Լրահոս
Օրվա լրահոսը

Եզակի նվիրատվություն դպրոցին

Մայիս 13,2014 17:25

Մայիսյան հաղթանակների, մասնավորապես՝ Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի և Շուշիի ազատագրման տարեդարձների արժեքավորման ճանապարհին կարևոր հանգամանք է ոչ միայն Հայրենիքի պաշտպանի մարտական փառահեղ սխրանքների գնահատումն ու վերաիմաստավորումը, այլև նրա՝ որպես բարեշնորհ ու զարգացած մարդու և ազգանվեր մտավորականի կերպարի վերհանումը: Այս իմաստով հատկանշական օրինակ է ՀՀ ազգային հերոս Մոնթե Մելքոնյանը, և հենց այս նպատակով Պաշտպանության նախարարի խորհրդական, ՊՆ ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ, քաղաքական գիտությունների դոկտոր, գեներալ-մայոր Հայկ Քոթանջյանը այցելեց Երևանի Լևոն Շանթի անվան թիվ 4 հիմնական դպրոցը: Շուշիի ազատագրման տարեդարձի շրջանակներում, 5-6-րդ դասարանների սաների մասնակցությամբ Մոնթե Մելքոնյանի հիշատակին նվիրված միջոցառման առիթով դոկտոր Քոթանջյանը դպրոցին նվիրաբերեց Մոնթե Մելքոնյանի «Ուրարտական ժայռափոր դամբարանները. նկարագրություն և վերլուծություն» մագիստրոսական թեզի եզակի հրատարակության օրինակը: Նվիրատվությունն իր մեջ կրում էր մի յուրահատուկ խորհուրդ, այն նպատակ ուներ Մոնթե Մելքոնյանին՝ հանրությանը ներկայացնելու նոր լույսով:

1995 թվականին, երբ կնքված զինադադարից հետո ՀՀ Զինված ուժերը եղած սուղ հնարավորությունների շրջանակներում լծված էին բանակաշինության ու բանակի ամրապնդման գործին, Մոնթե Մելքոնյանի այրին ու ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն դոկտոր Արամ Քալանթարյանը դիմեցին դոկտոր Հայկ Քոթանջյանին՝ մարտի դաշտում հերոսաբար զոհված ազգային հերոսի գիտական աշխատությունը հրատարակելու խնդրանքով: Այն ժամանակվա Պաշտպանության նախարար, ՀՀ ազգային հերոս Վազգեն Սարգսյանի բարձր հովանու ներքո, փոխնախարարներ Վահան Շիրխանյանի և Հմայակ Հարոյանի աջակցությամբ որոշվեց անպայման հրատարակել այդ մեծարժեք գիտական աշխատությունը, որը Մոնթե Մելքոնյանը պաշտպանել էր ԱՄՆ-ի Բերքլիի հեղինակավոր համալսարանում: Նրա գիտական թեզի հանրահռչակումն ուներ շատ կարևոր նշանակություն, քանի որ նորովի էր ներկայացնում Մոնթե Մելքոնյանին՝ որպես մի ինտելեկտուալ մարդու և գիտնականի: Մի հայի, որը թողնելով արտասահմանում իր գիտական փայլուն կարիերան, եկել և զենքը ձեռքին անձնվիրաբար ու անմնացորդ տրվել էր արցախահայության պաշտպանության գործին: Ավելին. ազատամարտիկի գիտական աշխատության հրատարակությունը ճշմարտացի կերպարի վերարտադրությամբ չեզոքացնում էր Մոնթե Մելքոնյանին որպես մարդասպան-ահաբեկչի ներկայացնելու հակառակորդի հետևողական ջանքերը:

Հերոս ազատամարտիկի գիտական հետազոտության պատշաճ հրատարակության կազմակերպման համար դոկտոր Քոթանջյանի գլխավորությամբ ստեղծվեց խմբագրական խումբ, որը խնամքով մշակեց ու հրատարակեց այն՝ ապահովելով ակադեմիական բոլոր չափանիշներն ու պահանջները: Խմբագրական խմբի կազմում ներգրավվեցին ինչպես ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատողներ, պատմական գիտությունների թեկնածուներ Ռուզան Մկրտչյանը, Սիմոն Հմայակյանը, Աշոտ Փիլիպոսյանը, Պավել Ավետիսյանը, այնպես էլ ՀՀ ՊՆ «Հայական բանակ» ռազմագիտական հանդեսի խմբագրության ծառայողներ՝ պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Բորիս Բալայանը, փիլիսոփայական գիտությունների թեկնածու, դոցենտ Վլադիմիր Բաղդասարյանը, պատասխանատու քարտուղար Դավիթ Չիլինգարյանը, գեղարվեստական ու տեխնիկական խմբագիր Ռազմիկ Գևորգյանը, ձևավորող նկարիչ Սերգեյ Նարազյանը, ՀՀ ՊՆ Հաշվողական կենտրոնի մի խումբ սպաներ (համակարգչային ապահովման մասնագետներ)՝ գլխավոր մասնագետ Սամվել Աթոյանի ղեկավարությամբ:

Խմբի անմնացորդ աշխատանքը տվեց ցանկալի արդյունք. Մոնթե Մելքոնյանի գիտական մտքի արգասիքը վերածվել էր ակադեմիական հրատարակության: Աշխատության հրատարակիչն էր ՊՆ «Հայկական բանակ» ռազմագիտական հանդեսը: Հրատարակությունը Մոնթեի այրիի խնդրանքով ուղարկվեց Սորբոնի, Բերքլիի համալսարաններ ու մի շարք այլ գիտակրթական կենտրոններ:

Գեներալ-մայոր Հայկ Քոթանջյանը Երևանի Լևոն Շանթի անվան թիվ 4 հիմնական դպրոցի տնօրեն Անահիտ Վարդանյանին փոխանցելով հրատարակությունը, հույս հայտնեց, որ այդ եզակի գործը դպրոցի սաներին հնարավորություն կտա նորովի հայտնագործելու Մոնթե Մելքոնյան մտավորականին: Դպրոցի տնօրենը, մեծապես արժեքավորելով եզակի նվերը, իր երախտիքի խոսքը հայտնեց դոկտոր Հայկ Քոթանջյանին, գիտության, դրա նվիրյալ ծառայողների և դպրոցի՝ որպես կրթադաստիարակչական օջախի նկատմամբ նրա ուշադրության համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031