Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Մուրադյան. «Ինչի՜ն ենք արդեն հասել, արդեն կարող են ասել կաթողիկոսի մարդն է»

Մայիս 15,2014 10:54

Նախագահ Սերժ Սարգսյանը նոր կառավարության կազմի մասին խոսելիս ասել էր, որ  նոր կառավարությունը պետք է կարողանա վերականգնել մեր քաղաքացիների վստահությունը բարեփոխումների եւ իր գործունեության նկատմամբ. «Ես կարծում եմ, որ կառավարությունում էական փոփոխություններ են լինելու: Անհրաժեշտություն կա, որպեսզի նաեւ նոր աչքով նայվի եղած խնդիրներին»:

Aravot.am-ը առողջապահության նորանշանակ նախարար Արմեն Մուրադյանից հետաքրքրվեց՝ Դուք նոր աչքո՞վ եք նայում ոլորտի այն խնդիրներին, որ ժառանգել եք նախկին նախարարից:

Armen_Muradyan-1

Նա պատասխանեց. «Եթե ինձ առաջարկել են այդ պաշտոնում աշխատել, ուրեմն համոզված եղեք, որ նաեւ կշռադատել են՝ ա՞յլ աչքով եմ նայելու, թե՞ ոչ: Համոզված եղեք, եթե նախագահն ասել է, որ այլ աչքով պետք է նայել, ուրեմն այդպես էլ անելու ենք»:
Մեր հարցին՝ երբ նոր էիք նշանակվել, հիմնական քննադատությունը, որ հնչում էր Ձեր հասցեին, այն էր, որ Դուք «կաթողիկոսի մարդն» եք, դա ճի՞շտ է՝ նախարարը պատասխանեց. «Գիտեք, փոքր երկրում ենք ապրում եւ անընդհատ շահարկել՝ սրա մարդն է, նրա մարդն է: Ինչի՜ն ենք արդեն հասել, որ շատ ներողություն, արդեն կարող են ասել կաթողիկոսի մարդն է: Դա ես գնահատում եմ որպես ոչ կոռեկտ մոտեցում, եւ գտնում եմ, որ Վեհափառի անունը տալիս, եկեղեցու հետ կապված խնդիրները վերլուծելիս մի փոքր պետք է ավելի կոռեկտության շրջանակները պահել: Ես մեկ անգամ ասել եմ՝ ես Արմեն Մուրադյանն եմ, որեւիցե մեկի մարդը չեմ: Ես բժիշկ եմ, երկար տարիներ աշխատել եմ այս համակարգում՝ շուրջ 27 տարի: Ես շատ ցավում եմ այն խնդիրների հետ կապված, որ առայժմ դեռ կան: Նաեւ պետք է ասեմ, որ կան լուրջ հաջողություններ այս համակարգում, որոնք մենք կարծես չենք տեսնում: Խոսքը վերաբերում է ինֆեկցիոն հիվանդությունների հաղթահարմանը, մոր եւ մանկան մահացության շեմի հաղթահարմանը եւ այլն: Լավն ուզել տեսնողը կարող է դա տեսնի: Եթե նկատի ունեք այլ աչքերով նայելը հենց դա, իմացեք, որ ես լավ աչքերով եւ կառուցողական հայացքով եմ գալու համակարգ: Այն 100 օրը երբ անցնի, խոստանում եմ, որ կմանրամասնեմ մեխանիզմները եւ նաեւ պատասխանատվություն կկրեմ իմ ներկայացրած գործողությունների համար»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031