Լրահոս
Օրվա լրահոսը

Ստյոպա Սաֆարյան. «Սերժ Սարգսյանը Հովիկ Աբրահամյանի առաջ խնդիր է դրել փախցրած գումարները ետ բերելու»

Մայիս 06,2014 19:17

Օրերս Հարկային պետական ծառայությունը հրապարակեց այս տարվա առաջին եռամսյակի արդյունքներով 1000 խոշոր հարկատուների ցանկը:

Այդ ցանկից պարզ է դառնում, որ խոշոր գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ ավելի քիչ հարկ է վճարել: Գագիկ Ծառուկյանի «Մուլտի Լեոնը», «Մուլտի գազը», «Արարատցեմենտը» նույնպես ավելի քիչ հարկ են վճարել: Միխայիլ Բաղդասարովի ընկերությունները, օրինակ՝ «Միկացեմենտն» այնքան քիչ է վճարել, որ դուրս է մնացել ցանկից:

Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում «Ժառանգության» գլխավոր քարտուղար, Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Ստյոպա Սաֆարյանը վստահեցրեց, որ խոշոր հարկատուների այս ցանկը Տիգրան Սարգսյանի ձախողման ապացույցն է. «Անցած եռամսյակի ցուցանիշներն են, որով Տիգրան Սարգսյանն ապացուցեց, որ ինքն ուղղակի կամ անուղղակի ի վիճակի չէ այդ օլիգարխներին բերել հարկման դաշտ, հետեւաբար հաջորդեց այս փոփոխությունը»:

Ըստ պարոն Սաֆարյանի. «Պատահական չէ, որ Սերժ Սարգսյանն իրենց օլիգարխին բերեց կառավարություն, որպեսզի իրենք իրենց հարկեն, իրենք իրենց փախցրած գումարները ետ բերեն եւ ներդնեն տնտեսության մեջ ու ապահովեն տնտեսական աճ: Սերժ Սարգսյանը բառացիորեն օլիգարխիայի վրա դրել է պատասխանատվություն: Միգուցե անլուծելի, որին չենք հավատում, բայց դրել է այդ պատասխանատվությունը, որ իրենք իրենց ձեռքով  լուծեն այդ խնդիրները: Կլուծեն նրանք այդ խնդիրը, կմնան որպես կառավարություն, չեն լուծի, ուրեմն կարելի է ասել, որ այս կառավարությունը կարճաժամկետ կառավարություն է»:

Մեր դիտարկմանը, որ ժամանակ առ ժամանակ միշտ էլ Սերժ Սարգսյանը խորհրդակցություններ է հրավիրել եւ խոշոր ձկներին բռնելու կոչերով հանդես եկել, բայց դրանից մեծ հաշվով ոչինչ չի փոխվել, հնարավո՞ր է Հովիկ Աբրահամյանի օրոք խոշոր հարկատուների ցանկի այլ պատկեր լինի՝ Ստյոպա Սաֆարյանը պատասխանեց. «Սերժ Սարգսյանը նրա վրա դրել է խնդիր: Դա բավականին բարձր թիվ է՝ Հովիկ Աբրահամյանի լուծելու համար, դա մի խնդիր է, որ դրվել է ամբողջ օլիգարխիայի վրա: Բայց քանի որ այս կառավարությունը օլիգարխիայի կառավարություն է, եւ եթե նա չլուծեց այդ խնդիրները, ստիպված է լինելու շատ արագ հեռանալ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. մարգար says:

    Գուցե այդպես էլ կա, Ս. Սաֆարյանը բավականին խորաթափանց մարդ է: Այստեղ կարելի է հիշեցնել, որ շատ ավելի վաղ ողորմածիկ Վ. Սարգսյանը փորձեց այդ նույն խնդիրը լուծել – ավելի ուղղակիորեն ու վստահորեն («լափածը պիտի հետ բերեք!»): Թե ինչով վերջացավ՝ գիտենք: Կարծում եմ մեծ խնդիրներ ու ցնցումներ պիտի առաջանան, կամ էլ սուս ու փուս կշարունակվի նեխումը: Այդպես չի կարելի արդյունքի հասնել՝ մարդուս համար կուտակածից ավելի սուրբ բան չկա – ամեն ինչի կդիմեն, որպիսզի չտան! Հարկավոր է նայել պատմությունը, շատ օրինակներ կան: Դժբախտաբար, այս դեպքում առանց արյունի ոչինչ չի ստացվում, սակայն գոնե պիտի մեկ առ մեկ արվի! Որպես դասական օրինակ կարելի բերել Իվան Ահեղին՝ իր տռզած բոյարներով ու օպրիչնիկ-դահիճներով: Հայ թագավորներն էլ են փորձել լուծել այդ խնդիրը: Ցավալիորեն, հիմա մենք այդ նույն նախապատմական անելանելի վիճակում ենք հայտնվել- կամ պիտի մորթենք իրար, կամ փթենք! Լեւոն պապը թող երկար ապրի – սրա հիմքն ինքը դրեց՝ իր «վերլուծական» (կարճ) խելքով:

  2. M.S says:

    Խիստ կասկածում եմ որնոր վարչապետը <> է: Լավագույն դեպքում կորսան մի քանի մանր ու միջին ձկների: Էս նեխած համակարգը ոչ մի էական դրական փոփոխություննների ունակ չէ: Մի բան էլ. խնդիրը ոչ թե երկրում մնացած առանց այդ էլ փոքրաթիվ հարուստների ունեցվածքի վերաբաշխումը կամ բռնագրավումն է, այլ կապիտալի արտահոսքի կանխումը, երկրում արժեքի ստեղծումը, նոր արտադրությունների հիմնումը… Դրա համար անհրաժեշտ է այդ հարուստներին իրենց գումարները ներդնել երկրում:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031