Լրահոս
Օրվա լրահոսը

«Դատավորների՝ Կաթողիկոսին վերաբերող գործի քննությունից խուսափելը փաստում է դատական համակարգում քաղաքական ճնշումների և այս գործի անհեռանկար լինելու մասին»․ Ռոբերտ Ամստերդամ

Սեպտեմբեր 07,2026 14:16 Share

Aravot.am-ի զրուցակիցն է «Amsterdam & Partners LLP»-ի հիմնադիր և կառավարող գործընկեր Ռոբերտ Ամստերդամը։

-Ձեր տարածած հայտարարության մեջ նշել էիք, որ այն, ինչ անում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ, բարեփոխում չէ, այլ անկախ կրոնական կառույցը քաղաքականապես զավթելու փորձ։ Ի՞նչ միջազգային իրավական նորմեր է խախտում Նիկոլ Փաշինյանը` բացի այն, որ փորձագետների պնդմամբ՝ ՀՀ վարչապետն այդպիսով խախտում է նաև ՀՀ Սահմանադրությունը։

-Այն, ինչ այսօր տեղի է ունենում Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ, բարեփոխման հետ որևէ աղերս չունի. սա դարավոր անկախ կրոնական կառույցը քաղաքականապես զավթելու և լռեցնելու բացահայտ, ագրեսիվ փորձ է: ՀՀ Սահմանադրությունը խախտելուց զատ` վարչապետ Փաշինյանը դուրս է գալիս միջազգայնորեն պարտադիր այնպիսի փաստաթղթերի շրջանակից, ինչպիսիք են Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրի 18-րդ հոդվածը և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 9-րդ հոդվածը՝ 11-րդ հոդվածի համակցությամբ, որոնք պաշտպանում են կրոնական համայնքների ինքնավարությունը և նրանց ներքին գործերը՝ ներառյալ իրենց ղեկավարության և կառավարման հարցերի պաշտպանությունը պետության քաղաքական կամայական միջամտությունից։

Միջազգային իրավունքի համաձայն՝ պետությունը պարտավոր է մնալ չեզոք և անաչառ և չի կարող ինքն իրեն վերապահել կրոնական համայնքի ներքին կյանքը, ղեկավարությունը կամ կազմակերպական կառուցվածքը որոշելու իրավասություն։

Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի միջազգային չափանիշները ևս հստակ են՝ կրոնական համայնքների ինքնավարությունը պետք է պաշտպանված լինի պետական իշխանության քաղաքական միջամտությունից։ Երբ գործադիր իշխանությունն օգտագործում է պետության ամբողջ ուժը՝ կրոնական հաստատությանը ճնշելու, նրա ներքին կյանքը վերահսկելու կամ նրա ղեկավարության հարցերին միջամտելու համար, ապա այդպես խարխլում է ժողովրդավարության հիմքերն իր երկրում։

Տեղի ունեցողը պետական իշխանության ավտորիտար չարաշահում է և միջազգային իրավունքով պաշտպանվող կրոնական ազատության ու օրենքի գերակայության կոպիտ խախտում։ Նման գործողությունները չեն կարող մնալ առանց հետևանքների։

-Արդեն 3-րդ դատավորն է հրաժարվում քննել Ամենայն հայոց կաթողիկոսին և հոգևորականներին առնչվող գործը առաջին դատավորն ինքնաբացարկ հայտնեց, իսկ երրորդը, գործն իրենց մակագրվելուց հետո, դիմեց Վճռաբեկ դատարան՝ ընդդատության հարցով: Ձեր գնահատմամբ՝ դատավորների բերած պատճառաբանությունները իրապես հիմնավո՞ր են, թե՞ սա վկայում է դատական համակարգի կաշկանդվածության, քաղաքական ճնշումների և այս գործի իրավական անհեռանկարայնության մասին։

-Երեք դատավորների կողմից Ամենայն հայոց կաթողիկոսին և հոգևորականությանը վերաբերող գործի քննությունից խուսափելը բացահայտորեն փաստում է դատական համակարգում առկա խորը կաշկանդվածության, քաղաքական ճնշումների և այս գործի անհեռանկար լինելու մասին։

Ակնհայտ է, որ դատավորները հայտնվել են երկընտրանքի առջև․ մի կողմից՝ առկա է իշխող ուժի բացահայտ քաղաքական պատվերը, որին բացահայտ ընդդիմանալը ռիսկեր է պարունակում իրենց համար, մյուս կողմից՝ նրանք շատ լավ հասկանում են այս գործընթացի իրավական անհեթեթությունն ու վտանգավորությունը։

Չպետք է մոռանալ նաև բարոյական ու հոգեբանական գործոնը․ որպես քրիստոնյաներ և Եկեղեցու հետևորդներ՝ շատերն ուղղակի պատրաստ չեն դառնալ Հայոց Հայրապետի դեմ իրականացվող քաղաքական հետապնդման գործիք։

Այնուամենայնիվ, դատական ընթացակարգային հնարքների կամ ընդդատության վեճերի հետևում թաքնվելն ու պատասխանատվությունից խուսափելը պրոֆեսիոնալ մոտեցում չէ։ Սա ընդամենը ժամանակ շահելու փորձ է։ Արդարադատություն իրականացնելու կոչված դատավորները պետք է դրսևորեն սկզբունքայնություն, առաջնորդվեն բացառապես ՀՀ Սահմանադրությամբ ու օրենքով, քննեն գործն ու մերժեն ապօրինի հայցը՝ վերջ դնելով այս իրավական հակասահմանադրական նախադեպին։

-Ձեր վստահորդ, «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը դատարանում հաղթել է բլոգեր Ռոման Բաղդասարյանին, որին դատարանը պարտավորեցրել է հերքել «պետությանը խաբելու և թալանելու» մասին զրպարտչական հայտարարությունները։ Որպես միջազգային փաստաբան՝ ինչպե՞ս եք գնահատում այս վճիռը։

-Այս վճիռն ուրվագծում է անհերքելի իրավական փաստ. իշխանամերձ շրջանակների կողմից Սամվել Կարապետյանի դեմ անդադար հնչեցվող բազմաթիվ զրպարտչական հայտարարություններն ու մեղադրանքները ոչ այլ ինչ են, քան կազմակերպված, քաղաքականապես ուղղորդված արշավ: Որպես միջազգային փաստաբան՝ ես սա գնահատում եմ որպես առանցքային իրավական նախադեպ (res judicata):

Դատարանը պաշտոնապես ֆիքսեց այն, ինչ մենք պնդում էինք առաջին իսկ օրվանից. իշխանամերձ շրջանակների և նրանց պատվերները կատարող մեդիա-ռեսուրսների կողմից տարածվող բազմաթիվ հայտարարություններ չունեն որևէ փաստական կամ իրավական հիմք: Սա միայն մեկ բլոգերի դեմ տարած հաղթանակ չէ, այն նաև պաշտոնապես փլուզում է իմ վստահորդի դեմ իրականացվող հանրային վարկաբեկման քարոզարշավի հիմնական թեզերը:

-Ինչպե՞ս կգնահատեք ՀՀ-ում վերջին զարգացումները, երբ իրավական գործընթացները նոր փուլ են մտել կալանավորված են ընդդիմադիր ուժերի ղեկավարները։ Փորձագիտական կարծիքներ կան, որ դատական համակարգը գործում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ցուցումով։ Այս ճանապարհով ՀՀ-ն ԵՄ կարո՞ղ է գնալ, թեև միջազգային իրավապաշտպան կառույցները լռում են։

– Հայաստանում ընդդիմադիր առաջնորդների կալանավորումները և քաղաքականապես ուղղորդվող դատական գործընթացները վկայում են, որ երկիրը շեղվել է ժողովրդավարական ուղուց։ Երբ դատական համակարգը վերածվում է գործադիր իշխանության քաղաքական պատվերները կատարող գործիքի, օրենքի գերակայությունը պարզապես դադարում է գոյություն ունենալ։

Առաջին հայացքից կարող է թվալ, թե Եվրոպական Միությունը կամ միջազգային կառույցներն աչք են փակում վարչապետ Փաշինյանի և նրա իշխանության գործողությունների վրա, սակայն դա հավերժ տևել չի կարող։ Այն, ինչ այսօր տեղի է ունենում Հայաստանի քաղաքական և դատական դաշտում, արդեն իսկ լիովին հեռացել է ԵՄ հիմնարար արժեքներից, ժողովրդավարական չափանիշներից և օրենքի գերակայության սկզբունքներից։ Անհնար է խոսել եվրոպական ինտեգրման կամ եվրոպական ապագայի մասին, երբ երկրում համակարգված կերպով ոտնահարվում են մարդու հիմնարար իրավունքները, իսկ ընդդիմությունը թիրախավորվում է։

-Միևնույն ժամանակ ինչպե՞ս եք տարբերակում քաղաքական հետապնդումը իրական քրեական հանցագործության համար պատասխանատվության ենթարկելուց։ Ի՞նչ չափանիշ եք կիրառում, որպեսզի Ձեր գնահատականը չդառնա պարզապես պաշտպանվող անձի քաղաքական դիրքորոշման արտացոլում, որովհետև ՀՀ իշխանությունները հայտարարում են, որ ժողովրդի պահանջով են իրենք իրականացնում այդ գործողությունները պատասխանատվության ենթարկելու թալանով զբաղվածներին։

-Միջազգային իրավունքն ունի շատ հստակ և օբյեկտիվ չափանիշներ՝ քաղաքական հետապնդումն իրական քրեական հանցագործությունից տարբերելու համար: Մենք չենք առաջնորդվում քաղաքական հայտարարություններով կամ ենթադրություններով. մենք հենվում ենք բացառապես չոր փաստերի և իրավական ընթացակարգերի վրա:

Քաղաքական հետապնդումն ունի մի քանի բացահայտ ցուցիչ: Առաջինը անմեղության կանխավարկածի կոպիտ խախտումն է: Երբ երկրի ղեկավարն ու բարձրաստիճան պաշտոնյաները, առանց դատարանի վճռի, հանրային հարթակներից անձին անվանում են «թալանչի» կամ հանցագործ, դա անմեղության կանխավարկածի ոտնահարում է և քաղաքական ուղղորդման ուղղակի ապացույց:

Երկրորդը ընտրողական արդարադատությունն է: Դա տեղի է ունենում, երբ իրավապահ համակարգը թիրախավորում է բացառապես ընդդիմադիր գործիչներին կամ իշխանության համար անբարեհույս անձանց՝ աչք փակելով իշխանական օղակներում առկա նույնանման կամ ավելի ծանր չարաշահումների վրա:

Երրորդը «ժողովրդի պահանջի» շահարկումն է: Իրավական պետությունում քրեական հետապնդումն իրականացվում է փաստերի և օրենքի հիման վրա, այլ ոչ թե «ժողովրդական պահանջի» քաղաքական լոզունգներով: Արդարադատությունը չի կարող լինել ամբոխահաճության կամ քաղաքական վենդետայի գործիք: Երբ գործում բացակայում է նյութական հանցակազմը, իսկ մեղադրանքը հենված է քաղաքական հռետորաբանության վրա, մենք գործ ունենք ոչ թե հանցագործության դեմ պայքարի, այլ արդարադատության համակարգը քաղաքական գործիք դարձնելու հետ:

-Ի՞նչ պետք է անի միջազգային հանրությունը, եթե Ձեր գնահատմամբ՝ ՀՀ իշխանությունները չեն կատարում իրենց միջազգային իրավական պարտավորությունները։ Կոնկրետ ի՞նչ քայլեր եք ակնկալում ԵՄ-ից, ԱՄՆ-ից և Եվրոպայի խորհրդից։

-Միջազգային համայնքը պետք է հրաժարվի ընտրողական մոտեցումներից, որոնք, ցավոք, այսօր նկատելի են։ Ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները չեն կարող հարմարեցվել աշխարհաքաղաքական նպատակահարմարությանը. սկզբունքները կա՛մ գործում են բոլորի համար, կա՛մ դադարում են արժեք լինելուց։ Առաջին հերթին անհրաժեշտ է բացառել երկակի ստանդարտները։ Մեր միջազգային գործընկերները պետք է Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին տան նույն օբյեկտիվ գնահատականը, ինչ կտային եվրոպական ցանկացած այլ մայրաքաղաքում։

Երկրորդ՝ ԵԽԽՎ-ն, ԵՄ կառույցները և ԱՄՆ Պետդեպարտամենտը իրենց մոնիտորինգային զեկույցներում պետք է հասցեական և առարկայական ուշադրություն դարձնեն դատական համակարգի անկախությանը, ընդդիմադիր գործիչների իրավունքների պաշտպանությանը և Եկեղեցու ինքնավարության նկատմամբ հարգանքին։

Երրորդ՝ միջազգային աջակցությունն ու համագործակցությունը պետք է լինեն արժեքահեն և ուղղակիորեն խարսխված լինեն օրենքի գերակայության ու արդարադատության անկախության իրական ցուցանիշների վրա։

Չորրորդ՝ անհրաժեշտ է ապահովել միջազգային դիտորդների ներկայությունը քաղաքական հնչեղություն ունեցող դատական գործընթացներում՝ արդար դատաքննության իրավունքի պահպանումը երաշխավորելու համար։

Եթե Հայաստանը ցանկանում է լինել ժողովրդավարական ընտանիքի լիարժեք անդամ, միջազգային գործընկերների դերը պետք է լինի ոչ թե լռությամբ խրախուսելը, այլ իշխանություններին իրենց իսկ ստանձնած միջազգային պարտավորությունների դաշտ վերադարձնելը։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Զավեն says:

    Իսկ կարո՞ղ է հրաժարվողները լավ փողեր են բռնում՝ հրաժարվելով, որ ձեր նմաններն էլ ասեն էն ինչն իրենց է ձեռնտու։ Կեղտոտ աշխարհ է, ամեն բան սպասելի։

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930