Լրահոս
Օրվա լրահոսը

Բնապահպան. Դիրքորոշում ունենք՝ չդիմել գոյություն չունեցող մարմիններին

Հունիս 04,2014 13:42

«Արժեքային լուրջ ճգնաժամը ճգնաժամ է բերել շատ տարբեր ոլորտներում, բնությունը, բնապահպանությունը դրանից անմասն չի մնացել»,- այսօր՝ հունիսի 4-ին, «Տեսակետ» մամուլի ակումբում, լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց Համահայկական բնապահպանական ճակատի համակարգող խորհրդի անդամ Աննա Աղլամազյանը:

Նրա խոսքերով՝ բնապահպանական խնդիրները բավականին լուրջ են, եւ դրանք մեկ օրվա խնդիրներ չեն եւ մեկ օրում չեն առաջացել: Աննա Աղլամազյանը նշեց, որ Համահայկական բնապահպանական ճակատը կենտրոնացել է հանքարդյունաբերական ոլորտի վրա եւ նույնիսկ այդ մասին ֆիլմ են նկարահանել՝ «Հայաստանի կոտրվող ողնաշարը». «Հատկապես աղետալի վիճակում է Սյունիքի մարզը, այնտեղ 11 շահագործվող մետաղական հանքեր կան եւ սպասվում են եւս 28-ը, արդեն կան 11 մեռյալ գոտիներ պոչամբարների տեսքով, որոնք դժվար թե երբեւէ վերականգնվեն, եւ սա ընդամենը 4600 կմ2 տարածքում»:

«Հանուն մարդկային կայուն զարգացման» հասարակական կազմակերպության ղեկավար Կարինե Դանիելյանը նշեց, որ բնապահպանական խնդիրներն առանձին խնդիրներ չեն, այլ համակարգային մոտեցում եւ նույնիսկ քաղաքականություն են: Նրա խոսքերով՝ Սովետական միության փլուզումից հետո, երբ Հայաստանը անկախացավ, միջազգային ֆինանսական կառույցները սկսեցին ղեկավարել երկրի այդ անցումային փուլը: Դրա նպատակը, ըստ նրա, Հայաստանը իջեցնել հումքային կցորդ երկրի մակարդակի.
«Այստեղ զուգակցվեց այն մարդկանց կամքը երկրի ներսում, որոնք ուզեցին, ինչ ճանապարհով, որ ուզում է լինի, արագ փող վաստակել, եւ մեր երկրների մեծ քաղաքական ուղղվածությունը իջեցնել հումքային մակարդակի: Արդյունքում ստացանք ինչ-որ ունենք եւ հիմա պետք է քայլ առ քայլ այդ իրավիճակից դուրս գալ»:

Տիկին Դանիելյանը համարում է, որ պատմամշակութային արժեքների պահպանումը բնապահպանության ոլորտի է, եւ այդ առումով համարում է, որ Երեւանը որոշել է իր պատմությունից հեռանալ. «Չկա այդպիսի մի քաղաք, որտեղ կենտրոնը, որը պատմամշակութային ժառանգության կենտրոն է հանդիսանում, չի պահպանվում եւ դառնում է բիզնես -կենտրոն, իսկ մեզանում այդ գործընթացն է գնում՝ մենք հերթով կորցնում ենք մեր Երեւանի պատմությունը, եւ վաղը նույն ադրբեջանցիները հանգիստ կարող են ասել՝ «այստեղ Ադրբեջան է եղել, եկել այս բարձրահարկ շենքերը դրել են»:

Այն հարցին, թե Համահայկական բնապահպանական ճակատը համագործակցո՞ւմ է բնապահպանության նախարարության հետ, Աննա Աղլամազյանը պատասխանեց, որ վաղուց իրենք բնապահպանության նախարարությանն անվանել են բնավիրության նախարարություն. «Մեր գրասենյակում ունենալով փաստաթղթերի խուրձ, որոնք ուղղվել են տարբեր պետական մարմիններին եւ այդպես էլ մնացել են դարակներում, դրանից հետո ունենք դիրքորոշում՝ որեւէ կերպ չդիմել այն մարմիններին, որոնք գոյություն չունեն եւ ոչնչով զբաղված չեն»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30