Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայում կրոնափոխ հայության խնդիրներն ու թուրք հասարակության ընկալումները

Ապրիլ 26,2014 19:40

«Մենք կրոնափոխ հայության խնդիրների մասին շատ քիչ բան գիտենք: Հայությունը, որ ապրում է մեր պատմական հայրենիքում և բռնի իսլամացվել է, այժմ գոյություն ունի և լիարժեք գիտակցում է իր ինքնությունը»,-Aravot.am-ի հարցին՝ որքանո՞վ է հրատապ կրոնափոխ հայության խնդիրների լուսաբանումը, «Թուրքական իշխանությունների վերաբերմունքը կրոնափոխ հայության նկատմամբ» թեմայով սեմինարի ընթացքում այսպես պատասխանեց «Արեւմտահայաստանի եւ արեւմտահայության հարցերի ուսումնասիրության կենտրոնի» ղեկավար Հայկազուն Ալվրցյանը:

Նշենք, որ այսօր «Արեւմտահայաստանի եւ արեւմտահայության հարցերի ուսումնասիրության կենտրոնում ՀԵՀ-ի՝ որպես ՀՀ նախագահի կողմից գործընկեր կազմակերպության հայտարարած «Հայության խնդիրներն ու իրավունքները Թուրքիայի հանրապետությունում» անվանակարգով դրամաշնորհի շրջանակում «Հասարակություն եւ մշակույթ» ՀԿ-ի կազմակերպած սեմինարին՝ «Թուրքական իշխանությունների վերաբերմունքը կրոնափոխ հայության նկատմամբ» թեմայով, քննարկվեցին կրոնափոխ հայերի խնդիրները:

Պարոն Ալվրցյանը նշեց, որ խորհրդային միության տարիներին այս դաշտը փակ էր, ուստի այժմ իրենց նպատակն է ուսումնասիրել Թուրքիայում կրոնափոխ հայության խնդիրները, վեր հանել դրանք, հրատարակել մեկ գրքում և թարգմանել՝ այդ թվում նաև թուրքերեն:

ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի փոխդեկան Ռուբեն Մելքոնյանը նույն խնդրի վերաբերյալ ասաց հետևյալը. «Իսլամացած հայերի խնդիրը միշտ համարվել է հայ գիտության ամենաքիչ ուսումնասիրված բաժիններից մեկը: Բայց վերջին տարիներին այդ բացը ահագին լրացվել է. կան մի շարք գիտական հոդվածներ, գրքեր: Սա ամենահրատապ խնդիրներից մեկն է, քանի որ գործ ունենք հայության մի շերտի հետ, որը հեռու է իր կրոնից և սովորույթներին, բայց նրանց մեծ մասը հավատարիմ է մնացել իր արմատներին»:

Այնուհետև փաստեց, թե այսօր Թուրքիայում 50-60 հազար հայ կա և մեկ միլիոնի հասնող կրոնափոխ հայեր ու շեշտեց. «Այլ բան է, որ մենք գործ ունենք 50-60 հազար հայի հետ, մեկ այլ բան, երբ գործ ունենք մեկ միլիոն պլյուս հիսուն հազար հայի հետ: Այդ հայերն ապրում են հայկական տարբեր հատվածներում, և նրանք կարող են տեղերում հայկականության պահպանման համար խթան հանդիսանալ»:
Թուրք պատմաբան, «Լեմկինի» անվան կրթաթոշակի մրցանակակիր Սյուզան Քալանջն այս օրերին գտնվում է Հայաստանում՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում ծանոթանում արխիվային նյութերին:

Aravot.am-ի հետ զրույցում խոսելով Թուրքիայում հայերի նկատմամբ գոյություն ունեցող խտրականության մասին՝ օրինակ բերեց Հրանտ Դինքի սպանությունն ու նշեց. «Թուրքիայում լուրջ խնդիր է լռությունը, որ հայերը չեն կարող խոսել իրենց մշակույթի, պատմության մասին: Դպրոցներում դասագրքերը գրված են թուրքերի համար, հայ երեխաները չեն կարող սովորել իրենց պատմությունը»:

Սակայն թուրք պատմաբանը առաջընթաց է տեսնում թուրք հասարակության՝ հայոց ցեղասպանությանը և հայերին վերաբերող հարցերի ընկալման հարցում: Նա նշեց. «2005-ին մենք հայոց ցեղասպանության մասին գիտաժողով անցկացրինք փակ դռների ետևում, որից հետո ինձ հեռացրին այդ համալսարանից: Իսկ այս տարի նույն այդ համալսարանում կազմակերպված գիտաժողովին բազում մասնակիցներ ունեցանք, ես նույնիսկ դասախոսություն կարդացի հայոց ցեղասպանության վերաբերյալ: Տասը տարի առաջ նման թեմաներով քննարկումները դժկամությամբ էին լսում, հասարակությունը պատրաստ չէր այդ թեմաներին, հիմա ծափահարում են: Հիմա երիտասարդ սերունդը կարծում է, որ պետք է խոսել հայոց ցեղասպանության մասին: Իսկ թե ինչ կարող է անել թուրք մտավորականությունը այս խնդիրների լուծման համար, դա այն է, որ մենք պետք է փոխենք կիրթ մարդկանց գիտակցությունը, որ ընտրեն այնպիսի ղեկավարություն, որ խոսի ոչ միայն քաղաքականության մասին, այլև մշակույթի»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930