Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Արամ Մանուկյանը պատգամավորների համար հայոց լեզվի դաս էր կազմակերպել

Մարտ 26,2014 13:31

ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը վերջին 1 ամսվա ընթացքում ուշադիր հետեւել էր խորհրդարանի պատգամավորների բառապաշարին եւ այսօր ԱԺ-ում ներկայացրեց իր «մոնիտորինգի» արդյունքները՝ կազմակերպելով հայոց լեզվի դաս՝ պատգամավորների համար:

«20-22 տարի առաջ,երբ Ռաֆայել Իշխանյանն էր խոսափողին մոտենում, բոլորս ասում էինք՝ հայոց լեզվի դասը սկսվեց: Ես ուզում եմ նշել այն սխալները, որ ամենաշատը կիրառվել է խորհրդարանում՝ անցած 1 ամսվա ընթացքում: Հարգելի պատգամավորներ, խնդրում եմ մի օգտագործեք «գտնում եմ» բառը: Հայերենում «գտնում եմ» չկա, դա ռուսերենից է գալիս: «Կարծում եմ»-ն է ճիշտը: Ընձեռնել բառ հայերենում չկա, կա «ընձեռել»: Մի կիրառեք «նամանավանդ» բառը, կա «մանավանդ» բառը: «Ըստ ինձ» արտահայտություն գոյություն չունի, կա «ըստ իս»: Շատ-շատ է կիրառվում «ամենալավագույն»  բառը: Սա շատ սխալ է, «լավագույնը» լիովին արտահայտում է այդ միտքը: «Հույսով» եմ արտահայտություն հայերենում չկա, կա «հուսով եմ»,- «Կրթության մասին», «Նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության մասին», «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենսդրական փաթեթի  հետ կապված ՀԱԿ խմբակցության տեսակետը ներկայացնելիս՝ այսպես մեկ առ մեկ Արամ Մանուկյանը «երեսով տվեց» պատգամավորների սխալները:

Մի քանի նկատողություն էլ Հովիկ Աբրահամյանին արեց, որը հաճախ ասում է՝ «հարց է բարձրացրել» այսինչ պատգամավորը կամ գրանցվել են այսքան պատգամավորներ, գրանցվել են 105 պատգամավորներ: Արամ Մանուկյանը տեղեկացրեց, որ 105 երբ ասում են, արդեն հոգնակի է եւ պետք է ասել՝ «գրանցվել է 105 պատգամավոր»:

Հիշեցնենք, որ Արամ Մանուկյանը վերջին անգամ Հովիկ Աբրահամյանին «սովորեցրել» էր, որ հայրանուններով  չդիմեն: Դա ռուսերեն է: Մինչդեռ Հովիկ Աբրահամյանը շարունակում է, օրինակ,Գալուստ Սահակյանին կոչել «Գալուստ Գրիգորիչ»:

Այնուամենայնիվ, այսօրվա «դասը» Հովիկ Աբրահամյանը սերտեց: Երբ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն իր ելույթի վերջում օգտագործեց «7000 աշակերտներ» արտահայտությունը՝ Հովիկ Աբրահամյանը նախարարին նկատողություն արեց՝ «7000 աշակերտներ չէ, 7000 աշակերտ»:

Արամ Մանուկյանը նշեց, որ ամենամաքուր խոսացողը եղել է Պարույր Հայրիկյանը. «Այդ առումով իր լեզուն մաքուր էր»: Ընդ որում, Հայրիկյանը, Արամ Մանուկյանի խոսքերով, «ց»-երով նույնիսկ չի խոսել, ասել է ոչ թե «իշխանուցյուն», այլ՝ «իշխանություն»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31