Լրահոս
Օրվա լրահոսը

Համլետ Հարությունյան. «Ի՞նչ է, Տիգրան Սարգսյանը ծնվել է վարչապետ լինելու համա՞ր». «Հայոց աշխարհ»

Ապրիլ 08,2014 12:59

Հատված ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ ՀԱՄԼԵՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հարցազրույցից

 -Նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ կառավարության կազմը արմատապես փոխվելու է։ Ըստ ձեզ, սա նշանակում է նաեւ քաղաքական ուղեգծի՞ արմատական փոփոխություն։ 

-Նախագահի խոսքից դատելով՝ այո, կառավարության կազմում պետք է լինեն արմատական փոփոխություններ։ Միջազգային փորձն էլ ցույց է տալիս, որ վարչապետի հրաժարականից հետո նախարարները չեն մնում իրենց պաշտոններում։ Վարչապետն է որոշում կառավարության գործունեության սկզբունքները, մարտավարությունը, եւ եթե վարչապետը պաշտոնաթող է լինում՝ բոլոր նախարարներն անխտիր պետք է հեռանան։ Սա նշանակում է նաեւ քաղաքական ուղեգծի փոփոխություն՝ ինչո՞ւ ենք վախենում դա ասել։

Ի վերջո, մենք մտնում ենք Մաքսային միություն, եւ բնականաբար տնտեսական եւ քաղաքական զարգացումների նոր կուրս պիտի որդեգրենք՝ իհարկե չբացառելով համագործակցությունը համաշխարհային այլ կառույցների հետ։ Իսկ երբ քաղաքական ուղեգիծը փոխվում է, յուրաքանչյուր պետական գործիչ պետք է իր նկատմամբ այնքան հարգանք ունենա, որ հրաժարական տա։ Ի՞նչ մեծ բան է հրաժարական տալը. բոլորը նախարա՞ր են ծնվել, կամ բոլորի մանկության երազանքը նախարար դառնա՞լն էր։

Ցավոք, կան մարդիկ, որոնք կարծում են՝ եթե բախտի բերմամբ նախարար են նշանակվել, նախարար էլ պիտի մեռնեն։ Ես ուղղակի երազում եմ այնպիսի հասարակության մասին, որտեղ ցանկացած պաշտոնյա՝ ինձնից սկսած, եթե իրեն չի արդարացրել կամ համաձայն չէ վարվող քաղաքականության հետ, հրաժարական է տալիս։ Այո, կառավարությունը փոխվել է, բոլորը պիտի փոխվեն։

   -Նախագահն ուշագրավ շեշտադրում արեց՝ ասելով, որ նոր կառավարությունը պետք է կարողանա վերականգնել ժողովրդի վստահությունը այդ ինստիտուտի նկատմամբ։ Այստեղից հետեւո՞ւմ է, որ ՀՀԿ-ն դժգոհ է Տիգրան Սարգսյանի կառավարման արդյունքներից։ 

-Նախագահը շատ նուրբ է արտահայտվում եւ շատ վճռական՝ ըստ էության հասկացնում է, որ ով էլ լինի ապագա վարչապետը, մի տարի հետո, եթե չլուծի իր առջեւ դրված խնդիրները, չապահովի տնտեսական զարգացման այն տեմպերը, որ ակնկալում է մեր ժողովուրդը, պետք է այնքան նամուս, թասիբ, քաղաքացիական խիզախություն ունենա, որ սուսուփուս դիմում գրի եւ հրաժարական տա։
Իտալիայում շաբաթը մեկ վարչապետ է փոխվում, բայց երկիրը դրանից շուռ չի գալիս։ Մեզանում, չգիտես ինչու, ամեն ինչից ողբերգություն են սարքում. վա՜յ, ոնց կլինի՝ 6 տարի պաշտոնավարած վարչապետը հրաժարական տա։
Ի՞նչ է, Տիգրան Սարգսյանը ծնվել է վարչապետ լինելու համա՞ր, կամ ես ծնվել եմ պատգամավոր լինելու համա՞ր։ Եթե որեւէ մեկը ապացուցի, որ ես իմ բարոյական, քաղաքացիական հատկանիշներով չեմ համապատասխանում պատգամավորի պաշտոնին, ես ինքս հրաժարական կտամ։ Մինչեւ հրաժարականների ինստիտուտը մեր երկրում չգործի, ոչ մի առաջընթաց չենք ունենա։

Վերջին հաշվով, դա նաեւ պատասխանատվության խնդիր է. նախագահը, պետությունը, Հանրապետական կուսակցությունը քո առջեւ խնդիրներ են դրել, չե՞ս կարողանում լուծել, գնա, թող ուրիշը գա՝ գուցե ավելի լա՞վ կանի։ Թե չէ՝ Էս մեկը սրա մորքուրի տղան է, մյուսը՝ հորեղբոր տղան… Խնամիական, բարեկամական կապերով պետությունը չի զարգանա։

Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930