Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանում ՀՀ ոստիկանությունը հաղթեց քաղաքացիական ակտիվիստին. քաղաքական որոշո՞ւմ

Մայիս 22,2014 11:22

Այսօր ՀՀ վարչական դատարանում հրապարակվեց քաղաքացիական ակտիվիստ Վահե Գևորգյանի գործով վճիռը: Դատարանը բավարարեց (նախագահող դատավոր՝ Կ. Ավետիսյան) ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության հայցը՝ ընդդեմ Վահե Գևորգյանի ՝ վարչական պատասխանատվության ենթարկելու մասին հայցը: Մերժվեց Վահե Գևորգյանի հակընդդեմ հայցը՝ ընդդեմ Երևան քաղաքի ոստիկանության՝ պաշտոնատար անձանց գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասին:

Վահե Գևորգյանը ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենքի 182-րդ հոդվածի հիմքով ենթարկվեց վարչական պատասխանատվության՝ տուգանք 50.000 ՀՀ դրամի չափով:

Հիշեցնենք, որ Վահե Գևորգյանի դեմ ՀՀ ոստիկանության կողմից հայց էր ներկայացվել 2013 թվականի օգոստոսի 8-ին՝ Երեւանի քաղաքապետարանի դիմաց կարմիր գծանշանների ակցիան իրականացնելիս ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար:

Aravot.am-ի հետ զրույցում Վահե Գևորգյանը կարծիք հայտնեց, թե դատարանը գործեց ոչ իրավաչափ և հավելեց. «Ինձ ոստիկանության կողմից օրինական պահանջ չի ներկայացվել, դա եղել է կենցաղային պահանջ, ինչը օրինական չէ»:

Մեր դիտարկմանը, թե վերջին շրջանում քաղաքացիական ակտիվիստների չորս գործեր բավարարվեցին՝ արդյոք դա քաղաքական հրահա՞նգ էր, Վահեն պատասխանեց. «Չեմ կարծում…պարզապես ծիծաղելի է, քանի որ ստացվում է, որ դատարանը «մի արա» կենցաղային պահանջը առանց իրավական հիմքերի համարեց օրինական»:

Վահե Գևորգյանից հետաքրքրվեցինք՝ հիասթափվա՞ծ է, նա պատասխանեց. «Վաղուց արդեն չեմ հիասթափվում շարունակում եմ պայքարել»:

Վահե Գևորգյանի ներկայացուցիչ Անի Վարդանյանը Aravot.am-ին տեղեկացրեց, որ վճիռը բողոքարկելու են ու նշեց. «Դատավարությունն այնպիսի ընթացքով էր գնում, երբ անկհայտ երևում էր, որ ոստիկանությունը չէր կարողանում ապացուցել իր հայցում ներկայացված փաստական հիմքերը: Համենայն դեպս, այսպիսի դատավարությունից, մնացած գործերով որոշումներից հետո նման որոշումն ինձ համար զարմանալի էր»:
Հետաքրքրվեցինք՝ սա քաղաքակա՞ն որոշում էր, Անի Վարդանյանը պատասխանեց, թե «չի բացառում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031