Լրահոս
Օրվա լրահոսը

Հովիկ Աբրահամյանը և ընդդիմությունը – 2

Մայիս 23,2014 12:04

Հովիկ Աբրահամյանի վարչապետ նշանակվելուց հետո Հայաստանի ընդդիմադիր ուժերը, ներառյալ այլընտրանքային ԲՀԿ-ն, հայտնվեցին չափազանց բարդ վիճակում: Միանգամայն նոր իրավիճակում հայտնվեց նաև կոալիցիոն ՕԵԿ-ը: Նոր իրավիճակում է հայտնվել նաև ՀՅԴ-ն, և կյանքը ցույց կտա, թե առաջիկայում ու հետագայում ինքնադրսևորման ու ինքնաարտահայտման ինչ տարբերակներ կընտրի դաշնակցությունը:
Համեմատաբար անփոփոխ կմնա «Ժառանգության» վարքագիծը, որովհետև «Ժառանգությունը» նախկին վարչապետին ոչ առանձնապես թշնամի էր, ոչ էլ` առանձնապես բարեկամ, և Րաֆֆի Հովհաննիսյանն, ըստ ամենայնի, առաջվա պես կշարունակի ասել ու հայտարարել, որ իր և « Ժառանգության » խնդիրներն անձերի հետ չեն կապված:

Իր ձեռագիրն ու խաղաոճը պահելու հնարավորություն ունի նաև ՀԱԿ-ը, և չնայած ՀԱԿ-ը նախկին վարչապետին գահընկեց անելու ջատագովներից էր, և չնայած, ըստ ամենայնի, նոր վարչապետի անձին ու գործունեությանը քաղաքագիտորեն է վերաբերվելու, այդուհանդերձ, ՀԱԿ-ը հնարավորություն ունի ընդդիմադիր ճակատում պահպանել իր դերն ու դիրքը` շարունակելով պահանջել անձամբ Սերժ Սարգսյանի հրաժարականը:
Երևի նկատեցիք, որ նոր վարչապետի ու ընդդիմության հարաբերությունների շուրջ խորհրդածելիս` առաջին հերթին ու հիմնականում խորհրդարանական ընդդիմությանը նկատի ունենք, որովհետև, ինչքան էլ ասենք ու կրկնենք թե` Հայաստանում խորհրդարանական ընտրությունները կեղծվում ու պատգամավորական մանդատները վաճառվում են, էդպես ասողներն ու էդպես կարծողներն էլ են խորհրդարանական կուսակցություններին շատ ավելի լուրջ վերաբերվում, քան` արտախորհրդարանականներին:

Եվ հատկապես խորհրդարանական ընդդիմադիրներն են իրենց արտոնյալ համարում, և « հրաշալի քառյակ» ձևակերպումն ամենևին էլ պատահական չէր, բայց, այսուհանդերձ, նոր վարչապետը հարաբերություններ կունենա ոչ միայն «հրաշալիների», այլև արտախորհրդարանական ընդդիմադիրների հետ, և առաջին հերթին` քաղաքացիական երիտասարդության, և նոր վարչապետի առաջին շփումներն էլ են դա վկայում: Եվ էդ առաջին շփումները նաև վկայում են, որ չնայած նոր վարչապետը նախկինին կրթությամբ էապես է զիջում, կյանքի իմացությամբ և մարդկային շփումների իմաստով նախկինին էապես է գերազանցում, և եթե նախկինը հրաժարականից հետո միայն որոշեց շփվել քաղաքացիական ակտիվիստների ու անհնազանդների հետ, նորն իր վարչապետության առաջին իսկ օրերից է էդ գործն սկսել: Եվ դա վկայում է, որ քաղաքականության մեջ շատ հաճախ կյանքի փորձն ու իմացությունն ավելի կարևոր են, քան` կրթությունն ու տեսական գիտելիքները, և հատկապես Հայաստանում անձնական հարաբերությունները քաղաքականության մեջ նույնքան կարևոր դեր ունեն` ինչքան այլ բնագավառներում:
Կյանքի փորձի ու անձնական հարաբերությունների իմաստով, կարծում ենք, ընդդիմադիրների հետ լուրջ խնդիրներ չի ունենա նաև ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, և չնայած վերջինիս անտեղի ու շատ հաճախ ցածրակարգ հումորները կարող են տհաճություն պատճառել ընդդիմադիրներին, բայցև էդ տհաճություններն իշխանությունների համար ցանկալի տեսարաններ կապահովեն:

Բայց վերադառնանք Հովիկ Աբրահամյանին, որովհետև այս երկու քաղաքական կերպարներն ինչքան էլ իրար նման, նույնքան էլ իրարից էապես են տարբեր` առաջին հերթին ընդդիմության հետ իրենց անձնական հարաբերություններով:

Ինչքան էլ խուսափենք վարչապետի ու ԲՀԿ առաջնորդի խնամիական կապերի թեմայով կրկնվելուց, չկրկնվելն ավելի դժվար է լինելու, ընդ որում` դժվար է լինելու ոչ միայն ինձ համար, այլև բոլորի` ընդդիմադիրների, իշխանավորների, օլիգարխների, լրագրողների և մնացյալ դիտորդների համար, և այդ է պատճառը, որ էդ թեման մշտապես բաց պահելով` դադարելու ենք էդ թեմայով ծավալվել ու էդ թեմայի մեջ առավել խորանալ, որովհետև առանց խոսքերի էլ ամեն ինչ պարզ է:

Առավել էականն ընդդիմադիրների ու ԲՀԿ-ի, իշխանությունների ու ԲՀԿ-ի, օլիգարխների ու ԲՀԿ-ի, բոլորի ու ԲՀԿ-ի, բոլորի ու անձամբ Հովիկ Աբրահամյանի անձնական հարաբերություններն են, որոնց կփորձենք անդրադառնալ հաջորդիվ:

Ոսկան ԵՐԵՎԱՆՑԻ

Հ.Գ. Քոչարյանին ոչ թե մոռացել ենք, այլ, ընդհակառակը, մշտապես մտքի մեջ ունենք պահած:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031