Լրահոս
Օրվա լրահոսը

Սյունիքում ուսումնասիրություններ, Բաքվում բանակցություններ

Սեպտեմբեր 16,2026 12:00 Share

TRIPP-ը՝  Սյունիքից դեպի մեծ քաղաքականություն. Ճանապարհը «բացվում է», հակասությունները՝ մնում

 

TRIPP-ը «տեսլականից անցնում է իրականացման փուլ»

«Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման»՝ TRIPP նախագծի շուրջ վերջին զարգացումները վկայում են այն մասին, որ հիմնականում քաղաքական հայտարարությունների եւ պայմանավորվածությունների մակարդակում գտնվող ծրագիրն աստիճանաբար մտնում է գործնական իրականացման փուլ։ Միաժամանակ, նախագծի շուրջ ակտիվանում է ոչ միայն հայ-ամերիկյան, այլեւ ամերիկա-ադրբեջանական շփումների ձեւաչափը։

Ուշագրավ էին ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի գնահատականները Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունների վերաբերյալ։ Նրա ձեւակերպումները ցույց են տալիս, թե ինչպես է Վաշինգտոնը գնահատում Նիկոլ Փաշինյանին եւ Իլհամ Ալիեւին եւ ինչ դեր է վերապահում նրանց տարածաշրջանային նոր կառուցվածքի ձեւավորման գործում։

Ամերիկյան ընկալմամբ՝ TRIPP-ի շուրջ տեղի ունեցող գործընթացները միայն տնտեսական կամ տրանսպորտային ծրագրի մասին չեն, դրանք միաժամանակ վերաբերում են Հայաստանի ինքնիշխանության, Ադրբեջանի եւ Նախիջեւանի կապի, տարածաշրջանային հաղորդակցությունների, Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի եւ, ավելի լայն իմաստով, Հարավային Կովկասում Միացյալ Նահանգների դերակատարության ամրապնդմանը։

Սյունիքն ու TRIPP-ի իրականացման առաջին քայլերը

Սեպտեմբերի 3-ին Հայաստանի եւ ԱՄՆ-ի համատեղ պատվիրակության այցը Սյունիք փաստեց, որ TRIPP-ը այլեւս միայն հեռանկարային ծրագիր չէ։ Հայաստանի արտաքին գործերի եւ միջազգային առեւտրի նախարարությունների ներկայացուցիչների հետ Սյունիք էին մեկնել Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը, Պետքարտուղարության քաղաքականության պլանավորման հարցերով ավագ խորհրդական դոկտոր Ջոն Ասքոնասը եւ ամերիկացի այլ պաշտոնյաներ։

Գորիսում, Մեղրիում եւ Կապանում տեղի ունեցած հանրային հանդիպումների ընթացքում համայնքների ներկայացուցիչները հնարավորություն են ունեցել անմիջապես հայ եւ ամերիկացի պաշտոնյաներից տեղեկանալու TRIPP-ի ընթացքի եւ ընթացիկ տեխնիկատնտեսական աշխատանքների մասին։

Գլխավոր ազդակը Դեյվիդ Ալենի հայտարարությունն էր, որ TRIPP-ը «տեսլականից անցնում է իրականացման փուլ», իսկ Հայաստանում արդեն ընթացքի մեջ են երկաթուղու ինժեներատեխնիկական ուսումնասիրությունները։

Այսինքն, խոսքը ոչ միայն քաղաքական պայմանավորվածության, այլեւ արդեն տեխնիկական նախապատրաստական աշխատանքների մասին է։

Միաժամանակ ԱՄՆ-ը կրկին ընդգծել է, որ աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանը՝ միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակում։

Այսպիսով, ամերիկյան կողմը TRIPP-ի կարեւորությունը ներկայացնում է նաեւ տնտեսական տրամաբանությամբ՝ աշխատատեղերի ստեղծում, ներդրումների ներգրավում, Հայաստանի ներսում փոխկապակցվածության բարելավում եւ, հատկապես, Սյունիքի համայնքների համար շոշափելի տնտեսական օգուտների ապահովում։ Այս մոտեցմամբ նախագիծը փորձում է ներկայացվել ոչ թե որպես միայն Ադրբեջանի եւ Նախիջեւանի կապն ապահովող երթուղի, այլ որպես Հայաստանի համար տնտեսական հնարավորություններ ստեղծող բազմամոդալ հաղորդակցության համակարգ։

Ուիթքոֆի ուղերձը. Փաշինյանը եւ Ալիեւը՝ Վաշինգտոնի գնահատմամբ

Սեպտեմբերի 4-ին TRIPP-ի քաղաքական նշանակության վերաբերյալ մեկ այլ կարեւոր ազդակ հնչեց Վաշինգտոնից։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social-ի իր էջում տարածեց Մերձավոր Արեւելքի հարցերով իր բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հոդվածը, որում վերջինս անդրադարձել էր հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորմանը եւ Թրամփի դերակատարությանը։

Ուիթքոֆի ձեւակերպումները ուշագրավ էին ոչ միայն TRIPP-ի վերաբերյալ նրա գնահատականների, այլեւ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների բնութագրերի առումով։

Նա Իլհամ Ալիեւին ներկայացնում է որպես «ուժեղ, վճռական» առաջնորդի, որը պատրաստ է կայացնել խաղաղության համար անհրաժեշտ դժվար որոշումներ եւ հասկանում է ինչպես սեփական պետության շահերը, այնպես էլ տարածաշրջանային կայունության կարեւորությունը։ Ուիթքոֆի խոսքով՝ 2025-ի մարտին Բաքու կատարած իր առաջին այցի ժամանակ ամերիկյան կողմին պարզ էր դարձել, որ ԱՄՆ-ի հարաբերություններն Ադրբեջանի եւ Ալիեւի հետ չեն ստացել այն ուշադրությունը, որին արժանի են։ Սակայն այդ այցը, ըստ նրա, համոզել է ամերիկյան թիմին, որ ճիշտ մոտեցման դեպքում առաջընթաց հնարավոր է։

Հայաստանի վարչապետ Փաշինյանին Ուիթքոֆը նկարագրում է որպես «պրագմատիկ եւ խիզախ առաջնորդ», որը կարող է որոշումներ կայացնել իր ժողովրդի շահերից ելնելով, նույնիսկ այն դեպքում, երբ հասկանում է, որ ժողովուրդը սկզբում կարող է այդ որոշումն այնքան էլ լավ չընդունել։

Այս երկու բնորոշումների համադրությունը պատահական չէ։ Վաշինգտոնի տեսանկյունից՝ երկու երկրների առաջնորդները ներկայացվում են որպես այն քաղաքական գործիչները, որոնք «կարողացել են դուրս գալ տասնամյակներ շարունակվող հակամարտության ավանդական տրամաբանությունից եւ ընդունել քաղաքականապես բարդ որոշումներ»։

Ուիթքոֆի գնահատմամբ՝ դիվանագետների սերունդներ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տասնամյակներ տեւած հակամարտությունը համարում էին անլուծելի, սակայն այդ միտումն ավարտվեց, երբ Թրամփը երկրորդ անգամ վերադարձավ Սպիտակ տուն։ Նրա «համարձակ առաջնորդության շնորհիվ», ըստ ամերիկացի պաշտոնյայի, Հայաստանն ու Ադրբեջանը նախաստորագրեցին խաղաղության համաձայնագիրը՝ վերջ դնելով ավելի քան 35 տարվա արյունահեղությանը։

Ուիթքոֆի տրամաբանության մեջ առանցքային է նաեւ այն, որ խնդիրը պետք էր դիտարկել ոչ թե հին բանաձեւերի, այլ գործնական խնդիրների տեսանկյունից։ Նա նշում է, որ Ադրբեջանի՝ Նախիջեւանի էքսկլավ անարգել մուտք գործելու անհրաժեշտությունը երկար ժամանակ դիտարկվել է որպես զրոյական ելքով տարածքային վեճ, մինչդեռ անհրաժեշտ էին «թարմ մտածողություն, ստեղծագործական լուծումներ եւ, ամենից առաջ, առաջնորդություն»։

Հենց այս տրամաբանությունից էլ, ըստ Ուիթքոֆի, ծնվեց TRIPP-ի հայեցակարգը։ Վաշինգտոնը Երեւանի հետ համագործակցում է Հայաստանի տարածքով անարգել, բազմամոդալ տրանսպորտային ուղիներ ստեղծելու ուղղությամբ՝ միաժամանակ, ինչպես ընդգծում է ամերիկացի պաշտոնյան, լիովին պահպանելով Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։

Ուիթքոֆը TRIPP-ը ներկայացնում է որպես ավելի լայն կիրառելի մոդել՝ նշելով, որ ակնկալվում է նախագծի ընդլայնում Կասպից ծովից այն կողմ եւ դրա հայեցակարգի զարգացում նաեւ Մերձավոր Արեւելքում։ Նրա ամփոփիչ գնահատականը նույնպես ուշագրավ է. Հարավային Կովկասն այսօր, ըստ նրա, ավելի անվտանգ, բարգավաճ եւ կայուն է, քանի որ «Թրամփը, Ալիեւը եւ Փաշինյանը նախընտրեցին արդյունքները՝ հռետորաբանության փոխարեն»։

Այսպիսով, TRIPP-ը Վաշինգտոնի կողմից ներկայացվում է ոչ միայն որպես տարածաշրջանային ենթակառուցվածքային ծրագիր, այլեւ որպես Թրամփի արտաքին քաղաքականության կոնկրետ արդյունքի օրինակ։

 

Ըստ Բաքվի՝ TRIPP-ի ֆիզիկական աշխատանքների մեկնարկը տեղափոխվել է 2027 թվական

Սեպտեմբերի 8-ին եւ 9-ին հետաքրքրական այլ զարգացում եղավ։ Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը Ադրբեջանում հանդիպեց Ադրբեջանի արտգործնախարարի տեղակալ Էլնուր Մամեդովի հետ։

Բաքվի փոխանցմամբ՝ քննարկվել են Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումը, խաղաղ գործընթացի առաջխաղացումը, երկարաժամկետ եւ կայուն խաղաղության ապահովումը, տարածաշրջանում կայունության եւ անվտանգության ամրապնդմանն ուղղված քայլերը։ Սակայն հատկապես կարեւոր է, որ կողմերը քննարկել են նաեւ TRIPP նախագծի իրականացման աշխատանքները եւ երթուղու հետ կապված ենթակառուցվածքի շինարարությունը ղեկավարող TRIPP-ի զարգացման ընկերության ստեղծումը։

Այս հանդիպումը ցույց է տալիս, որ նախագծի իրականացման փուլում Վաշինգտոնը փորձում է ապահովել ոչ միայն Երեւանի, այլեւ Բաքվի հետ սերտ համակարգում։ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հենց այդ տրամաբանությունն է ընդգծել՝ հայտարարելով, որ քանի որ TRIPP-ը «տեսլականից անցնում է իրականացման փուլ», ամերիկյան վարչակազմի առաջնահերթությունը պահանջում է տարածաշրջանային սերտ համակարգում։

Դեսպանատնից նաեւ հայտնել են, որ Երեւանում եւ Բաքվում ԱՄՆ դեսպանությունները համատեղ աշխատել են Դեյվիդ Ալենի՝ Բաքու այցի կազմակերպման ուղղությամբ՝ աջակցելու TRIPP-ի լիարժեք իրականացմանը եւ ԱՄՆ-Հայաստան շրջանակային համաձայնագրով ստանձնած հանձնառություններին։

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն իր հերթին նշել է, որ ամերիկացի գործերի հավատարմատարները կանոնավոր կերպով Ադրբեջանին տեղեկություններ են փոխանցում հայ-ամերիկյան TRIPP նախագծի մասին։ Նրա ձեւակերպմամբ՝ դա «միանգամայն բնական է», քանի որ նախագծի իրականացումն առանց Ադրբեջանի մասնակցության անհնար է։ Միաժամանակ Բայրամովը հայտնել է, որ TRIPP-ի ֆիզիկական աշխատանքների մեկնարկը տեղափոխվել է 2027 թվական։

Այս տեղեկությունը կարեւոր է նաեւ այն պատճառով, որ մինչ այդ նախագծի իրականացման ժամկետների վերաբերյալ տարբեր գնահատականներ էին հնչում։ Այժմ արդեն Ադրբեջանի ԱԳ նախարարը խոսում է հաջորդ տարվա մեկնարկի մասին, ինչը նշանակում է, որ նախագծի գործնական փուլը կարող է ավելի հստակ ժամանակացույց ստանալ։

Հիշեցնենք, Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ համատեղ ձեռնարկությունում առաջին 49 տարիներին ԱՄՆ-ի մասնաբաժինը լինելու է 74 տոկոս, Հայաստանինը՝ 26 տոկոս։ Եթե համագործակցությունը երկարաձգվի եւս 50 տարով, Հայաստանի բաժնեմասը կարող է հասնել 49 տոկոսի։

TRIPP-ը՝ տարածաշրջանային նոր տնտեսական եւ աշխարհաքաղաքականության բաղադրիչ

Բաքվում ամերիկացի դիվանագետի հանդիպումը բոլորովին էլ զարմանալի չէ։

Հայաստանը տարբեր փաստաթղթերով պարտավորվել է TRIPP-ի շրջանակում ապահովել անխոչընդոտ կապ։ Միեւնույն ժամանակ Ադրբեջանը դեռեւս հստակ չի ներկայացրել, թե ինչ պայմաններով են հայաստանցիները օգտվելու այդ հաղորդակցությունից եւ որքանով են այդ պայմանները լինելու փոխադարձ։

Այս հանգամանքը ցույց է տալիս, որ TRIPP-ի շուրջ քաղաքական համաձայնության առկայությունը դեռ չի նշանակում, որ դրա բոլոր տեխնիկական եւ քաղաքական մանրամասները վերջնականապես լուծված են։

Ավելին, նախագծի շուրջ ամերիկյան ակտիվությունը տեղի է ունենում այն պայմաններում, երբ Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացում շարունակում են պահպանվել լուրջ տարաձայնություններ։

Վերջին օրերի զարգացումների ամբողջական պատկերը թույլ է տալիս արձանագրել, որ TRIPP-ի շուրջ գործընթացը մտնում է նոր փուլ։ Սյունիք այցը ցույց տվեց, որ արդեն իրականացվում են տեխնիկական ուսումնասիրություններ, Ուիթքոֆի հոդվածը ներկայացրեց նախագիծը որպես Թրամփի վարչակազմի արտաքին քաղաքականության հաջողության օրինակ, իսկ Դեյվիդ Ալենի՝ Բաքու այցը փաստեց, որ Վաշինգտոնը նախագծի իրականացման հարցում ապահովում է Ադրբեջանի հետ անհրաժեշտ համակարգումը։

Այսպիսով, TRIPP-ը չի կարելի դիտարկել միայն որպես ճանապարհի կամ երկաթուղու կառուցման նախագիծ։ Այն փաստացի ձեւավորվում է որպես տարածաշրջանային նոր տնտեսական եւ աշխարհաքաղաքականության առանցքային բաղադրիչ։ Հայաստանի համար դրա հիմնական առավելությունը կարող է դառնալ ոչ միայն տարանցիկ դեր ստանձնելը, այլեւ Սյունիքի եւ Հայաստանի այլ համայնքների տնտեսական ակտիվության, ներդրումների եւ հաղորդակցությունների աճը։ Միեւնույն ժամանակ, Հայաստանի համար սկզբունքային նշանակություն ունի այն հանգամանքը, որ նախագծի հիմքում ամերիկյան կողմը հստակորեն ընդգծում է Հայաստանի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության պահպանումը։

Ադրբեջանի համար TRIPP-ի հիմնական շահն ակնհայտ է՝ Նախիջեւանի հետ ավելի արագ եւ արդյունավետ կապի ապահովումը։ Հետեւաբար Բաքվի շահագրգռվածությունը նախագծի արագ իրականացման հարցում բնական է։ Բայց հենց այստեղ էլ առաջանում է հավասարակշռության խնդիրը. եթե Ադրբեջանը TRIPP-ը դիտարկում է նախեւառաջ որպես իր տարածքային կապի լուծում, ապա Հայաստանի համար այն պետք է դառնա փոխադարձ տնտեսական եւ հաղորդակցական հնարավորությունների համակարգ։

Այս իմաստով հատկապես կարեւոր է, թե առաջիկայում ինչպիսի մեխանիզմներով կկարգավորվեն անվտանգության, տեխնիկական վերահսկողության եւ փոխադարձության հարցերը։ TRIPP-ի քաղաքական հաջողությունը մեծապես կախված է հենց այս մանրամասներից։

Մյուս կողմից, Վաշինգտոնի ակտիվությունը ցույց է տալիս, որ Միացյալ Նահանգները փորձում է TRIPP-ը կապել խաղաղության ավելի լայն օրակարգի հետ։ Ուիթքոֆի ձեւակերպումներում այն արդեն ներկայացվում է որպես հակամարտությունների լուծման նոր մոդել, իսկ ԱՄՆ դեսպանատունը շեշտում է, որ նախագիծը տեսլականից անցնում է իրականացման փուլ։ Հետեւաբար, Վաշինգտոնը շահագրգռված է ոչ միայն ճանապարհի կառուցմամբ, այլեւ այնպիսի քաղաքական միջավայրի պահպանմամբ, որտեղ այդ ճանապարհը հնարավոր կլինի իրականացնել։

Այստեղ էլ առաջ է գալիս գլխավոր հակասությունը։ Մի կողմից՝ TRIPP-ի իրականացման ուղղությամբ ԱՄՆ-ը, Հայաստանը եւ Ադրբեջանը ակտիվացնում են աշխատանքները, ստեղծվում են համապատասխան կառույցներ, իրականացվում են տեխնիկական ուսումնասիրություններ, քննարկվում են ենթակառուցվածքները։ Մյուս կողմից՝ խաղաղության գործընթացում Բաքվի կողմից առաջադրվող նոր պայմանները ցույց են տալիս, որ քաղաքական կարգավորումը դեռեւս չի հասել նույն մակարդակի, ինչ ենթակառուցվածքային օրակարգը։

Հետեւաբար, հարց է՝ արդյոք TRIPP-ը կկարողանա դառնալ խաղաղության գործընթացի տնտեսական հենարանը, թե՞ այն կզարգանա դրանից որոշակիորեն անկախ՝ որպես առանձին ամերիկյան տարածաշրջանային նախագիծ։

Եթե Վաշինգտոնին հաջողվի TRIPP-ի շուրջ ձեւավորել կայուն փոխադարձ շահերի համակարգ, նախագիծը կարող է դառնալ Հայաստանի համար ոչ միայն նոր տարանցիկ հնարավորություն, այլեւ տարածաշրջանում երկրի տնտեսական եւ աշխարհաքաղաքական նշանակությունը մեծացնող գործոն։ Իսկ եթե խաղաղության քաղաքական բաղադրիչը շարունակի մնալ հակասությունների մեջ՝ Բաքվի շարունակական պահանջների ներկայացմամբ, ապա TRIPP-ի իրականացումը Հայաստանի համար կարող է ընթանալ բանակցային լուրջ վտանգներով։

 

Ամփոփումը՝ վաղվա համարում։

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 15.09.26թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել