Լրահոս
Օրվա լրահոսը

«Ֆիլմի գումարը մատաղի նման հավաքել ենք»

Հունիս 07,2014 13:58

«Սպիտակ գառան երազը» կարճամետրաժ ֆիլմը նորաստեղծ «Արեւ ֆիլմ» ստուդիայի առաջին աշխատանքներից է: Այն նկարահանվել է ընդամենը չորս օրում, թեեւ ստուդիայի հիմնադիր, ֆիլմի ռեժիսոր եւ սցենարի հեղինակ Հրանտ Վարդանյանի հավաստմամբ՝ ավելի երկար էին պատրաստվել: Նա սիրով համաձայնեց պատասխանել մեր հարցերին:

– Կներկայացնե՞ք ստեղծագործական անձնակազմը, ո՞ւմ շնորհիվ է ստեղծվել այս ֆիլմը:

– Այս փոքրիկ ֆիլմում ընդգրկված են հայտնի դերասաններ, բոլորն էլ էպիզոդիկ դերերում են: Ֆիլմի օպերատորն է Վահագն Տեր-Հակոբյանը, պրոդյուսերներն ենք ես եւ Արամոն, որն էլ նաեւ գլխավոր դերակատարն է: Որպես կինո` «Սպիտակ գառան երազը» ինձ համար ֆիլմային առաջին էքսպերիմենտս է: Այն գրոտեսկային տրագի-ֆարս է՝ գառան երազի մասին: Գառը տեսնում է, թե ինչպես է զոհաբերության պահին հովիվը հայտնվում եւ փրկում իր կյանքը: Ֆիլմում այդ պահից սկսած՝ ամբողջ աշխարհը պտտվում է սպիտակ գառան շուրջը, բոլոր լրատվամիջոցները, մարդիկ հետաքրքրված են նրա առողջական վիճակով: Իրականում գառն այստեղ ոչ մի կապ չունի` դա իմ երեւակայության արդյունքն է եւ իմ կարծիքը՝ զոհաբերության մասին ընդհանրապես: Դեմ եմ ամեն տեսակ զոհաբերությանը, թերեւս, բացի ինքնազոհողությունից…

film

– Ֆիլմում մատչելի լեզվով երկխոսություններ գրեթե չկան: Ինչի՞ մասին են խոսում հերոսները՝ արտաբերելով «բեբե» բառը:

– «Բեբե» անվանեցինք ֆիլմի փոքրիկ հերոսին` մեր գառանը: Հատուկ ընտրեցինք այդ ձեւը, որ խոսք չլինի, որովհետեւ կինեմատոգրաֆը ինձ համար առաջին հերթին գործողություն է՝ «էքշըն»: Տվյալ պարագայում խոսքը էական չէ: Ի վերջո, դա գառան երազ է, իսկ գառը մարդկային լեզուն չի հասկանում եւ մարդկային լեզուն իր համար ուղղակի «բեբե» է: Նշեմ, որ մեզ հետ ֆիլմում աշխատեց հատուկ մասնագետ` անասնաբույժ: Նա ֆերմա ուներ, եւ ֆիլմից հետո մենք նրան նվիրեցինք Բեբե գառնուկին: Ի դեպ, Բեբեն մենակ չէր: Մենք քաստինգ էինք անցկացրել, Բեբեն դուբլյոր ուներ: Ինձ համար կարեւոր էր գառան ճերմակությունը, որը խորհուրդ ունի: Ցավոք, ընդհանրապես զոհաբերում են սպիտակին` մաքուրին, թանկին: Մի քանի մարզ ենք գնացել ու ընտրել ենք Բեբեին: Եվ փոխարինող էլ էր հարկավոր կենդանուն, քանի որ տեսարաններ կային, որտեղ հատուկ չափաբաժնով քնաբեր էինք տալիս գառանը՝ բժիշկն էր դրանով զբաղվում, նա շշմած էր լինում եւ մյուսն էր շարունակում նկարահանումները: Եվ մի գաղտնիք էլ կա. որպեսզի գառնուկը վազեր մեր ցանկացած ուղղությամբ, մենք այդ կողմում կապում էինք նրա մորը: Նման հնարքներով էինք փորձում իրականացնել նկարահանումը: Ընդհանրապես երեխաների եւ կենդանիների նախագծերը եւ թանկ են, եւ բարդ: Եթե մնացած դեպքերում խորհրդային կինեմատոգրաֆում միջին ստանդարտը 3-4 դուբլ էր, կենդանու եւ երեխայի հետ` 10-12 էր…Այնուամենայնիվ, երեխաների եւ կենդանիների հետ դժվար, բայց հետաքրքիր ու հաճելի է աշխատել: Նկարահանումների վերջում մենք զգացինք, որ Բեբեն արդեն հասկանում էր մեր թելադրածը, պարզվեց, որ նա նաեւ տաղանդավոր է եւ կարելի է միայն իրեն բերել հրապարակ:

– Ինչպե՞ս Արամոն միացավ ֆիլմի ստեղծմանը եւ որոշեց խաղալ գլխավոր դերը:

– Արամոն ոչ միայն լավ երգիչ է, այլեւ տաղանդավոր դերասան, ունի համապատասխան կրթություն: Բեբեի պատմությունը վաղուց ունեի իմ գլխում, պատմեցի Արամոյին եւ միասին որոշեցինք իրականացնել ֆիլմը: Ֆինանսականի մասին էլ ասեմ: Ընդհանրապես մատաղ անելիս մեզ մոտ ընդունված է դռնեդուռ ընկնել եւ փող հավաքել, մատաղն էլ բաժանել: Մենք Արամոյի հետ ֆիլմի գումարը հավաքել ենք մեր ընկերներից: Բոլորից շնորհակալ ենք: Մատաղի մասին ֆիլմը նկարել ենք եւ հիմա պիտի այն բաժանենք հանդիսատեսին:

Զրուցեց
ՎԻԿՏՈՐՅԱ ՓՈՇՈՏՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
06.06.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30