Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Գետնանցումները «զարդարված են» հայհոյանքներով ու ֆաշիստական սիմվոլիկաներով

Մայիս 28,2014 14:24

Հենդոն, Անդոն ու Գուգուշը «պատմության» մեջ թեկուզ կարճատեւ ժամանակով, բայց փորձում են իրենց անունը թողնել ոչ թե վառ երեւակայությամբ գեղեցիկ արարքներով, այլ ընդամենը գետնանցումների պատերը խզբզելով: Մայրաքաղաքի գետնանցումների պատերին ինչ գրառումներ ասես՝ չկան. սիրո խոստովանություններից մինչեւ հայհոյանքներ, «սիրուց վառված» խոսքեր, ֆաշիստական սիմվոլիկաներ, անհասկանալի պատկերներ ու հեռախոսահամարներ, որոնց կողքին գրված է՝ «զանգի, չես փոշմանի»:
«Նման բաներ գրվում են օրվա այն ժամերին, երբ մարդաշատ չէ, օրը ցերեկով չենք տեսնի, որ մարդկանց ներկայությամբ վատ բաներ են գրում, այսինքն՝ արվում է այն պահերին, երբ մարդն իրեն մենակ է զգում, իսկ եթե մարդը իրեն զգում է մենակ եւ չվերահսկվող, նա կարող է ելք տալ իր ամենատարբեր ցանկություններին եւ մտքերին եւ այդպիսի հետքեր թողնել»,- «Առավոտի» հետ զրույցում հոգեբան Կարինե Նալչաջյանն այսպես մեկնաբանեց գետնանցումների գրառումների դրդապատճառները՝ ավելացնելով, որ այդ քայլերը բնորոշ են դեռահասներին եւ անցումային շրջանում գտնվողներին:

getnancum_4 getnancum_3 getnancum_1 getnancum_5

Հոգեբանի դիտարկմամբ՝ դաստիարակության, արժեքների խնդիր էլ կա, որ տվյալ անձը պիտի հասկանա՝ հանրային վայրերում անձնական բնույթի արտահայտություններ չի կարելի անել. «Իրենց մտածողության, մտքի թռիչքի չափով մի բան գրում են՝ այն դեպքում, երբ զգում են, որ իրենք չեն վերահսկվում: Երբեմն մարդը կարող է տհաճ, տգեղ, ագրեսիվ, ցածր բան անել ու հրճվանք ապրել՝ կարծես թե հերոսություն է արել: Սա ինքնաարտահայտման որոշակի ձեւ է, սա հոգեպես հասունանալու ձեւ չէ, ներսում տգեղ բաներ են կուտակված, այդպես է արտահայտվում ու կուտակված բացասական էներգիայից ազատվում է»:

Հոգեբանի վստահեցմամբ՝ եթե իմանա, որ հսկողություն կա, ու պատասխանատվություն է կրելու դրա համար, նա չի գնա նման քայլերի:

Շրջելով որոշ գետնանցումներով՝ նկատեցինք հիմնականում հայհոյախառն արտահայտություններ, եւ գրեթե բոլոր գետնանցումներում ակնհայտ էր, որ մարդիկ իրենց բնական կարիքներն այստեղ են հոգում, եւ միայն մեկ գետնանցում էր փուչիկներով ու բնապատկերներով զարդարված, բայց նույնիսկ այս «զարդարանքները» գարշահոտությունը չեն «կոծկում»:

Գետնանցումների վերահսկողությունն ու մաքրության համար պատասխանատվությունը Երեւանի քաղաքապետարանինն է: «Անընդհատ մաքրում ենք, բայց էլի նման տգեղ գրառումներ են անում: Այն գետնանցումները, որոնք վարձակալությամբ են տրված, նման գրառումներ չկան, որովհետեւ վարձակալողը նաեւ վերահսկողության մեխանիզմներ ունի. պահակ կա, տեսախցիկներ կան»:

Հանրային վայրերում հայհոյանքներ գրելու համար նախատեսված է վարչական պատասխանատվություն: Իսկ թե երբեւէ ոստիկանությունը բացահայտե՞լ է գետնանցումները «այլանդակողներին» եւ արդյոք պատասխանատվության ենթարկե՞լ է, ոստիկանությունից խոստացան պատասխանել առաջիկայում:

Ուշագրավ է, որ պատերին որոշ գրառումների փորձեր ոստիկանությունը նույնիսկ նախապես է բացահայտել ու կանխել այդ քայլերը, բայց դա այն եզակի դեպքն է, երբ խոսքը ՀՀ առաջին դեմքին է վերաբերում: Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարի 10-ին ոստիկանությունը Հայ ազգային կոնգրեսի 10 ակտիվիստի բերման է ենթարկել՝ մարտի 1-ի հանրահավաքի մասին իրազեկող գործունեության համար. ըստ լուրերի՝ ակտիվիստները մտադիր էին մայրաքաղաքի պատերին դաջել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նկարը՝ «Պետական դավաճան» գրությամբ:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

Նկարներում՝
«Հաղթանակ» զբոսայգու եւ Մաշտոցի պողոտայի գետնանցումները

«Առավոտ» օրաթերթ

27.05.2014

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031