Լրահոս
Օրվա լրահոսը

Դանակահարելուց հետո ռեստորանի տարածքից դիմել էր փախուստի

Մայիս 06,2014 16:50

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վ.Մկրտչյանի փետրվարի 25-ի դատավճռի դեմ ՀՀ վերաքննիչ քրեական դատարան բողոք է բերել Սարգիս Վերդյանը, որը դատապարտվել է 3, 5 տարվա ազատազրկման:

Վերաքննիչ դատարանում ամբաստանյալի բողոքի քննությունը նշանակվել է մայիսի 14-ին: Նախագահող դատավորն է Արշակ Խաչատրյանը, դատավորներն են Լիլիթ Թադեւոսյանն ու Արմեն Դանիելյանը:

Վերդյանը վիճարկում է իր նկատմամբ դատավճռով սահմանված պատժաչափը:
Ըստ գործի նյութերի, Չարենցավանի բնակիչ Սմբատ Եփրեմյանը 2012թ. դեկտեմբերին գնել է Ս.Վերդյանի շինությունը և այն տնօրինում է որպես առևտրի սրահ:

Շինությունում այդ ժամանակահատվածում մնում է Սարգիս Վերդյանին պատկանող գույքը: Սմբատ Եփրեմյանը պարբերաբար դիմում է նախկին սեփականատիրոջը՝ իր գույքը վերցնելու, տարածքն ազատելու խնդրանքով, սակայն նա հրաժարվել է գույքը դուրս բերել այնտեղից, մինչև մեկ այլ քաղգործով վերջնական դատական ակտի կայացումը:

Անցյալ տարվա մարտի 20-ին Ս.Եփրեմյանը զանգում է Ս. Վերդյանին, առաջարկում է հանդիպել: Ս.Վերդյանը համաձայնվում է և նույն օրը գնում առևտրի սրահը:

Նրանք համաձայնության չեն գալիս տարածքն ազատելու հարցի շուրջ, կողմերի զրույցը վիճաբանության է վերածվում: Ս. Եփրեմյանը ծեծի է ենթարկում Ս. Վերդյանին, նրան պատճառելով առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ:

Վեճից հետո Վերդյանը, երբ դուրս է եկել խանութից և նստել իր մեքենան, այդ ժամանակ նրան է մոտեցել Սմբատի եղբայր Հրայրը: Միմյանց հայհոյանքներ են տվել, Սարգիսը հեռացել է: Նա գնացել է Չարենցավանի Տերվիշյան փողոցում գտնվող «Լուսավան» ռեստորան: Նրա ետեւից իր ավտոմեքենայով գնացել է Հրայրը: Ռեստորանում էլ գտնվել է Վերդյանի հայրը: Ըստ առաջին ատյանի դատարանում հետազոտված ապացույցների, ռեստորանի բակ հասնելով՝ Սարգիսը ավտոմեքենայի միջից վերցրել է ծալովի դանակ: Հրայրը իջնելով ավտոմեքենայից, մոտեցել Սարգիս Վերդյանին, եւ իրեն ու իր հարազատներին հայհոյելու կապակցությամբ վիճաբանության մեջ է մտել Սարգսի հետ:Նա ծեծի է ենթարկել Սարգիսին ` պատճառելով առողջությանը թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածք: Սարգսի հայրը տեսնելով, որ Հրայրը հարվածել է որդուն, փորձել է դադարեցնել վիճաբանությունը, որի ժամանակ Սարգիսն իր մոտ եղած դանակով երկու անգամ հարվածել է Հրայր Եփրեմյանի որովայնի շրջանին` նրա առողջությանը պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս: Դանակահարելուց հետո փախել էր:

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը վերլուծելով Սարգիս Վերդյանի դատաքննության ընթացքում տված ցուցմունքներն ու հայտարարությունները, դրանք համադրելով գործում առկա այլ ապացույցների հետ հանգել էր նրան, որ «ամբաստանյալի կողմից ներկայացված փաստարկներն իրականությանը չեն համապատասխանում, ավելին՝ հերքվում են, իսկ նրան մեղսագրված հանցանքը հաստատվում է ինչպես իր կողմից դեպքի մասին հանգամանորեն ցուցմունք տալով, այնպես էլ քրեական գործով վարույթի ընթացքում ձեռք բերված և դատարանում հետազոտված թույլատրելի, վերաբերելի և հավաստի ապացույցների բավարար համակցությամբ»:

Տուժող Հրայր Եփրեմյանը դատարանին հայտնել էր, որ ամբաստանյալ Ս. Վերդյանի նկատմամբ քաղ.հայցի պահանջ չունի:

Ըստ դատահոգեբուժական, հոգեբանական և նարկոլոգիական փորձաքննության թիվ 47 եզրակացության, Սարգիս Վերդյանի մոտ հայտնաբերվել է օրգանական ծագման էմոցիոնալ անկայուն խանգարում, որը սակայն չի ուղեկցվել ակտիվ հոգեախտաբանական ախտանիշներով: Մեղսագրվող արարքի նկատմամբ Ս. Վերդյանը ճանաչվել է մեղսունակ: Սակայն հաշվի առնելով վերոհիշյալ խանգարումը, խորհուրդ է տրվել նրա նկատմամբ նյարդահոգեբույժի ամբուլատոր հսկողություն:

«Սարգիս Վերդյանը տառապել է «հոգեկան և վարքային խանգարումներ ափիոնատիպ նյութերի գործածման հետևանքով» հիվանդությամբ, սակայն հաշվի առնելով, որ նա գտնվել է կլինիկական հսկողության տակ, ուստի հարկադիր բուժման կարիք չունի»,-եզրահանգել են փորձագետները::

Արարքը կատարելու պահին Սարգիս Վերդյանը գտնվել է հուզական գրգռման և սթրեսային վիճակում, ինչն ազդել է նրա գիտակցության և վարքի վրա, սակայն ըստ պաշտոնական փաստաթղթի, Սարգիս Վերդյանը չի գտնվել ֆիզիոլոգիական աֆեկտի վիճակում, ինչի մասին խոսում է աֆեկտին բնորոշ ետփուլային էֆեկտի բացակայությունը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031