Լրահոս
Օրվա լրահոսը

Հրադադարի համաձայնագրում հենց սկզբից անուղղելի սխալներ են թույլ տրվել. Նորատ Տեր-Գրիգորյանց. «Առաջին լրատվական»

Մայիս 12,2014 11:25

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է 1992-1995թթ. ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետ, 1993թ. պաշտպանության նախարարի պաշտոնակատար, Արցախյան պատերազմի հերոս, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը:

– Պարոն գեներալ, մայիսի 12-ին լրանում է ղարաբաղյան հակամարտության ՌԴ միջնորդությամբ ստորագրված հրադադարի մասին համաձայնագրի 20 տարին: Թեև հրադադար կնքվեց, այս 20 տարիների ընթացքում Հայաստանի ու ԼՂ-ի ժողովուրդն ապրեց չդադարող կրակահերթերի պայմաններում: Ինչո՞ւ, ըստ Ձեզ, չհաջողվեց սահմանել իրական հրադադար և հաշտություն:

– Իմ կարծիքով՝ հենց սկզբից թույլ տրվեցին անուղղելի խոշոր սխալներ, որոնք իրենց զգացնել են տալիս Ադրբեջանի հետ մեր հարաբերություններում նաև այսօր: Առաջին՝ հրադադարի արձանագրությունը ձևակերպվել էր ոչ թե գործադիր իշխանության ներկայացուցիչների, այլ խորհրդարանական կառույցների ղեկավարների մակարդակով: Նախագահները, վարչապետները կամ ԱԳ նախարարները չեն ստորագրել փաստաթղթի տակ, ինչպես և պետք էր անել: Նրանք, ըստ երևույթին, յուրաքանչյուրն իր ձևով, չէին ցանկանում փաստաթղթի տակ իրենց ազգանունը դնել, քանի որ հակառակորդները, հատկապես Ադրբեջանում, չէին խնայի փաստաթղթի ներքո ստորագրողին: Նույնիսկ ստորագրումից հետո նույն Ադրբեջանում բռնկվեց խորհրդարանական ճգնաժամ: Վլադիմիր Կազիմիրովի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ՌԴ համանախագահի (1992-1996), հայտարարության համաձայն՝ Բաքվում «Պատերազմի կուսակցությունը» փոթորկոտ արշավ էր սկսել, նույնիսկ հիստերիա Բիշքեկի դեմ: 12 խորհրդարանական կուսակցություններ հանդես էին եկել հայտարարությամբ, որով դատապարտել էին համաձայնագրի ստորագրումը: Համարվում էր, որ այդ համաձայնագիրն ընդամենը շուտափույթ հրադադարի կոչ էր, որի կարիքն այդ պահին հենց ադրբեջանական կողմն ուներ, քան հայկական: Բիշքեկի շուրջ կրքերը շարունակում էին ավելի կատաղի դառնալ Ադրբեջանում` նույնիսկ համաձայնագրի ստորագրումից և հրադադարի հաստատումից շաբաթներ անց: Փաստորեն, համաձայնագիրն ուժի մեջ մտավ միայն 1994թ. մայիսի 12-ի կեսգիշերին: Երկրորդ՝ փաստաթուղթն անվանեցին արձանագրություն, ասես ինչ-որ խորհրդակցություն էր տեղի ունեցել, ապա քարտուղարն ինչ-որ արձանագրություն էր ձևակերպել այս մասին: Բայց չէ՞ որ արյունահեղ պատերազմ էր, որ համարվում էր ագրեսիվ` Ադրբեջանի կողմից և հայրենական՝ հայկական կողմից: Երրորդ՝ նշված խորհրդարանականները փաստաթուղթը ձևակերպել էին շատ վատ, մարդիկ, որոնք ծանոթ չէին երևույթի էությանը, չէին տեսել պատերազմի դաշտը, չէին կանխատեսել հետևանքները, հաշվի չէին առել հաղթողի ու ագրեսորի տեղն ու դերը: Չստիպեցին հակառակորդին ճանաչել Ղարաբաղի անկախությունը, փոխհատուցել պատերազմի հետևանքով հասցված վնասը` նաև բարոյական իմաստով, սահմանների հստակեցման և նույնիսկ կապիտուլյացիայի ճանաչում և այն տարածքների վերադարձ, որոնք ավելի վաղ Արցախի կազմում էին: Այսինքն՝ ինչպես 1945թ. Բեռլինում, մեզ` զինվորականներիս ընդհանրապես տեղյակ չպահեցին: Այսպես էլ դիվանագետները, ԵԱՀԿ-ն, խորհրդարանականները Աստծո օգնությամբ ստորագրեցին այն, ինչը թարս դուրս եկավ և ավելի քան 20 տարի երկու կողմերն էլ հայտնվել են միմյանց հետ պատերազմական վիճակում: Ես հայտնում եմ իմ կարծիքը, չնայած հենվում եմ այն ժամանակի ռազմաքաղաքական իրավիճակի վրա:

Իմիջիայլոց, մենք չենք հարձակվել Ադրբեջանի վրա, դա նրանց կողմը Բաքվի, Սումգայիթի և այլ բնակավայրերում ջարդերից հետո ձեռնամուխ եղավ լայնածավալ գործողությունների իրականացմանը, այն է` տեղահանություն, դրան էլ զուգահեռ` Արցախում հայ ժողովրդի ցեղասպանություն և հին հայկական հողերի գրավում ողջ ունեցվածքով ու բնական հարստություններով: Այնպես, ինչպես Թուրքիան Արևմտյան Հայաստանում վարվեց հայ ժողովրդի հետ ՝ ոչնչացնելով 1,5 միլիոն հայ, հարստացավ նրանց հողերի, տարածքների և հայկական ունեցվածքի հաշվին և ստեղծեց սեփական պետությունը: Նույնկերպ վարվում էր և ծրագրում էր կրկնել ավագ եղբոր փորձը նաև Ադրբեջանը` կարծելով, որ 7 միլիոնանոց Ադրբեջանի ԶՈւ-ն կտրորի Ղարաբաղի 140 հազար հայերին, և նպատակը իրագործված կհամարվի: Բայց նրանք հաշվի չառան, որ այս անգամ հայերը զինված էին ու նրանց այլևս չեն կարող սպանել քնած ժամանակ, մեջքից հարվածելով, ուստի ստիպված էին դա անել մարտի դաշտում, դեմ առ դեմ` արդեն կիրառելով զինված պայքարի տարատեսակ միջոցները և ամենակարևորը ոչ թե գրավելու նպատակով, այլ սեփական հայրենիքը պաշտպանելու նպատակով` այնպես, ինչպես ԽՍՀՄ ժողովուրդն էր պայքարում ֆաշիստական Գերմանիայի դեմ՝ ժողովուրդների ամենաչար թշնամու դեմ, որին ջախջախեցին սեփական որջում և հայտարարեցին կապիտուլյացիա:

Ղարաբաղցիները նրանց այնպիսի դիմադրություն ցույց տվեցին, որ մինչ օրս չեն կարողանում մոռանալ և ցանկանում են կրկնել սեփական «արկածները»:

Բայց հիմա արդեն նախագահ Ալիևը ավելին չի ցանկանում, չէ՞ որ նրա մոտ նավթադոլարներն ավելի շատ են, քան հայերի մոտ, դեռ ավելին` Իսրայելն է որոշել նրան օգնել, որպեսզի Բաքուն «հոլոքոսթ» կազմակերպի հայերի նկատմամբ, և ՆԱՏՕ-ի թուրքական սպաները քրտնաջան աշխատում են իբրև խորհրդականներ ադրբեջանական գումարտակներում, վաշտերում, դիվիզիաներում և այլն: Կարողացան կուտակել սպառազինություն Հայաստանի ու Արցախի նկատմամբ հնգակի առավելությամբ, միգուցե նաև Իրանի՝ երբ ԱՄՆ-ն ավարտի իր պատերազմը Սիրիայում Թուրքիայի միջոցով: Իսկ Իսրայելը կազմ-պատրաստ նստած է Իրանի սահմանների մոտ և նախապատրաստել է պահեստային օդանավակայաններ՝ ԱՄՆ-ի կամ ՆԱՏՕ-ի, կամ սեփական ռազմաօդային ուժերի ընդունման համար: Եվ այդ ժամանակ կհրդեհվի ոչ միայն Հարավային Կովկասը, այլև ամբողջ Կովկասը Իրանի հետ միասին ներքաշվելու է դրա մեջ և այդ ժամանակ հնարավոր է՝ վերջնականապես միացյալ ջանքերով ագրեսորին կհաջողվի մղել ուղիղ Կասպից ծով, որ լվա այն ձեռքերը, որոնք անընդհատ քոր են գալիս: Իսկ դրա համար Հայաստանն Արցախի հետ միասին պետք է լինի ամբողջապես մարտական պատրաստված, զգոն և միշտ պատրաստ հակահարված հասցնելուն և դեռ ավելին:
Հիմա Ալիևը իր երիտասարդ տղաների ուղեղներում ներարկում է ատելություն հայերի նկատմամբ՝ կարծես թե նրանց ծնողները չգիտեն խաղաղասեր, աշխատասեր և օրինապաշտ հայ ժողովրդի մասին, որի հետ շատ երկար ժամանակ՝ ԽՍՀՄ շրջանում, ապրում էին եղբայրության և բարեկամության պայմաններում: Մինչև իշխանության չեկան շովինիստներն ու ազգայնամոլները, որոնք մոլորեցրին սեփական ժողովրդին, և հետագայում այդ ժողովուրդը թաղեց ավելի քան 20 հազար իր զավակներին: Եվ սա միայն նրա համար, որպեսզի ալիևները քաոսի և պատերազմի աղմուկի ներքո ավելի շատ կարողանան թալանել: Իսկ իրենք թաքնվում էին բունկերում հարազատների և մտերիմների հետ միասին: Չէ՞ որ հիմա նախագահ Ալիևն ամեն օր ասում է՝ Երևանն ու Հայաստանը նրան են պատկանում: Անգամ իբրև թե Թբիլիսին ու Դերբենդը նույնպես իրենց տարածքներն են: Ադրբեջանին անհրաժեշտ է ընդլայնվել, իսկ դուք նրա ճանապարհին հանդիսանում եք խցան և խանգարում եք միանալ Թուրքիային: Այ այսպես մեր բախտը չբերեց մեր հարևան բարբարոսի և ագրեսորի հետ: Չնայած որ` իրենք էլ ստեղծվել են հայկական, պարսկական, թալիշական, ռուսական, դաղստանական և մասամբ վրացական հողերի վրա 1918թ.:

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031