Լրահոս
Օրվա լրահոսը

Պարույր Հայրիկյանը քննադատեց կոմունիստների մայիսմեկյան երթերը

Մայիս 02,2014 15:21

 

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը այսօր ասուլիսի ժամանակ քննադատեց կոմունիստների երեկվա մայիսմեկյան երթերը:

«Վերջապես ինձ հաջողվեց սադրել, ես անընդմեջ ասում էի՝ մենք մի քանի միլիարդ անգամ ավելի շատ ենք, քան կոմունիստների կողմնակիցները, վերջապես իրենք ցույց տվեցին, թե ինչքան են, մարզերով հավաքվել են հեռուստագովազդով բերել են, եթե ես ԱԻՄ-ականներին մարզերից բերեմ, ավելի շատ մարդ կլինի…  խեղճուկները ստիպված էին եղել նաեւ երեխաներին, իրենց թոռնիկներին ներգրավել: Այդ միջոցառումը ցույց տվեց, որ գաղափարական հենքից ոչ մի նյութ չկա: «Կեցցե Պուտին» էին գոռում, այ կոմունիստցիք, Պուտինի մեջ դուք ի՞նչ եք գտել, Պուտինը կոմունիստ չէ, չէ՞ որ դու կոմունիստ ես, ի՞նչ գործ ունես Պուտինի հետ… այսինքն, գործ ունենք հոգեկան զանգվածային խանգարման դեպքի հետ, մանկապատանեկան եւ ծերունական մառազմատիկ խանգարման հետ», – այսօր «Զարկերակ» ակումբում ասաց ԱԻՄ առաջնորդը:

Հետո անդրադարձավ մայիսի 18-ին Մաքսային միության դեմ նախատեսված ակցիային, ասաց. «Երթի մասնակիցները վաղը նախնական քննարկում կանցկացնեն Ազատության հրապարակում», բայց շեշտեց, որ դա չի լինելու իր կազմակերպած միջոցառումը եւ նկատեց.  «Բոլոր նրանք, որոնք բարդույթավորված էին, որ ԱԻՄ-ն է անելու, իրենց բարդույթներն է՛լ չեն ունենա ու կարող են հանգիստ մասնակցել»:

Անդրադառնալով ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի վերջին հայտարարությանը, թե Հայաստանում նոր քաղաքական իրավիճակ է հասունանում, որ ապագայում որոշիչ է լինելու միայն ՀՀԿ-ի ձայնը,  պարոն Հայրիկյանն ասաց՝ ոչինչ, Շարմազանովը դեռ երիտասարդ է. «Ու քանի որ նրանց հոգեւոր հայրերը եղել են կոմունիստները, որոնք ասում էին մենք հավերժ ենք, մեր դեմ խաղ չկա, հետո ՀՀՇ-ականները, որ հրաժարական տվեցին… ՀՀԿ-ի ամրության մասին խոսելիս թող նկատի ունենա՝ ում վրա է հիմնված իրենց իշխանատիրությունը: Այն մարդու վրա, որը վաղը առավոտյան կարող է զարթնել եւ ասել, թե դառնալու ենք Չինաստանի կողմնակից»:

Պարույր Հայրիկյանը Շարմազանովի հայտարարությունը ընկալել է  ՀՀԿ-ական դառնալու կոչ ու ասուլիսին ներկա ԱԻՄ-ականներին հարցրեց. «Աթոռի համար ՀՀԿ-ական դառնա՞նք»: Լսելով համակուսակիցների պատասխանը՝  կքննարկենք, ինքն էլ կրկնեց.«Կքննարկե՜նք… ՀՀԿ-ն ծնվել է ԱԻՄ-ից: Աշոտ Նավասարդյանը երեւի հիմա իր հանգստավայրում իրեն շատ վատ է զգում ՀՀԿ-ի ներկայիս պահվածքի համար»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031