Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե Սերժ Սարգսյանը չզանգեր Վլադիմիր Պուտինին

Մարտ 22,2014 14:50

ՀՀՇ անդամ Հովհաննես Իգիթյանը չի կարծում, որ այդ դեպքում ՌԴ նախագահը զորք կուղարկեր Հայաստան, իսկ ընդդիմադիր ՀԱԿ-ի դիրքորոշումը Ղրիմի հարցում համարում է Պուտինին հաճոյանալու քայլ:

«Ղարաբաղի եւ Ղրիմի միջեւ որեւէ զուգահեռ չի կարելի տանել: Այն, ինչը որ կատարվեց Ղրիմում, եթե մենք համարում ենք ժողովրդի ինքնորոշման իրավունք, ապա այլասերում ենք բոլոր այն ինքնորոշումները, որոնք եղել են կամ կլինեն ապագայում: Հանրաքվեն այն ձեւով, ինչպես իրականացվեց Ղրիմում, չի կարելի համարել ժողովրդի ազատ կամարտահայտություն, քանի որ հաշվառում չի եղել, ռուսական անձնագրերով ինչ-որ մարդիկ են քվեարկել եւ այլն»,- «Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով ուկրաինական իրադարձությունների զարգացումներին` ասաց ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը` հավելելով, որ նախ իր համար պարզ չէ, թե ի՞նչ է նշանակում «Ղրիմի ժողովուրդ», որին ՌԴ նախագահը եւ հայաստանյան որոշ քաղաքական ուժեր համարում են ռուսներին: Մեր զրուցակիցը նկատում է, որ հանրաքվեից առաջ նախընտրական քարոզարշավ չեղավ, այլ կարծիքի արտահայտում` նույնպես, եւ իրադարձությունները զարգացան «անօրինական ռուսական զորքի ճնշման տակ, որոնք կատարում էին նաեւ ոստիկանության ֆունկցիաներ եւ այլ անօրինական գործողություններ»: Կոսովոյում կատարվածի հետ զուգահեռներ անցկացնելով՝ խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին ղեկավարը նկատում է, որ Կոսովոյում միջազգային հանրության ուշադրության կենտրոնում փոքրամասնության` սերբերի ճակատագիրն էր: Բայց հիմա ոչ ոք չի խոսում 600 հազար ուկրաինացիների եւ 300 հազար ղրիմյան թաթարների ճակատագրի մասին. նրանք բոլորը մեկ օրում դարձան անցանկալի անձ, եւ խոսվում է նրանց տարհանման մասին: Մեր զրուցակիցը հիշեցնում է նաեւ Բուդապեշտի պայմանագրի մասին, որով ՌԴ-ն, Բրիտանիան եւ ԱՄՆ-ը ստանձնել էին Ուկրաինայի տարածքային ամբողջականության երաշխիքը, որի մասին այժմ ոչ ոք չի խոսում:

Ամեն դեպքում՝ Հովհաննես Իգիթյանն ասում է, որ ժողովուրդների ինքնորոշման իրավունքն առկա է, բայց դա պետք է իրագործվի համապատասխան ձեւով, ոչ թե անեքսիայի ձեւով. «Բոլորին պարզ է, թե ինչ կատարվեց. ռուսական զորքը մտավ, եւ տասն օրում Ղրիմը դարձավ ՌԴ-ի մաս: Ընդ որում, խնդիրը սրանով չլուծվեց, խնդիրը հիմա է սկսվում, եւ այդ խնդրի հետեւանքը կլինի նոր սառը պատերազմի սկսման վտանգը»: Ղարաբաղի հետ զուգահեռներ անցկացնողներին պարոն Իգիթյանը հիշեցնում է նաեւ, որ Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը ճանաչվել է միջազգային հանրության կողմից: Մասնավորաբար, ԵԱՀԿ-ն ստանձնեց այդ հարցի լուծումը, եւ համանախագահների երեք մեծ բեւեռներ են ներկայացված այդ խմբում: Մինչդեռ Ղրիմում կան ՌԴ-ի միակողմանի գործողություններ, որոնք աշխարհի կողմից ընդունված չեն:

Արդյոք ՌԴ-ի նկատմամբ կրկնակի ստանդարտներ չի՞ կիրառում Արեւմուտքը, քանզի ուկրաինական զարգացումներին նախորդել էին արաբական գարունները, Սիրիան, Աֆղանստանը, որտեղ Արեւմուտքը զենքով ժողովրդավարություն էր ներմուծում, արդյունքում էլ ավելի ծանր վիճակի մեջ գցեց այդ երկրները: Եթե Արեւմուտքը կարող է բիրտ մեթոդներ կիրառել` քաղաքական փաթեթավորմամբ, ինչո՞ւ ՌԴ-ին չի կարելի` «Առավոտի» դիտարկմանը մեր զրուցակիցը նկատեց. «Իհարկե, ոչ ոքի չի կարելի: Ուժով ժողովրդավարություն կամ խաղաղություն չի կարելի հաստատել` Իրաքից սկսած, Սիրիայով վերջացրած: Ցանկացած արաբական հեղափոխությամբ, այո, կարելի է հասկանալ, որ որեւէ սպասելի արդյունք չստացվեց: Մի անարդարությամբ կամ խախտմամբ չի կարելի արդարացնել մյուսը: Կարող է Պուտինը Օբամային կամ Մերկելին ուզում է ինչ-որ բան հասկացնել, բայց պետք է անպայման հաշվի առնել, որ այդ ամբողջի մեջտեղում կա պետություն, ժողովուրդ, որը չպետք է տուժի քաղաքական գործիչների եւ ղեկավարների ամբիցիաներից: Եվ ամեն դեպքը պետք է առանձին դիտարկենք: Եթե Սիրիայի հարցում դատապարտում ենք Արեւմուտքի գործողությունները, երբ զինում է մարդկանց, որոնք վստահություն չեն ներշնչում եւ մոլեռանդ իսլամական ուժեր են, պետք է դատապարտենք նաեւ Ղրիմում կատարվածը: Կապ չունի, թե ով ինչ սխալ արեց, եւ սխալների հարցում չպետք է հավասար հաշիվ գրանցենք: Մեր աչքի առաջ նոր սառը պատերազմ է սկսվում, որը բոլորի վրա ազդեցություն կունենա: Սրա մասին պետք է մտահոգվենք եւ խոսենք»:

Արեւմուտքն արդեն սկսում է առարկայական դարձնել այն պատժամիջոցները, որոնք հայտարարեց, որ պատրաստվում է կիրառել ՌԴ-ի նկատմամբ: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարեց, որ դրանք նաեւ համաշխարհային տնտեսության վրա կազդեն, բայց ասաց, որ դրանք միեւնույն է՝ կկիրառվեն: Թեպետ այդ պատժամիջոցներն առայժմ կիրառվում են անհատ անձանց նկատմամբ, բայց այս օրերին Ֆրանսիայում գտնվող Հովհաննես Իգիթյանն ասում է, որ եվրոպական կառույցներում խոսվում է ՌԴ տնտեսության դեմ կիրառվող պատժամիջոցների մասին: «ՌԴ-ն, իհարկե, մեծ երկիր է, ունի մեծ հնարավորություններ եւ, որպես ոչ զարգացած երկիր, ունի նաեւ քիչ պահանջներ: Այն կենցաղով, որով ապրում է ՌԴ ժողովուրդը, որեւէ եվրոպական քաղաքացի կամ երկիր չէր համաձայնվի ապրել: Եթե անգամ ռուս ժողովրդի կենցաղից ինչ-որ բան պակասի, մեծ բան չի, մի կերպ կապրեն: Բայց Հայաստանի ներկայիս սոցիալական խնդիրներին եթե գումարվի կենցաղային իրավիճակի եւս քսան տոկոս նվազում, մեծ հարված կլինի: Հայաստանի ժողովրդի կեսից ավելին, նույնիսկ կառավարության տվյալներով, ապրում են աղքատության նվազագույն շեմից էլ ցածր: Ես գտնում եմ, որ Հայաստանի կառավարությունը պետք է մի քիչ մտածի ապագա վտանգների մասին եւ դադարեցնի ՄՄ-ին Հայաստանի անդամությունը: Եթե ՌԴ-ի դեմ պատժամիջոցներ լինեն, դրանք ուղղակիորեն տարածվելու են ՄՄ-ի սահմաններում գտնվող բոլոր պետությունների վրա: Եթե ՌԴ-ն դիմակայելու ռեսուրս դեռ ունի, Հայաստանն է՛լ ավելի խորը ճգնաժամի մեջ է հայտնվելու»,- ասաց մեր զրուցակիցը` վստահ, որ ՌԴ-ն այս իրավիճակում կհասկանա Հայաստանին, եթե վերջինս հետաձգի իր անդամությունը ՄՄ-ին: Հովհաննես Իգիթյանը նաեւ ՀՀ իշխանություններին` ի դեմս նախագահ Սարգսյանի, կոչ է անում շատ զգույշ լինել նախաձեռնություններում, այդ թվում նաեւ՝ ՌԴ նախագահին զանգելու եւ աջակցություն հայտնելու Ղրիմի «ազատագրման» մասով. «Դա Սերժ Սարգսյանի կողմից մեծ սխալ էր: ՌԴ-ի դեմ ուղղված մեկուսացումը մեխանիկորեն տարածվելու է նաեւ Հայաստանի վրա: Առանց այն էլ Հայաստանը շատ ցածր համբավ ունի, ու չեմ կարծում, որ Հայաստանը որեւէ խնդիր ունենար, եթե Սերժ Սարգսյանը Պուտինին չզանգեր եւ չասեր, որ սատարում է իրեն: Այնպես չէ, որ Պուտինը միանգամից զորք կուղարկեր Հայաստան՝ մանավանդ, որ ռուսական զորքն արդեն առկա է Հայաստանում»: Իսկ ընդդիմության, մասնավորաբար, ՀԱԿ-ի դիրքորոշումը մեկնաբանելիս Հովհաննես Իգիթյանը նկատում է. «Իրենց կարծիքով՝ իրենք մարտավարական ինչ-որ խնդիրներ են լուծում: Երեւի թե ինչ-որ ուժ ուզում է ՌԴ-ին ցույց տալ, որ ինքը պրոռուսական է, որ վաղը դա փորձի օգտագործել իշխանության գալու համար, որովհետեւ իրենց թվում է, որ Ռուսաստանն է Հայաստանում ղեկավարների նշանակում: Ես չգիտեմ` ինչ դրդապատճառներից ելնելով են ընդդիմադիր ուժերն այդ հարցում պաշտպանում ՌԴ-ին: Բայց դա էական չէ: Էականն այն է, թե ինչ է ասելու ՀՀ իշխանությունը: Ի վերջո՝ կա Ուկրաինա պետություն, եւ այսօրվա Ուկրաինան իր դիրքորոշումն ու վերաբերմունքը Հայաստան պետության հանդեպ կառուցում է՝ ելնելով իշխանության հայտարարություններից: Չմոռանանք, որ Ուկրաինայում կա պատմականորեն ձեւավորված մեծ հայկական համայնք, որը պայքարում էր Ուկրաինայի ազատության համար, երկու հայ է զոհվել, ու այդ պայքարը ուղղված չի եղել ՌԴ-ի դեմ, այլ կոռուպցիայի դեմ: Հայաստանն իր հայտարարություններում միշտ պետք է զգույշ լինի»:

Հոդվածն արդեն պատրաստ էր, երբ հայտնի դարձավ, որ պաշտոնական Կիեւը նոտա է հղել Երեւանին եւ բացատրություններ պահանջել: Իսկ նախօրեին՝ Սերժ Սարգսյան-Պուտին հեռախոսազրույցից հետո Ռադայում առաջարկ էր հնչել Հայաստանից ետ կանչել Ուկրաինայի դեսպանին: Մեր զրուցակիցը հուսով է, որ Ուկրաինայի քաղաքական մեծամասնությունն այդ քայլին չի դիմի:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հ.Գ. Երեկ երեկոյան հայտնի դարձավ, որ Ուկրաինան հետ է կանչել Հայաստանում իր արտակարգ ու լիազոր դեսպան Իվան Կուխտային:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Ալֆ says:

    Լավ հոդված է։ Համաձայն եմ Իգիթյանի հետ։ Բայց ցավում եմ, որ հոդվածի հեղինակն այնքան գրագետ չի գտնվել, որ կարողանա ուղղել և գեղեցիկ լեզվով ներկայացնել տեքստը, առանց ոճական սխալների։

  2. Գեւորգ says:

    Լավ եք էլի՜, ըսենց էր ընենց չէր, ռուսն «անեքսիա» արեց, էս արեց, էն արեց: Տո շատ էլ ճիշտ արեցին, իրենցը հետ առան! Ինչու մեկը ձեն չի հանում այն մասին թե Ղրիմն ինչու եւ ինչպես է տրվել Ուկրին? Կամ Ղարաբաղը թուրքին? Կաբինետում նստած ինչ-որ ինչի գլուխներ որոշել են որ այս տարածքն ու ժողովուրդը այսուհետ սրանց կամ նրանց պիտի պատկանի – ու վերջ! Այդ բացարձակ էշային կամայականության դեմ ինչու մեկը չի խոսում? Միթե պարզից էլ պարզ չէ որ եթե չլիներ պատաճառը ապա չէր լինի նաեւ հետեւանքը: Իսկ որ մեկի գլխին ռումբեր են գցում որպիսզի օգնեն ինքնորոշվելու դա, իհարկե, շատ ավելի արդար է երեւում: Ամոթ է ի վերջո, սեփական ուղեղով ու խղճով պետք է դատել նախ, ուրիշներին դասեր տալուց առաջ:

  3. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Ես շատ ցավում և մտահոգվում եմ,որ Հայաստանում նույնիսկ ամենաբարձր պաշտոնյաները միջազգային իրավունք ՉԳԻՏԵՆ:

    Ես այսօր իմ գրած կարևոր հոդված եմ ուղարկել «Հետք»՝ «Կոսովոն,Ղրիմն ու Ղարաբաղը՝ միջազգային իրավունքի տեսանկյունից» վերնագրով: Բոլորին կոչ եմ անում ուշադիր կարդալ այն:

  4. Seyran says:

    Մեկը վճարվում է ինչ որ մտքեր արտահայտելով,մյուսն՝այդ մտքերը վիճարկելով:Երկուսն էլ իրենց համարում են ճշմարտության վերջին ,,ինստանցիան,,:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31