Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանի կանգառները «զավթել են» տաքսիները

Մայիս 23,2014 14:30

Ճանապարհային ոստիկաններն էլ աչք են փակում այս խախտման վրա
Մայրաքաղաքի գրեթե բոլոր կանգառներում ավելի շատ տաքսիներ են կայանում, քան ավտոբուսներ եւ միկրոավտոբուսներ: Բացի «տաքսիստներից»՝ քիչ չեն նաեւ այնպիսի վարորդները, որոնք զլանում են մեքենան կայանել այլ վայրերում, քանի որ, ասենք՝ իրենց ուզած խանութը հենց կանգառի մոտ է, կամ էլ՝ դե մի 5 րոպեով մտնում են խանութ դուրս գան, 5 րոպեի համար հո չե՞ն տանի մեքենան կանգնեցնեն 100 մետր հեռավորությամբ:
Տիգրան Մեծ փողոցում՝ ժողովրդին ավելի հայտնի «Ֆիրդուսի շուկայի» դիմացի մայթի կանգառը գրեթե միշտ գրավված են տաքսիներով ու այլ մեքենաներով, ինչի պատճառով ավտոբուսներն ու երթուղային տաքսիները ստիպված 2-րդ գծում են կայանում՝ ստեղծելով խցանում եւ վթարային իրավիճակ:

kangar_03 kangar_02 kangar_04

Մեզ հետ զրույցում քաղաքացիները պատմեցին, որ նշված կանգառում միշտ անհարմարություններ են լինում տրանսպորտ նստելիս. «Բացի տաքսիներից, առաքիչներն էլ են հենց կանգառում կանգնեցնում իրենց մեքենաներն ու ապրանք դատարկում: Ամեն օր նույն վիճակն է. խանութ մտնելու համար վարորդները գալիս քթներիս տակ են կանգնեցնում ավտոներն ու փակում կանգառը: Կողքը կարմիր գծերն են, չեն ուզում գնան այդտեղ կանգառեն, որ փող չտան»:

Թեեւ տաքսու վարորդներն էլ հասկանում են, որ խախտում են անում, սակայն ինչպես մեր՝ լուսանկարելու պահին ասաց մի վարորդ, կանգառները մարդաշատ են եւ հաճախորդ «կպցնելու» համար հարմար տեղ է. «Մարդիկ ստեղ են հավաքվում, եթե գնանք ավելի ազատ տեղ կանգնենք, օրվա մեջ 1-2 «կլիենտ» կամ կունենանք, կամ՝ չէ»:

«Առավոտի» հետ զրույցում ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից ասացին, որ կանգառներում արգելվում է, հասարակական տրանսպորտից բացի, այլ մեքենաների կայանումը, եւ նման դեպքերում ճանապարհային ոստիկանությունը պարտավոր է կարգավորել իրավիճակը եւ նույնիսկ տուգանել օրինախախտ վարորդներին: Սակայն երբ մենք լուսանկարում էինք քաղաքի մի շարք նման կանգառներ, ճանապարհային ոստիկաններն անցնում էին այդ հատվածով, բայց նրանց «աչքով չընկավ» տաքսիներով լցված կանգառները:

Տաքսիներով ու այլ մեքենաներով են գրավված նաեւ «Այրարատ»՝ նախկին «Ռոսիա» կինոթատրոնի դիմացի կանգառները, Մետրոյի «Երիտասարդական» կայանին հարակից Իսահակյան- Աբովյան խաչմերուկին մոտ գտնվող կանգառները, Գարեգին Նժդեհ փողոցի գրեթե բոլոր կանգառները, Կոմիտաս-Գրիբոյեդով խաչմերուկի կանգառը: Մենք ընդամենը մի քանի փողոցներ նշեցինք, բայց տաքսիներով «զավթած» կանգառներ մայրաքաղաքի բոլոր փողոցներում էլ կարելի է հանդիպել:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031