Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանը կրկին ներկայացված հայցադիմումը ընկալել է որպես «նոր հայց»

Մայիս 22,2026 13:00 Share

Անդրանիկ Բարսեղյանի ներկայացուցիչ Վարդան Հակոբյանը 2025թ. հուլիսի 8-ին հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան` խնդրելով անվավեր ճանաչել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության 2024թ. դեկտեմբերի 15-ի թիվ 8400862302 որոշումը, միաժամանակ ներկայացրել է հայցի ապահովման միջոց ձեռնարկելու մասին միջնորդություն: Հայցվորի կողմից վիճարկվում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության 2024թ. թիվ 8400862302 «Վարչական իրավախախտման գործով» որոշումը, որով վերջինս հանդիպակաց (հակադիր) հոսքերն իրարից բաժանող գծանշումը հատելու համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ 10.000 ՀՀ դրամի չափով տուգանքի և կիրառվել է 1 տուգանային միավոր։

Հուլիսի 29-ին հայցվորը ստացել է ՀՀ վարչական դատարանի կողմից 2025թ. հուլիսի 15-ի կայացված «Հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշումը, որի դեմ ներկայացվում է սույն բողոքը: Ըստ հայցվորի՝ հայցադիմումի վերադարձը եղել է ոչ իրավաչափ, քանի որ այն ներկայացված է եղել կրկին՝ այդ դատավարական գործողությունը կատարելու համար օրենքով սահմանված ժամկետում, մինչդեռ դատարանը կրկին ներկայացված հայցադիմումը ընկալել է որպես «նոր հայց» ու կիրառել առաջին անգամ ներկայացվող հայցադիմումի նկատմամբ գործող ժամկետը:

Հայցվորը պնդել էր, որ դատարանն ուշադրություն չի դարձրել այն իրողությանը, որ հայցը ներկայացվում է թիվ ՎԴ/2883/05/25 գործով՝ կրկին,  ինչի արդյունքում հայցադիմումը վերադարձվել է, այնինչ պետք է վարույթ ընդունվեր։

Հայցվորը բողոք էր բերել, խնդրել էր վարչական դատարանի 2025թ. հուլիսի 15-ի «Հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշումը վերացնել:

Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ վիճարկվող 2024թ. դեկտեմբերի 15-ի թիվ 8400862302 «Վարչական իրավախախտման գործով» որոշման դեմ վերադասության կարգով վարչական մարմին ներկայացված բողոքի վերաբերյալ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության պետի կողմից 10.01.2025թ. կայացվել է «ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության վարչական իրավախախտման վերաբերյալ գործով 15.12.2024թ. կայացված թիվ 8400862290 և թիվ 8400862302 որոշումներն անփոփոխ, իսկ վարչական բողոքն առանց բավարարման թողնելու մասին» որոշումը, որով այդ թվում՝ 15.12.2024թ. թիվ 8400862302 որոշումը թողնվել է անփոփոխ։ Նման պայմաններում Վերաքննիչ դատարանը նկատում է, որ հայցվորը նույն որոշման վիճարկման հայցադիմումը դատարան է ներկայացրել սահմանված երկամսյա ժամկետի խախտմամբ և հայցադիմումին կից չի ներկայացրել հայցադիմում ներկայացնելու համար սահմանված ժամկետը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդություն, որպիսի հանգամանքն իրավաչափորեն արձանագրել է նաև դատարանը և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 6-րդ կետերի կիրառմամբ՝ ներկայացված հայցադիմումը վերադարձրել։

Վերաքննիչ դատարանը գտնում է, որ վարչական գործով ներկայացված հայցադիմումը չէր կարող դիտվել որպես թիվ ՎԴ/2883/05/25 վարչական գործով «կրկին» ներկայացված, քանի որ նույն հայցադիմումը դատարանում ստացվելուց հետո դրան տրվել է նոր գործի համար՝ թիվ ՎԴ/10653/05/25, որից հետո էլ մակագրվել է նախագահող դատավորին (Աննա Դիլբարյան), ով ստանալով սույն վարչական գործը, դրա հարուցման համար հիմք հանդիսացած հայցադիմումը, ողջամտորեն և իրավաչափորեն դիտել է որպես նոր, առաջին անգամ ներկայացված հայցադիմում՝ անկախ դրանում նշված «Հայցադիմում կրկին» ձևակերպումից։

Վերաքննիչ դատարանի գնահատմամբ․ «Անկախ այն հանգամանքից, թե հայցադիմումի որևէ հատվածում ինչպիսի գրառում է կատարված  եղել, այնուամենայնիվ, հայցադիմումի մուտքագրման և նոր գործի համար տրվելու պայմաններում դատարանն այն որպես նոր գործ դիտարկելիս պետք է լուծի վարույթ ընդունելու հարցը, հետևաբար, եթե անգամ թիվ ՎԴ/2883/05/25 վարչական գործի շրջանակներում հայցադիմումը վերադարձնելուց հետո է հայցվորն այն ներկայացրել, միևնույն է՝ հայցադիմումը օրենքով սահմանված ժամկետում չներկայացնելու պայմաններում պետք է ներկայացվի միջնորդություն բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու վերաբերյալ»։
Վերաքննիչ դատարանի համոզմամբ, վերաքննիչ բողոքում հայցվորի վկայակոչված փաստարկները որևէ կերպ չեն կարող հիմք հանդիսանալ թիվ ՎԴ/10653/05/25 վարչական գործով դատարանի կայացրած և բողոքարկվող որոշումը վերացնելու համար, ուստի Վերաքննիչ դատարանը եզրահանգում է, որ բողոքն անհիմն է և ենթակա՝ մերժման:

42 թերթից բաղկացած բողոքն ուղարկվեց այս անգամ ՀՀ վճռաբեկ դատարան։

2026 թ ․մայիսի 15-ին ՀՀ վճռաբեկ դատարանը գրավոր ընթացակարգով քննեց Անդրանիկ Բարսեղյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 03․10․2025 թ․ «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի Անդրանիկ Բարսեղյանի ընդդեմ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության ՝ 15․12․2024 թ․ թիվ 8400862302 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին բողոքը։ Դատարանը վճռաբեկ բողոքը բավարարեց, վերացրեց ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 2025 թ․ հոկտեմբերի 3-ի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը և կայացնել նոր դատական ակտ, այն է՝ վերացնել ՀՀ վարչական դատարանի 2025 թ․ հուլիսի 15-ի «Հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշումը։

Ըստ վճռաբեկ դատարանի հղումների՝ ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածը երաշխավորում է յուրաքանչյուրի դատական պաշտպանության իրավունքը։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի  նախադեպային իրավունքի համաձայն` դատարանի մատչելիության իրավունքն արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասն է։ Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ այն չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը։

Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի լինել «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, եթե այն իրավաչափ նպատակ չհետապնդի, և եթե չլինի ողջամիտ հարաբերակցություն ձեռնարկվող միջոցների և հետապնդվող նպատակների միջև համաչափության առումով։ Ժամկետային սահմանափակումները, որոնք սահմանվում են պետության կողմից, հետապնդում են որոշակի կարևոր նպատակներ, մասնավորապես` իրավական որոշակիության երաշխավորումը, հավանական պատասխանողի պաշտպանությունը ժամկետանց հայցերից, որի դեպքում դժվար կլինի կանխել անարդարությունը, որը կարող է առաջանալ, եթե դատարաններից պահանջվի քննել այնպիսի դեպքեր, որոնք տեղի են ունեցել հեռավոր անցյալում այն ապացույցների հիման վրա, որոնք կարող են լինել ոչ արժանահավատ և ոչ ամբողջական` բավականաչափ ժամանակահատված անցած լինելու պատճառով։ Ժամկետային սահմանափակումների առումով պետությունները նույնպես հայեցողական լիազորություն ունեն որոշելու, թե դատարանի մատչելիությունն ինչպես պետք է սահմանափակվի։

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ որևէ այլ հարցի քննարկում կրկին ներկայացված հայցադիմումի ընդունելիության հարցի լուծման շրջանակներում օրենսդիրը չի լիազորել դատարանին։ Եվ որ օրենսդիրը հստակորեն սահմանել է նաև հայցադիմումը կրկին ներկայացնելիս վերը նշված պահանջները պահպանելու իրավական հետևանքը։ Այն է՝ հայցադիմումը ներկայացնելու համար սահմանված տասնհինգօրյա ժամկետում թերությունները վերացնելու դեպքում հայցադիմումը համարվում է վարույթ ընդունված սկզբնական ներկայացման օրը (օրենսգրքի 79-րդ հոդվածի 5-րդ մաս)։

Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում ընդգծել, որ օրենսգրքի 79-րդ հոդվածի 5-րդ մասում «սկզբնական ներկայացման օրը» ձևակերպումն ինքնանպատակ չէ։ Վերջինս, ի թիվս այլնի, նշանակում է, որ օրենսգրքով սահմանված դատարան դիմելու ժամկետը պահպանված լինելու հանգամանքը պարզելիս հիմք է ընդունվում հայցադիմումը սկզբնապես դատարան ներկայացնելու պահը։ Այսինքն՝ որոշելու համար, թե պահպանված է արդյոք դատարան դիմելու համար օրենքով սահմանված ժամկետը, հիմք է ընդունվում ոչ թե հայցադիմումը կրկին ներկայացնելու, այլ հայցադիմումն սկզբնապես դատարան ներկայացնելու պահը։

Անկախ այս հանգամանքից՝ նշված հիմքով վերադարձված հայցադիմումը կրկին ներկայացնելիս նշված պահանջների կատարման իրավական հետևանքը նույնն է, ինչ ցանկացած այլ հիմքով հայցադիմումը վերադարձնելիս։ Օրենսգրքի 79-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ կրկին ներկայացված հայցադիմումները վարույթ ընդունված են համարվում սկզբնապես ներկայացման օրը, ինչը նշանակում է, որ առանձին պահանջներով հայցադիմումները ներկայացնելու համար օրենքով սահմանված ժամկետները պահպանված են, եթե սկզբնապես հայցադիմումը դատարան է ներկայացվել օրենքով սահմանված ժամկետում։

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
22.05.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031