Լրահոս
Օրվա լրահոսը

Վահրամ Բաղդասարյան. Ողջունում եմ երեք խմբակցությունների՝ ՀՅԴ-ի, ԲՀԿ-ի, ՕԵԿ-ի դիրքորոշումը. «Հայոց աշխարհ»

Մայիս 14,2014 12:49

Հատված ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար ՎԱՀՐԱՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ հետ հարցազրույցից:

-«Կուտակայինի» քվեարկությունն ապացուցեց, որ «քառյակի» կուռ շարքերն այլեւս սասանված են, եւ հետայսու անիմաստ է խոսել ոչ միայն նրա միասնականության, այլ նաեւ գուցե գոյության մասին: Ձեր գնահատականը:

-Կուտակային նոր նախագծի հանդեպ ոչ իշխանականների դրսեւորած վերաբերմունքն ու քվեարկության պատկերը, իրոք, շատ բան հստակեցրին: Այդ առումով ողջունում եմ երեք խմբակցությունների՝ ՀՅԴ-ի, ԲՀԿ-ի, ՕԵԿ-ի դիրքորոշումը: Տեսեք, ՀՅԴ-ն ե՛ւ քննադատեց, ե՛ւ երկար ժամանակ հանդես էր գալիս իր հակափաստարկներով, բայց երբ կառավարությունը ներկայացրեց նոր նախագիծ, նրանք անկեղծորեն նկատեցին ու արձանագրեցին, որ կա դրական տեղաշարժ: Սա, իրոք, քաղաքական մոտեցում է:
Փոխարենը անհասկանալի էր ՀԱԿ-ի հայտարարությունը, թե ոչ մի դրական քայլ չեն տեսնում նոր նախագծում: Սա այլ բան չէ, քան քաղաքական չկամություն: Գիտեք, սա նաեւ քաղաքական վարքագիծ չէ:

Բայց նաեւ չեմ կարող չնշել, որ նման վերաբերմունք արտահայտողների կողքին ՀԱԿ-ում կան նաեւ փորձառու պատգամավորներ, որոնք իրենց թույլ չեն տալիս առաջնորդվել զուտ քաղաքական չկամությամբ ու չնկատել դրականը: Եթե ընդդիմությունը հրապարակավ հայտարարում է իշխանության այս կամ այն նախագծի դրական լինելու մասին, դրանից նրա «դեմքը» չի աղճատվում, հակառակը, հանրության կողմից նա առավել ընկալելի է դառնում, ի վերջո, ժողովուրդը տեսնում է, որ կա արդար, կառուցողական, լավին՝ լավ, վատին՝ վատ ասող ընդդիմություն:

Գուցե որոշ ընդդիմադիրների թվում է, թե իրենց հայհոյախոսությունը շոյում է հանրության ականջը, բայց չարաչար սխալվում են, չէ՞ որ նրանք կարող են շատ արագ սպառել իրենց ու հիասթափեցնել ժողովրդին: Իսկ նման քաղաքական գործիչների ու կուսակցությունների օրինակներ մեզանում քիչ չեն, որոնք իրենց հայհոյախոսությամբ հոգնեցրել են ժողովրդին, որովհետեւ իրենց խոսքը զերծ է եղել կառուցողականությունից, սթափ առաջարկություններից:

Ես ամենեւին չեմ ցանկանա, որ իմ երկրի ու նաեւ խորհրդարանի ընդդիմությունը լինի սպառված քաղաքական ուժ: Քանի որ որքան ընդդիմությունն առողջ է, գործուն, միահամուռ եւ ուժեղ, այնքան զգոն է իշխանությունը:

-Իսկ նման իրավիճակում, երբ կան գործիչներ, որոնք բռնել են ամեն ինչ սեւացնելու ճանապարհը, կհաջողվի՞ ԱԺ քաղաքական մեծամասնությանը ապահովել համագործակցային առողջ մթնոլորտ:

-Կրկին ուզում եմ ընդգծել, որ ՀԱԿ-ում կան քաղաքական գործիչներ, որոնք ե՛ւ առողջ քննադատներ են, ե՛ւ ունակ են դրականը տեսնել: Հենց նրանց հետ էլ կհամագործակցենք: Իսկ հայհոյախոսների նպատակը մեզ այդ դաշտ մղելն է, որպեսզի իրենք անվերջ մնան ուշադրության կենտրոնում:

Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031