանկարծ հաճելիորեն ապշում են, որ լրագրողները մոտենում հարց են տալիս, զանգում են հետաքրքրվում են, որոնց եւ նյութական, եւ մարդկային կապիտալը սպառվում է, մարդիկ պետք է մի բան անեն, չէ՞, դե, այսօրինակ ակցիաներով փորձում են անել՝ շատ լավ իմանալով, որ իրենց հաջորդ նախադասությունն է լինելու` «ինձ էլ` ինչ կտաք-կտաք»: Ցավով եմ ասում սա, որովհետեւ ուժեղ ընդդիմություն ունենալն էլ մեծ հաջողություն է, այսօր չունենք այդ ուժեղ ընդդիմությունը, ունենք ընդդիմադիր անհատներ, եւ նրանցից յուրաքանչյուրը այդ չորս ուժերի անվան տակ փորձում է իր անձնական խաղը խաղալ կամ պատվիրատուի, կամ էլ նորից հայտնված ու հին տիրոջ: Կարծում եմ՝ վերջապես ժամանակն է այդ մարդկանց իրենց իսկական անուններով կոչելու, քանի որ ինչ-որ շատ են իրենց փորձում դնել կինոյի լավ տղայի տեղը՝ մոլորեցնելով հասարակության մի հատվածի եւ վեհ գաղափարներից խոսելով՝ սեփական խնդիրները լուծում:

– Բայց կառավարության իմփիչմենթի եւ ՀՀԿ-ի ներսից բեկորների մասին է խոսքը, կա՞ նման բան:

– Կարծում եմ՝ պատասխանեցի, բայց եթե պնդում եք, ավելի հստակեցնեմ` այսօր գործող կառավարությունը եւ վարչապետը կաշխատեն եւ կպաշտոնավարեն այնքան, որքան կուզի երկրի նախագահը, քանի դեռ նախագահը այլ որոշում չի կայացրել, չի լինի ոչինչ: Ինչ վերաբերում է բեկորներին` իշխանության եւ ընդդիմության տարբերությունը գիտե՞ք որն է` իշխանությունը մասերը (գուցե նաեւ բեկորները) հավաքում է, դարձնում մեկ ամբողջություն եւ ուժեղանում է, ընդդիմությունը մասնատում է, տրոհում, բեկոր-բեկոր անում որմնաալիքի վրա:

– Ուկրաինայի օրինակով՝ վերջերս շատ խոսվեց նաեւ Հայաստանում իշխանափոխության հնարավորությունների մասին: Հրաշալի քառյակը որոշել է նաեւ կառավարությանն անվստահություն հայտնելու խորհրդարանական զարգացումներին զուգահեռ համատեղ հանրահավաքներ, բողոքի ակցիաներ կազմակերպել եւ հասարակությանը կրկին Ազատության հրապարակում մոբիլիզացնել: Ընդդիմության հերթական ակտիվացումը կարո՞ղ է լուրջ սպառնալիք լինել ՀՀԿ-ական իշխանության համար:

– Ես գիտեմ մեկ հրաշալի քառյակ` «Բիթլզ», Մեծ Բրիտանիա, Լիվերպուլ: Բոլոր մյուս պատճենումները ունեցել են առավելագույնը կես տարվա կյանք: Քաղաքական դաշտում, կարծում եմ, որեւէ պատճենում ավելիի չի ձգի: Առավել եւս, որ նրանք չորսն էլ տարբեր երգեր են երգում եւ տարբեր դիրիժորներ ունեն: Իսկ ուկրաինական օրինակի մասին խոսել եւ դրանով ոգեւորվելը ես համարում եմ քաղաքական մանկամտություն՝ մի ժամանակ էլ եգիպտական թեմաներով էին ոգեւորվել, բայց արագ պարզվեց, որ իրենք Ռամզես (համատեղության կարգով` փարավոն) չունեն:

Ցավոք, այո, մեր երկրում կան խնդիրներ, դրանք եւ սոցիալական, եւ տնտեսության, եւ դատաիրավական ոլորտներում են, մենք ունենք նաեւ վստահության դեֆիցիտ, սրանք լուծվող խնդիրներ են, ինչը աստիճանաբար փորձում է անել իշխանությունը, բայց կա մեկ խնդիր, որը միայն իշխանության ուզելով չի կարող լուծվել. այդ խնդիրը թույլ ընդդիմության խնդիրն է: Ինձ այսօր ավելի շատ հուզում է մեր հասարակությունը, որը սպասում է տեսանելի եւ շոշափելի փոփոխությունների, եւ այստեղ լուրջ անելիք ունի իշխանությունը` իր տեսանելի եւ ճիշտ քայլերով հասարակության երկմտող հատվածին պահել իր կողքին:

– Կառավարությանն անվստահություն հայտնելու որոշումը, հետաքրքիր էր, կայացվեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ ընդդիմադիրների անհատական հանդիպումների արդյունքում: Դա Ձեզ ի՞նչ է հուշում: Ի՞նչ խաղ է խաղում ԲՀԿ-ն:

– Վարչապետի եւ կառավարության հրաժարականը պահանջողները լավ կանեն հիշեն, որ եւ վերջին խորհրդարանական, եւ նախագահական ընտրություններից հետո քաղաքական մեծամասնությունը բաց եւ հրապարակային հայտարարեց, որ պատրաստ է համագործակցել խորհրդարանական բոլոր ուժերի հետ, ընդհուպ նախարարական պորտֆելների եւ այլ պաշտոնների մակարդակով, այն ժամանակ չուզեցին եւ մերժեցին համագործակցության առաջարկը, քանի որ այն ժամանակ եւ ոմանց սիրտը վարչապետություն էր ուզում: Նախ իրենք իրենց մեջ թող հստակեցնեն, թե ինչ է իրենց համատեղ ցանկությունը, եթե կա այդ համատեղը, եւ հետո մտնեն մի խաղի մեջ, որից, վստահ եմ, պարտված են դուրս գալու: Հարկ եմ համարում հիշեցնել՝ քանի դեռ խորհրդարանական ընտրություններից հետո մեծամասնությունը ՀՀԿ-ն է, վարչապետին եւ կառավարությանը նշանակելու է քաղաքական մեծամասնությունը՝ սահմանադրական ճշմարտություն է: Իսկ եթե խնդիրը համակարգային փոփոխություններն են, լավ կլիներ սկսեին իրենց դերի, դիրքի եւ կերպարի իմաստավորումից:

– Ինչպե՞ս եք վերաբերվում Ղրիմի հանրաքվեին: Ինչո՞ւ պաշտոնական Երեւանը դիրքորոշում չի հայտնում դեռ: Ի՞նչ զուգահեռներ, ըստ Ձեզ, կարող են լինել Ղրիմի եւ Արցախի հարցերում:

– Ղրիմի դեպքերը եւ հանրաքվեն ես չէի նույնացնի Արցախի հետ, այժմ իմ անձնական կարծիքն եմ ասում: Համոզված եմ՝ սրանք էականորեն տարբեր իրավիճակներ են, եւ անգամ վտանգավոր եմ համարում այս երկու իրավիճակների նույնականացումը: Մեկ բան, այո, կարող ենք ընդհանուր համարել` ինքնորոշման իրավունքի խնդիրը, որը, կարծես, աստիճանաբար ամբողջ աշխարհում դառնում է դոմինանտ, իսկ բոլոր մյուս հարցերում ես վերապահումներ ունեմ: Մի մոռացեք, որ սովետմիությունից պոկվելուց եւ անկախ հանրապետություն հռչակվելուց հետո Արցախի վզին փաթաթվեց մի պատերազմ, որից Արցախի ժողովուրդը հաղթանակած դուրս եկավ, այնպես որ՝ Արցախն իր անկախությունը ձեռք է բերել երկու անգամ եւ ազնվորեն՝ առանց Ռուսաստան-Արեւմուտք խաղիկների. սա մեր բոլորի ձեռքբերումն է եւ հպարտությունը, ինչը չէի ասի Ղրիմի պարագայում:

Ինչ վերաբերում է հարցի առաջին մասին, ապա, գիտե՞ք չեմ դադարում զարմանալ, քանի որ նկատելի է՝ երբ ինչ-որ իրավիճակի առաջինն ենք արձագանքում, ասում եք` ինչո՞ւ շտապեցիք եւ առաջինն արձագանքեցիք, երբ մի քիչ դանդաղում ենք, հարցնում եք` ինչո՞ւ եք դանդաղում: Կարծում եմ՝ ճիշտը եւ արտաքին, եւ ներքին քաղաքականության մեջ` դանդաղ շտապելն է:

Զրույցը վարեց ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Մարգար Մախսուդյան says:

    Թե ինչ եղավ հետո, երբ Գալուստ Սահակյանը թոշակի անցավ…

  2. Անահիտ says:

    ,,Առավոտ,,- ը այդ որ վարքականոնի համաձայն է թաքցնում Մ. Եսայանին վերաբերող ամենաանկեղծ ու մտահոգիչ մեկնաբանությունները` դրանով դուռ բացելով մեկ կենտրոնից հորդող ապազգային զառանցանքներին…..

  3. Ալինա says:

    Ընկեր մարգոյի ,,Ռամզեսը ուրի~շ է, ուրիշ…

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31