Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Տեր-Պետրոսյան. Հայաստանի կործանման Սերժ Սարգսյանի ճանապարհային քարտեզը. ilur.am

Հունիս 05,2014 11:52

Խնդրո առարկա քարտեզն արտացոլված է Սերժ Սարգսյանի վերջին շրջանում ունեցած մի քանի «ծրագրային» ելույթներում (10.04.2014; 13.04.2014; 24.05.2014; 27.05.2014; 29.05.2014; 31.05.2014)։ Որքան էլ ամբոխահաճ կամ պոպուլիստական, որքան էլ չհամակարգված, դրանցում ըստ էության շոշափվում են հետեւյալ չորս հիմնական թեմաները` ա. նորանշանակ կառավարության առջեւ դրված խնդիրները, բ. Մաքսային (Եւրասիական) միությանն անդամակցության գործընթացը, գ. Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին նվիրված միջոցառումները եւ դ. Սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտության հիմնավորումը։ Ստորեւ, առանց մանրամասների մեջ մտնելու, ես կփորձեմ առանձին-առանձին անդրադառնալ այս չորս թեմաներից յուրաքանչյուրին` խնդիր դնելով ոչ թե սոսկ մեկնաբանել Սերժ Սարգսյանի արտահայտած արտառոց մտքերն ու դատողությունները, այլ քողազերծել դրանցով պարուրված նրա բուն մտադրություններն ու հետապնդած նպատակները։ Եւ այսպես.

ա. Նորանշանակ կառավարության առջեւ դրված խնդիրները

Այս թեմայի վերաբերյալ Սերժ Սարգսյանի արտահայտած բնորոշ մտքերից ես կառանձնացնեի հետեւյալ երեքը.
1. «Հովիկ Աբրահամյանն իր անցած ուղիով, Հայաստանի Հանրապետական կուսակցության մեջ ստանձնած դերակատարությամբ, իր փորձով եւ կազմակերպչական ունակություններով, իրոք, կարող է լավագույնս առաջնորդել ՀՀ կառավարությունը» (13.04.2014)։ Եթե տվյալ գնահատականը հումորով չի հնչեցված, ապա այն լիակատար արհամարհանք է սեփական ժողովրդի նկատմամբ, որի մեծամասնությունը ակնհայտորեն բոլորովին հակառակ կարծիք ունի Հովիկ Աբրահամյանի վերաբերյալ, չխոսած այլեւս վերջինիս միջազգային համբավի մասին, որը պարզապես սպանիչ է։ Հայաստանում պաշտոնավարած ամերիկյան դիվանագետների զեկուցագրերը եւ ռուսական մամուլը այնպիսի անվայելուչ որակումներով են բնութագրում Աբրահամյանին, որ ես ինձ նվաստացած կզգամ, եթե այստեղ կրկնեմ իմ երկրի վարչապետին հասցեագրված այդ որակումները։ Ցանկացողները դրանց կարող են ծանոթանալ «Ի լուր» կայքի «Հովիկ Աբրահամյանի իմիջը Ամերիկայի Միացյալ Նահանգներում» (iLur.am. 28.04.2014) եւ «Հովիկ Աբրահամյանի իմիջը Ռուսաստանում» (iLur.am. 06.05.2014) վերնագրերը կրող հրապարակումներում։ Մի խոսքով, Հովիկ Աբրահամյանին որպես հրեշտակ ներկայացնելու Սերժ Սարգսյանի ջանքերը, համոզիչ չլինելուց առավել, միայն ծիծաղ կարող են առաջացնել։

2. «Կառավարության աշխատանքները կազմակերպվելու են ձեռքբերված հաջողությունները ներկայացնելու եւ դրանց վրա հիմնվելով առաջ գնալու, այլ ոչ թե նախկին կառավարությանը պախարակելու ճանապարհով» (13.04.2014)։ Ինչպես արդեն նկատել են լրագրողներից ու վերլուծաբաններից շատերը, սույն հրահանգով Սերժ Սարգսյանը Հովիկ Աբրահամյանին խստիվ արգելում է բացահայտել Տիգրան Սարգսյանի գլխավորած նախորդ կառավարության թերացումները, չարաշահումներն ու ապօրինությունները։ Որքան էլ արտառոց, բայց մեր իրականության մեջ այսպիսի հրահանգի արձակումը միանգամայն հասկանալի է, քանի որ նման բացահայտումների պարագայում Սերժ Սարգսյանը ստիպված է լինելու մի կողմից արդարանալ, թե ինչպես է վեց տարի շարունակ հանդուրժել այդ ամենը, իսկ մյուս կողմից` փարատել կառավարության թերացումներին, չարաշահումներին ու ապօրինություններին իր տեղյակ կամ մասնակից լինելու վերաբերյալ բնականաբար ծագելիք կասկածները։

3. «Կառավարության ծրագիրն … ուղղված է սկսված բարեփոխումները շարունակելուն, արտադրողի, ստեղծողի, գյուղացու կողքին ամուր կանգնելուն, փոքր ու միջին բիզնեսի զարգացմանը նոր լիցք հաղորդելուն եւ արդար աշխատանքը խրախուսելուն։ … Պարոն Հովիկ Աբրահամյանն իր փորձով, կառավարման ունակություններով, աշխատաոճով արդեն հասցրել է բավականին դրական սպասումներ ձեւավորել կառավարության գործունեության հանդեպ» (24.05.2014)։ Թե հիրավի՞ «Աբրահամյանը դրական սպասումներ է ձեւավորել կառավարության գործունեության հանդեպ», դա միայն Սերժ Սարգսյանին է հայտնի, բայց որ Աբրահամյանի «ծրագիրն» ամենեւին ուղղված չէ «արտադրողի, ստեղծողի, գյուղացու կողքին ամուր կանգնելուն, փոքր ու միջին բիզնեսի զարգացմանը նոր լիցք հաղորդելուն եւ այլն», երեւում է վերջինիս կատարած առաջին իսկ գործնական քայլերից։ Ընդամենը պաշտոնավարման մեկամսյա ընթացքում Աբրահամյանը օրենսդրական փոփոխությունների ու կառավարական որոշումների միջոցով կատարել է հետեւյալ դարակազմիկ «բարեփոխումները».

– Միաձուլել է ֆինանսների նախարարությունն ու Պետեկամուտների կոմիտեն, ինչը թե՛ տեղական, թե՛ միջազգային փորձագետների տեսակետից՝ շահերի ակնհայտ բախում եւ հսկայական կոռուպցիոն ռիսկեր է պարունակում.

– Վերացրել է շքեղության հարկը, ինչից բնականաբար օգտվելու են ոչ թե փոքր ու միջին ձեռնարկատերերը, այլ բացառապես մեծահարուստ գործարարներն ու կոռումպացված պաշտոնյաները.

– Խոշոր ձեռնարկատերերին ազատել է պարտադիր աուդիտի անցկացման պարտավորությունից` դրանով խորացնելով տնտեսության ստվերայնությունը.
– 800 մլն դրամի արտոնյալ վարկ է տրամադրել Սերժ Սարգսյանի մերձավոր շրջապատին պատկանող «Միկշին» ընկերությանը, որը նաեւ, այսպես կոչված, կարմիր գծերի սեփականատերն է.

– Երեք տարով հետաձգել է Սերժ Սարգսյանի խորհրդականներից մեկի «Արմյանսկի ուրոժայ» ընկերության կողմից ԱԱՀ-ի վճարումը, որի հետեւանքով պետական բյուջեն զրկվում է 732 մլն դրամի հարկային եկամուտից.

– Եւ վերջապես, զավեշտի ժանրից, շրջանառության մեջ է դրել Կուտակային կենսաթոշակային հիմնադրամի «պարտադիր, բայց ոչ պարտադրված» լինելուն վերաբերող իդիոտիզմը։

Ինչեւէ, բոլորի համար ակնհայտ ու հասկանալի է, որ Սերժ Սարգսյանը Հովիկ Աբրահամյանին վարչապետ է նշանակել ոչ ամենեւին նրա որակներն ու արժանիքները հաշվի առնելով, այլ երկրի թալանը ավելի մեծ թափով շարունակելու, ապագա ընտրություններն ու հնարավոր սահմանադրական հանրաքվեն կեղծելու եւ Գագիկ Ծառուկյանի ու ԲՀԿ-ի ձեռքերը կապելու նկատառումներով։ Թալանի եւ ընտրակեղծարարության մասով Սարգսյանը կարող է ոչ մի մտավախություն չունենալ, որովհետեւ այդ գործերի կազմակերպման համար Աբրահամյանից ավելի հարմար թեկնածու դժվար թե գտներ։ Ինչ վերաբերում է երրորդ նկատառմանը, ապա այստեղ Սերժի սպասումը չարդարացավ, քանի որ Ծառուկյանը հրաժարվեց կոալիցիա ձեւավորել ՀՀԿ-ի հետ, թեեւ համաձայնելու պարագայում ԲՀԿ-ն կարող էր ստանալ 7–8 նախարարի եւ 4–5 մարզպետի պաշտոն։ Չհաջողելով այս հարցում, վստահաբար, Սերժ Սարգսյանը փորձելու է Ծառուկյանին ներքաշել համագործակցության մի այլ դաշտ` նրան մասնակից դարձնելով Սահմանադրական փոփոխությունների գործընթացին, ինչի մասին ստորեւ։

բ. Մաքսային (Եւրասիական) միությանն անդամակցության գործընթացը

Մայիսի 29-ին, Աստանայում կայացած Եւրասիական միության գագաթնաժողովի ժամանակ, Սերժ Սարգսյանը հանդես եկավ հետեւյալ հայտարարությամբ. «Պետությունների հարգելի ղեկավարներ …, հաշվի առնելով, որ մնացել է 2–3 հարցի մշակում, որոնց ուղղությամբ փորձագիտական մակարդակով արդեն նախանշվել են փոխընդունելի որոշումներ, խնդրում եմ հաստատել մինչեւ ընթացիկ տարվա հունիսի 15-ը Եւրասիական տնտեսական միության վերաբերյալ պայմանագրին Հայաստանի Հանրապետության միանալու վերաբերյալ պայմանագրի ստորագրման ժամկետը։ Հասկանալով, որ ժամկետը շատ սեղմ է, ձեր պատրաստակամության դեպքում, վստահ եմ, որ 2–3 օրվա ընթացքում մենք կկարողանանք գտնել փոխընդունելի որոշումներ, որոնք կբավարարեն մեզ եւ մեր գործընկերներին»։ Եթե «խնդրում եմ» բառի կողքին Սարգսյանը դներ նաեւ «աղերսում եմ, պաղատում եմ, աղաչում եմ, թախանձում եմ» հոմանիշները, ապա նրա ստորաքարշության, փութաջանության եւ շտապողականության պատկերը լիակատար կդառնար։ Ինչո՞վ բացատրել այս փութաջանությունն ու շտապողականությունը, ինչն ապշեցուցիչ է մանավանդ Կիրգիզստանի ղեկավարության որդեգրած զուսպ, արժանապատիվ եւ անփութկոտ դիրքորոշման համեմատությամբ։
Այս հարցին ես անդրադարձել եմ դեռեւս ս.թ. մարտի 1-ի իմ ելույթում, որից մի հատված, հիշեցման կարգով, ներկայացնում եմ ընթերցողի ուշադրությանը. «Չորս տարի շարունակ Եւրոասոցացման ճանապարհով խրոխտաբար ընթացող Հայաստանի իշխանությունները… այսօր այնքան երդվյալ ռուսամետ ու Մաքսային միության ջատագով են դարձել, որ իրենց անսահմանորեն շոյված են զգում, երբ ռուս պաշտոնյաները ոչ միայն զարմանում, այլ նաեւ հիանում են իրենց փութաջանությամբ, ինչպես նախկինում շոյվում էին Արեւմուտքի շռայլած գովեստներից։ Հայաստանի իշխանությունների այս ակնթարթային կերպարանափոխությունը, գավառամտության արտահայտություն լինելուց առավել, բացատրվում է այն պարզ իրողությամբ, որ եթե առաջ նրանք համարում էին, որ իրենց օրինակարգության (լեգիտիմության) ճանաչումը կախված է Արեւմուտքից, ապա այսուհետեւ այն կախված է լինելու Ռուսաստանից։ Բայց սա, եթե կուզեք, սոսկ հարցի բարոյական կողմն է, որը նույնիսկ կարելի է զանց առնել։ Սրանից շատ ավելի կարեւոր է, անշուշտ, հարցի մյուս` քաղաքական կողմը։ Խոսքը բոլորովին չի վերաբերում Եւրոմիության եւ Ռուսաստանի միջեւ կատարված ընտրությունը դրական կամ բացասական գնահատելուն, այլ այն նվաստացուցիչ ու վտանգավոր հանգամանքին, որ Հայաստանը Մաքսային միություն է մտնում ոչ թե իրավահավասար գործընկերոջ, այլ ձայնազուրկ հպատակի կարգավիճակով»։

Սերժ Սարգսյանն, ըստ այդմ, պատրաստ է ցանկացած զիջման, պատրաստ է առանց առարկությունների ընդունել Ռուսաստանի կողմից առաջարկված ցանկացած փաստաթուղթ, պատրաստ է ենթարկվել ցանկացած նվաստացման`հնարավորինս արագ Եւրասիական միությանն անդամագրվելու եւ նախագահ Պուտինի բարյացակամությանն արժանանալու համար։ Նա լռելյայն կուլ տվեց գազի ստրկացուցիչ պայմանագիրը, շաբաթների ընթացքում ընդունեց Մաքսային միությանը միանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը, այդ միության շրջանակներում բազմիցս արժանացավ նվաստացումների, որոնցից վերջինը Ղարաբաղի կապակցությամբ Նազարբաեւի կողմից Աստանայում արված հայտարարությունն էր։ Սերժ Սարգսյանն այդ հայտարարությունից ուղղակի անակնկալի եկավ ու Նազարբաեւին չպատասխանեց, թեեւ Հայաստանի պատասխանը վաղուց պետք է պատրաստ լիներ, քանի որ այդ հարցը նորություն չէր` նույն Նազարբաեւի եւ Լուկաշենկոյի կողմից բարձրացված լինելով դեռեւս 2013թ. հոկտեմբերի 25-ին, Մաքսային միության Մինսկում տեղի ունեցած գագաթնաժողովում։ Սարգսյանն իր կրած նվաստացումն ավելի խորացրեց եւ արդեն ծիծաղելի դրության մեջ ընկավ, երբ Աստանայից երկու օր անց, հեռու-հեռվից (Ծաղկաձորից) հոխորտաց Նազարբաեւի դեմ` նրա հայտարարությունը գնահատելով «տհաճ» եւ «սխալ» բառերով (31.05.2014), ինչի մասին այդպես էլ չհամարձակվեց բարձրաձայնել հենց տեղում։ Թեեւ ցավալի է, բայց պետք է համակերպվել այն իրողությանը, որ քանի դեռ Հայաստանում իշխանության գլուխ է Սերժ Սարգսյանի ղեկավարած ավազակախումբը, մեր երկիրն այսուհետեւ եւս պարբերաբար ենթարկվելու է այսպիսի նվաստացումների։ Որքան էլ անախորժ, այնուամենայնիվ՝ նվաստացումներից շատ ավելի մտահոգիչ է այն հանգամանքը, որ Եւրասիական միության շրջանակներում Ղարաբաղյան խնդրի նման տիպի արծարծումը հօդս է ցնդեցնում Սերժ Սարգսյանի այն պնդումը, թե իբր Հայաստանի անդամակցումը Մաքսային միությանը թելադրված է եղել բացառապես Ղարաբաղի անվտանգության նկատառումով, ինչը, սակայն, առանձին քննության առարկա է եւ դուրս է այս հոդվածի շրջանակից։

Նյութի մանրամասները կարդացեք ilur.am-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30