Լրահոս
Օրվա լրահոսը

Հովիկ Հախվերդյան. Ժողովրդին փչացնում են, հետո էլ ասում են, թե ժողովուրդը սա է ուզում. «Հրապարակ»

Մայիս 15,2014 11:06

Հատված կինոռեժիսոր, արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր Հովիկ Հախվերդյանի հետ հարցազրույցից:

– Այսօր նոր Հայաստանում ստեղծվող մշակույթն ինչպե՞ս կբնորոշեք։ Արդյո՞ք ստեղծվում եւ մատուցվում է այն մշակույթը, որը բավարար է քաղաքակիրթ ու մտահորիզոն ունեցող հասարակություն դաստիարակելու համար։

– Զարմանալի մի բան է կատարվում, ժողովրդին փչացնում են, հետո էլ ասում են, թե ժողովուրդը սա է ուզում, մեր ամբողջ հեռուստատեսությունը դրանով է զբաղված։
Արվեստի արժեքավոր գործը երբեք էլ մասսայական չի դառնում, բայց Խորհրդային Միության ժամանակ, երբ այդ ֆիլմերը ցույց էին տալիս, մեծ արձագանք էին ունենում։ Հիմա հետաքրքրություն չկա, որովհետեւ չեն մատուցվում, մեր գրականությունն էլ չի ընթերցվում, որովհետեւ չի ներկայացվում։

Այսօրվա մեր մշակութային վիճակը ծանր է, այդպես կուլտուրա չի լինում։ Ծանր է այն պատճառով, որ նախ «դաստիարակել», «կրթել» հասկացությունները մոդայից դուրս են եկել։ Ասում են՝ հեռուստատեսությունը պիտի զբաղվի ամեն ինչով, ամեն ինչով չպիտի զբաղվի, կոնկրետ արժեքներ պիտի մատուցի ու դրանով ճաշակ ձեւավորի։

Մի տարօրինակ բան կատարվեց. մենք ամեն ինչի վրա «ազգային» բառը դրեցինք՝ ազգային օպերա, ազգային գրադարան, ազգային ակադեմիա… բայց այդ բոլոր մշակութային օջախներից դուրս մնաց ազգայինը, հո անունով չի՞ լինում ազգային մշակույթ։
Հիմա ով վեր է կենում՝ ասում է, որ մեր միակ հարստությունը մեր մշակույթն է, կամ՝ մշակույթով կարող ենք դուրս գալ միջազգային ասպարեզ, դրանք միայն խոսքեր են։ Պետությունը ոչ թե պետք է հովանավորի մշակույթը, այլ հոգ տանի մշակույթի համար։ Չգիտեմ ինչ կատարվեց, ժողովուրդը կարիք չունի՞, թե՞ ժողովրդին մատուցողներն իրական մշակույթի կարիք չունեն:

Ես մի բանում համոզված եմ, որ մշակույթի զարգացումը եւ քաղաքակրթության զարգացումը տարբեր բաներ են։ Քաղաքակրթությունը՝ տեխնիկա եւ այլն, կարող է զարգանալ, բայց մշակույթը չզարգանալ, հիմա մենք այս վիճակի մեջ ենք։

Երբ խոսում ես պաշտոնյաների հետ, ասում են՝ ի՞նչ է եղել, կինո էլ ունենք, թատրոն էլ ունենք, գրականություն էլ ունենք։ Այո, ունենք, բայց ժողովուրդը տեղյակ չի։ Ես չեմ հասկանում, թե ինչպես պարզվեց, որ հայ ժողովրդի մեջ այդքան անպետք մարդիկ կան. այս հեղափոխությունը ցույց տվեց, թե մեր ժողովուրդն ինչքան է անպետք, երբ պիտի ինքնուրույն որոշումներ կայացնի, անկարող է։ Մի 2-3 տարում ամեն ինչ այնպես փչացավ, ժողովուրդը դարձավ ուրիշ ժողովուրդ, մշակույթը՝ չգիտեմ ինչ. գուցե ես պեսիմի՞ստ եմ:

Ֆելիքս ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Hakob says:

    ինչի՞ մասին էս խոսում, հարգելիս
    ամբողջ ամերիկյան դրածո հայկական մամուլն ու հեռուստատեսությունը մասնագիտորեն զբաղված է ժողովրդին դեբիլացնելով ու ահաբեկելով, դարձնելով հիվանդ մարդիկ, ովքեր կորցրել են տեսնելու ու մտածելու աստվածատուր շնորհքը

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031