Լրահոս
Օրվա լրահոսը

Շարմազանով. «Եթե ասեմ՝ երջանիկ ենք, Հայաստանում որեւէ խնդիր չկա, ես կնմանվեմ կրկեսում աշխատող ծաղրածուի»

Մայիս 06,2014 13:52

 

«Աշխարհում չկա այնպիսի կառավարություն, որ ամեն ինչ անում է իդեալական: Բայց հասարակությունը տվել է մեծամասնությանը վստահության քվե, եւ թույլ տվեք մեծամասնությունը որոշի ինչպես եւ ինչպիսի ծրագրով իրականացնել: Քաղաքագիտության մեջ դա մեծամասնության իրավունքն է»,– Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Անդրադառնալով խորհրդարանի աշխատանքներին՝ Էդուարդ Շարմազանովն  ասաց. «Այսօր որեւէ մեկը չի կարող ասել, որ պառլամենտն իր լիազորությունները չի կատարում: Լավագույնս է կատարում, որովհետեւ բոլոր քաղաքական բանավեճերը տեղափոխվել են այստեղ: Շատ դեպքերում ես չեմ կիսում այդ հանրահավաքների գաղափարը: Ոչ թե ես հանրահավաքներին եմ դեմ, այլ միգուցե, երբ որ կար արտախորհրդարանական ընդդիմություն, դրա կարիքը կար, որովհետեւ մարդիկ չունեին հարթակ, խմբակցություն, որպեսզի ներկայացնեին իրենց քաղաքական տեսակետը: Այսօր ԱԺ ղեկավարությունը եւ քաղաքական մեծամասնությունը ասում է՝ մենք պատրաստ ենք: Մենք ապացուցում ենք, որ գործում ենք ժողովրդավարության ոսկե կանոնով՝ ժողովրդավարությունը մեծամասնության իշխանությունն է, որը հաշվի է նստում ընդդիմության առաջարկների հետ»:

Էդուարդ Շարմազանովը նշեց, որ երկրում շատ խնդիրներ կան, որոնք իշխանությանը մտահոգում են. «Մեզ մտահոգում են տնտեսական զարգացման ոչ արագ տեմպերը, սոցիալական իրավիճակը, որ մեր հասարակության մեջ դեռեւս կան աղքատներ: Եվ այդ աղքատների քանակը քիչ չէ: Որոշ դեպքերում կոռուպցիոն երեւույթները, որոշ դեպքերում՝ արդարադատության հետ կապված խնդիրներ, որոշ դեպքերում նաեւ այն մարդկանց պահվածքը, որոնք ամեն ինչ տեսնում են միայն սեւ ակնոցներով: Իհարկե, կա մտահոգության առարկա: Եթե մենք ասենք, որ մենք երջանիկ ենք, եւ Հայաստանում որեւէ խնդիր չկա, ես կնմանվեմ կրկեսում աշխատող ծաղրածուի: Իհարկե, այդպես չէ: Իհարկե, մեր բոլորիս խնդիրն է, որպեսզի օր առաջ լուծվեն մեր հասարակության առջեւ ծառացած խնդիրները: Բայց դրա դեղամիջոցը ռադիկալ քայլերը չեն: Դրա դեղամիջոցը բարձրաձայն ռադիկալ հայտարարություններ անելը չէ: Դրա դեղամիջոցը այլընտրանքային ծրագիրն է, քո պատասխանատվության պարտաճանաչ կրումը»:

Մինչ վարչապետի հրաժարականը, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը սպառնացել էր, որ տասնյակ հազարավոր մարդկանց դուրս կբերեն փողոց եւ այդպես իշխանությանը կստիպեն կառավարության հրաժարականը: Նա ասել էր, որ եթե իշխանությունն իրենց ասածներից հետեւություն չանի, չի խուսափի ցնցումներից ու բարիկադներից:

Խոսելով ընդդիմության՝ ժամանակ առ ժամանակ իշխանության հասցեին հնչող այս եւ նման սպառնալիքների մասին՝ պարոն Շարմազանովն ասաց. «Մի բան կարող եմ ասել՝ մենք բոլորս նույն նավի անդամներ ենք: Հայոց 23 տարվա  պատմությունը մի բան է ապացուցել, որ բարձր գոռալով, ինչպես նաեւ լռելով, իրար վրա քար նետելով՝ խնդիրներ չեն լուծվում: Խնդիրները լուծվում են կլոր սեղանի շուրջ՝ երկխոսության միջոցով, այլընտրանքային ծրագրերի միջոցով: Այդ իմաստով ռադիկալ քայլերը արդարացված չեն որեւէ երկրում: Եթե ոմանց պետք են ուժեղ ցնցումներ, կարծում եմ, մեր հասարակությանը պետք է ուժեղ Հայաստան: Իսկ այդ ուժեղ Հայաստանը պետք է գնա էվոլյուցիոն նորմալ ճանապարհով: Կա դասագրքային ճշմարտություն՝ կառավարություն փոխելը, ընտրություններ անցկացնելը դա ոչ կապրիզ է, ոչ էլ պատվիրովի համերգ: Մեծամասնությունն ունի իր օրակարգը: Այնպես չի, որ ականջալուր չի, այնպես չի, որ մեծամասնությունը չի տեսնում: Մեծամասնությունն ամեն ինչին ուշադիր հետեւում է, բայց չի տանում ամեն ինչ զգացմունքային դաշտ: Երբ  դու մեծամասնություն ես, ունես պատասխանատվություն եւ քո յուրաքանչյուր քայլի համար պետք է կրես պատասխանատվություն: Ընդդիմությունն այսօր կասի՝ բարիկադ ենք անում, վաղը կասի՝ գնում ենք երկխոսության, մեկ ուրիշ օր կասի՝ կառավարությանը հանեք, սրան բերեք, սա վատ է: Ինքը կաշկանդված չի: Կասի՝ էս ի՞նչ վատ կառավարություն է, երբ որ ես լինեմ, ես թոշակը ոչ թե 5000-ով կբարձրացնեմ, այլ՝ 15 հազարով: Ընդդիմության բառամթերքում կարող են լինել նաեւ նման զգացմունքային բառեր, եւ իրենք օգտվեն նաեւ նման բառամթերքից, որովհետեւ ընդդիմության հիմնական  գործիքը խոսքն է, շատ դեպքերում նաեւ ժողովրդահաճո խոսքը: Նրանք եթե այդ խոսքից չօգտվեն, 2017-ի ընտրությունների ժամանակ կունենան պրոբլեմ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Նվարդ (ԵՊՀ) says:

    Ի~նչ լավ է տվել սեփական կերպարի բնութագիրը. ես երկու ձեռքով կողմ եմ, քանզի գողացած քվեները հաջորդ օրվանից դառնում են ,,վստահության,, քվե, շնչահեղձ ու կիսադատարկ Հայաստանը համարվում է ,,ուժեղ,, Հայաստան, մատնացույց է արվում կոռուպցիան և ցածր կենսաթոշակները,որի պատճառը իր կուսակից քրեածին քավորն է…
    Այսքանից հետո կասկածում է ? որ կրկեսի ծաղրածու է և աճպարար…

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031