Լրահոս
Օրվա լրահոսը

Բարեգործական համերգ՝ ՄԻԱՀ-ով ապրող երեխաների համար

Հունիս 04,2014 16:22

Հունիսի 3-ին Ա. Բաբաջանյանի անվան ֆիլհարմոնիայի փոքր դահլիճում տեղի ունեցավ բարեգործական համերգ՝ «Նվիրիր հույս ՄԻԱՀ-ով ապրող երեխաներին» խորագրով:

Համերգին ներկա էր ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը:

5018p

Համերգը կազմակերպել էր ԱՀԹ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միությունը: Համերգի ողջ հասույթը կտրամադրվի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդ երեխաների խնամքով զբաղվող ԱՀԹ «Ցերեկային կենտրոն»-ի ծրագրերին:
Տ. Նավասարդ Սրբազանը համերգը բացեց Տերունական աղոթքով: Ապա իր խորին շնորհակալությունը հայտնեց բոլորին, ովքեր աջակցել էին համերգի կազմակերպմանը և դիմելով ներկաներին՝ ի մասնավորի ասաց.
«Ցանկանում ենք մեր խոսքը սկսել երջանկահիշատակ Գարեգին Ա Հայրապետի բառերով՝ «ՎԱՂՎԱ ՀՈՒՅՍԸ ԼՈՒՅՍՆ Է ՄԵՐ ԱՅՍՕՐՎԱ»: Մենք այսօր միաբանվել ենք հոգեհարազատության անսահման զգացումով և յուրայինի ցավը կիսելու ներքին մղումով: Մենք միասիրտ ենք և միակամ մի վեհ առաքելությամբ, որ կոչվում է հայ քրիստոնյա, ասել է, թե՝ քրիստոնյա՝ հայի տեսակով:

Կյանքում, որպես կանոն, ցավն ու փորձություններն են մեզ ամենից շատ ստիպում դառնալ դեպի Աստված, Ում գոյությունն ու ներկայությունը դառնում են մեր հոգու երջանկության և աստվածային մտածումի աղբյուրը, ցավի հանդեպ հաղթանակ տանելու ուժը:

Տառապանքը մեզ համար կարող է դառնալ մաքրագործում, երկնքի հետ կապող հավերժական կամուրջ, հոգևոր և մարդկային ճշմարիտ արժեքների վերարժևորման առիթ: Եվ, վերջապես, տառապանքի փորձը մեզ սովորեցնում է հասկանալ անանց երջանկության և անցողիկ հաճույքի տարբերությունը: Հիսուս կամավորապես հանձն առավ ամենամեծ տառապանքը՝ խաչի մահը, որով կիսեց նաև մարդկության ճակատագիրը. ապրեց լքվածության ցավալի փորձությունը և խոնարհվելով Հայր Աստծո կամքի առջև՝ Հարության զորությամբ հաղթեց մահվանն ու աշխարհին: Ապա համբարձվելուց առաջ իր սիրելիներին գոտեպնդելով՝ ասաց. «Եվ ահա ես ձեզ հետ եմ բոլոր օրերում՝ մինչև աշխարհի վախճանը» (Մատթ. ԻԸ 20): Բաղձալի իրողություն, երանական փափագ՝ քրիստոնյաներիս համար:
Աստծո համար թանկ ու սիրելի ենք ամենքս, առավելապես՝ երեխաները, քանզի երբ Նրա մոտ եկող մանուկներին հեռացնում էին, Հիսուս ասաց. «Թույլ տվեք այդ մանուկներին և մի՛ արգելեք, որ նրանք ինձ մոտ գան, որովհետև երկնքի արքայությունը այդպիսիներինն է» (Մատթ. ԺԹ 14): Մանուկներին է խոստացված Երկնքի առաջին ժառանգորդները լինելու շնորհը՝ նրանց անմիջականության, պարզության և անմեղության համար: Մանուկներին է տրված նաև երկրի վրա առավել սիրված լինելու պատիվը. նրանք մեր կյանքի հրաշալիքներն են, քնքուշ ծաղիկները, որ հանապազ հոգածության և սիրո կարիք ունեն: Մենք ամեն օր անձանձիր աղոթում ենք նրանց պահպանության, երջանիկ ու անհոգ մանկության և խանդավառ օրերի համար:

Այսօր մեզ միաբանել են Հավատքի անսասանությունը, Սիրո ուժը և Բարու հաղթանակը: Մենք որդեգիրն ենք Ողորմածության և Գթասրտության, սերմնացանները՝ Աստվածային Խոսքի ու Երկնային Արքայության: Օրհնյալ զավակներն ենք մենք Հայոց Սուրբ Եկեղեցու ու պիտի «կառչած մնանք մեր հավատքի նավին: Կայմը՝ Հավատքը, պինդ բռնենք, Հույսը՝ որպես առագաստ պարզենք, Սերը՝ որպես ղեկ շարժենք և այսպես քայլենք առաջ, կողք կողքի, սիրտ սրտի, որպես մեկ ազգ, մեկ եկեղեցի» (Գարեգին Ա):
Եկեք աղոթենք միասնաբար, որ Աստված շնորհի մեզ այս երկնային մտածումը: Թող մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի Ամենախնամ Աջը խաղաղ պահի Հայոց երկնակամարը, զորացնի մեզ՝ Իր եկեղեցու զինվորներին, որպեսզի հաղթանակած դուրս գանք տեսակ-տեսակ փորձությունների միջից ու փառավորենք Բարեգութ Աստծուն այժմ և հավիտյաններում: Ամեն:»

Համերգին մասնակցում էին «Հովեր» պետական կամերային երգչախումբը (խմբավար՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սոնա Հովհաննիսյան), ԱՀԹ «Ծաղկազարդ» համախումբը (խմբավար՝ Լիլիթ Գրիգորյան), ԱՀԹ առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու երիտասարդաց միության «Արարատ» երգչախումբը (խմբավար՝ Գրիգոր Հարությունյան), «Գեղարդ» երգեցիկ խումբը (գեղարվեստական ղեկավար՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Մհեր Նավոյան, խմբավար՝ Անահիտ Պապայան), Մայիլյան երգարվեստի կենտրոնը (խմբավար՝ ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Մայիլյան), ԱՀԹ Ս. Երրորդություն եկեղեցու երգչախումբը (խմբավար՝ Անուշ Հարությունյան), ԱՀԹ «Զանգակներ» խումբը (գեղարվեստական ղեկավար և խմբավար՝ Շահէ Քեշիշեան) և Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Նորայր Դավթյան), «Փարոս» կամերային երգչախումբը (խմբավար՝ Րաֆֆի Միքայելյան):

Արարատյան Հայրապետական թեմի մամլո դիվան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30