Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Բարսեղյան. «Մի քանի նախարարներ պաշտոն չստացան, բայց կոնֆետներ կստանան»

Մայիս 02,2014 10:08

Վերջին քաղաքական վերադասավորումներում` ի դեմս կազմավորված նոր կառավարության եւ իրականացվող կառուցվածքային փոփոխությունների, ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը որեւէ տրամաբանություն չի տեսնում` նաեւ առկա հիմնախնդիրների լուծման հեռանկարի առումով: Ավելին, նա անտեղի ժամանակի կորուստ է համարում` Սերժ Սարգսյանի կառավարության կազմի վերլուծությունները, քանի որ իշխանությունը հանրությունից չէ, ժողովրդից չի ձեւավորված, Սերժ Սարգսյանն ընտրյալ նախագահ չէ եւ իր բոլոր կառավարման, կառավարչական կամ վարչարարական քայլերն ուղղված են այս կամ այն կերպ իշխանությունը պահպանելուն:

«Տեսնում ենք հին կադրերի վերադարձ` իրենց կամ զուգահեռ պաշտոններին: Ստացվում է, որ նախարարների մեծ մասն ունիվերսալիստներ են. մի օր կարող են լինել դատարանի նախագահ, մի օր դեսպան, մի օր` արդարադատության նախարար եւ այլն: Խառը փոխադրումներ, փոխատեղումներ է անում, ինչը շատ նման է բորշ խառնելուն: Անկեղծ եմ ասում, առանց հեգնանքի`լուրջ չեմ վերաբերվում Սերժ Սարգսյանի կադրային քաղաքականությանը: Ես չեմ տեսնում որեւէ լուրջ նպատակ`հասարակական կյանքը բարեփոխելու»:

Մեր զրուցակցի կարծիքով, նման բարեփոխումից առաջ`«եթե մեջն ինչ-որ պահի խիղճն արթնացել է», նախագահը պետք է սկսեր հանրությանը բացատրել արտագաղթի, գործազրկության նման աղետների ու չարիքի պատճառը. «Բայց դա չենք տեսնում: Տեսնում ենք բյուջէ լցնելու վարչահրամայական եղանակներ, իշխանություն պահելու վարք, մարդու իրավունքների զանգվածային խախտումների շարունակություն, անօթեւանների վիճակի նույնությունը` տարիներ շարունակ: Պատրաստ չեմ ես հուսալ, որ Սերժ Սարգսյանի կադրային փոփոխություններն ինչ-որ լուրջ հիմք ունեն իրենց տակ: Վաղուց ես չեմ կարողանում Սերժ Սարգսյանի վարքի մեջ ռացիոնալության հիմքեր տեսնել: Ծուղակ է, կարծում եմ, բոլոր նրանց համար, ովքեր այդ ամբողջը կփորձեն մեկնաբանել բանականության, իրականության ադեկվատ ընկալելու կանխավարկածով»:

Դիտարկմանը, որ, փաստորեն, այս աղմկոտ իրադարձությունների արդյունքում, ստացվեց, որ ընդամենը նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն`իր շրջապատով, իշխանական բուրդից գեռացվեց, մեր զրուցակիցը չհամաձայնեց: «Նախկին վարչապետը չեմ կարծում, որ իր թիմով հեռացվեց եւ իր թիմ ասվածն էլ շատ հարաբերական է: Մի քանի նախարարներ պաշտոն չստացան, բայց կոնֆետներ կստանան անպայման: Ինչ որ մեկին Սահմանադրությունը կտան` խաղալու համար, մյուսին դեսպան կուղարկեն: Վրաստանում, ի դեպ, դեսպանի տեղ է ազատվել եւ այլն: Այնպես որ, տաշած նախարարները եւ տաշած վարչապետը գետնին չեն մնա, իրենց հարմար կտեղավորեն, որովհետեւ ռեժիմին ծառայել են` ինչպես հարկն է: Սերժ Սարգսյանն իր մարդկային բնույթով ապերախտ չէ, անպայման համապատասխան կոնֆետներ կտա իրեն ծառայած եւ դեռ ծառայելիք պաշտոնյաներին»:

Հարցին`իսկ ո՞րը այսուհետ պետք է լինի հրաշալի քառյակի օրակարգը, քանի որ միակ օրակարգային հարցը` Տիգրան Սարգսյանի հրաժարականն արդեն իրողություն է, Լեւոն Բարսեղյանը պատասխանեց. «Շատ մեծ վերապահումներով անգամ վերաբերվելիս պիտի ասեմ, որ «հրաշալի» ածականը խայտառակ ձեւով արժեզրկվեց մոտակա 20-30 տարվա համար` երեւելի օրենսդիր Գալուստ Սահակյանի քվեարկության արդյունքների պարզ դառնալուց հետո: Դա արդեն հրաշալի քառյակ չէ եւ քառյակ չէ, կարծում եմ: Մի կողմից կարելի է ասել, որ այլեւս հնգյակ է, մյուս կողմից` դա ինչ-որ քաղաքական միացություն չէ:
Դժբախտաբար, դա չհաջողվեց: Մեղավորը հենց քառյակի անդամ կուսակցություններն են, որոնք չգիտեմ ի՞նչ հիմքերով անսահման հավատ ընծայեցին ԲՀԿ-ին ու քաշվեցին ու դրանից հետո մինչեւ հիմա դիմադրում են`չասելով որ քաշվել են: Ասում են` դե մարդ են, ազատ քվեարկել են… եթե այդ կուսակցության անդամները Գալուստ Սահակյանին համարում են ՀՀ երրորդ հանրապետության օրենսդիր մարմնի նախագահն, ապա, կներեք, այդ ուժը որեւէ կերպ չի կարող ընդդիմադիր համարվել»:

Առաջիկայի համար, ի դեպ, Լեւոն Բարսեղյանն առաջարկում է հանուն արդարության հասարակական խոսքում փոխել ձեւակերպումները`ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի եւ ՕԵԿ-ի համար օգտագործելով իշխանական եզրույթը, մնացյալի համար ընդդիմադիր եզրույթը. «ԲՀԿ-ն ոչ եղել է, ոչ էլ կա ընդդիմադիր: Իսկ օրակարգի հետ կապված`վաղուց իմ համոզմունքն է, որ իրենց ընդդիմադիր համարող մարդիկ այս ԱԺ-ում գտնվելու կարիքը չունեն: Եթե խոսքը մխիթարվելու մասին է, այդ խոսքը կարելի է դրսից էլ ասել: Իսկ ԱԺ-ի ներսում, դա այսպես, թե այնպես, լեգիտիմացնում է ՀՀԿ-ի ապօրինությունները»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031